среда, 27 апреля 2022 г.

 ՉՀԱՍԿԱՑՎԱԾ  ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեն ու բոլ աշխարհ էր տատիս բակը, որ մեր բակին կպած էր: Փոքր հորեղբորս տունն էր տատիս տունը: Մեծ հորեղբորս բակն էլ էր մեր բակին կպած, միայն թե մյուս կողմից: Մեր բակն ու տունը երկուսի մեջտեղում էին: Տատիս տունն ու բակը  <մեր ու ձեր>  չանող երկինք ուներ: Տատիս բակի հողամասի միջով մի մեքենայի ճամփա էր թողած մինչև դռան առաջը` ձմեռվա քարածուխը բեռնատար մեքենայով բերում, թափում էին տան շեմին մոտիկ: Տարվա մեջ մեկ - երկու անգամ էր պատահում բեռնատար մեքենայի երթևեկը, մեկ էլ ձմեռնամուտին մերոնք սառած ձեռքները փչելով կաղամբ էին բարձում <հեռու դրսերում>   վաճառելու համար: Բեռնատարի համար թողած ճանապարհը ամռանը խոտածածկ էր, երկու կողմերից մշակված   հողամասն էր տատիս ու պտղատու ծառերը` խնձորենի, տանձենի, գիլասի, քոլի տանձի, ընկուզենի, հաղարջ… իր կամքին փթթող խոտածածկ ճանապարհը  իմ հեքիաթային աշխարհն էր: Խաղում էի կանաչներում, անուններ տալով եղած բույսերին` ճնճղապաշարը ուտելի էր, խնձորիկը վարդագույն գլխիկ ուներ, սպիտակ գլխիկովն էլ կար, ծտի հացը նվազ ցողունիկով ու մանր ծաղիկներով ինձ համար էլի ուտելի էր, խատուտիկները դեղին հրաշք էին ու կրծքազարդ, լոշտակ բույսը ականջները փռած գետնագորգ էր, երիցուկը միշտ սիրում էր, պինդ ցողունով խիտ ծաղկաբույլով բույս կար`  ինձ  համար  անուշ բուրում էր:

Դռան առաջի խնձորի ծառը տատիս նման էր` ճյուղերը չորս կողմի վրա տարածած, հաստաբուն,  լիքը փեշով գրկաբաց ընդառաջ գալու պատրաստակամ: Հեշտ էինք բարձրանում ծառի վրա, աչքադրում էինք վրայի խնձորներն ու բարձրանալով հասնում, պոկում: Ներքևի ճյուղերի խնձորները պոկելու համար  ջանք չէին պահանջվում: Տատս նույնիսկ հենակներ էր ամրացնում այդ ճյուղերին, երբ բերքի ծանրության տակ խոնարհվում էին գետնին: Տատիս դռանը շուն կար կապած` հավաբնին մոտիկ: Շունը ենթարկվում էր տատիս, անգամ երբ կապը կտրած երջանկանում էր: Տատիս չէր ընդիմանում, անգամ երբ վզին օղակ էր հագցնում` սոված կմնար:

Ամառային օր էր, տատս հավաբնից վառեկներ էր հանում ու վզները ոլորելով պոկում գլուխները: Վառեկների միսը լավ էր ուտվում, հավերինը պինդ էր: Մի թև կամ ուտում էի, կամ դժվարանում ուտել: Ուտելիս էլ էի խղճում .. Ես խղճում էի ու հեռու մնում տատիս արած մորթից, բայց հեռվից էլ երևում էր վառեկների վզներից կաթացող արյունը:  Տատս առանց նշանառության վառեկների գլուխները նետում էր շանը: Շունը դրանք արագ հավաքում էր, հողի տակով անում կշտանալուց հետո: Վառեկներից մեկի գլուխը հեռու էր ընկել: Շունը վզի շղթան ձգելով չարչարվում էր հասնել, թաթերով չանկռտում էր գետինը, պտտվում, նորից փորձում: Մայրս բակի օջախի կրակն էր թեժացնում, որ վրայի կաթսայի ջուրը եռման մնա: Տատս ու մայրս եռման ջրի մեջ թաթախում էին վառեկների անգլուխ մարմիններն  ու հեշտ բմբլահան անում: Թաց բմբուլները թափվում էին նախապես գետնին փռած <գազետի> վրա, որ հետո, լվացվելուց ու չորանալուց հետո, գլխատակի բարձ լցնեին: Ոչ մորս, ոչ էլ տատիս պետքը չէր շան կապակտոր լինելը: Սա վառեկի մի գլխի համար իրեն ուտում էր, երբ դեմը հավաքած  վառեկների գլուխները դեռ չէր կերել: Ես սուս ու փուս որոշեցի օգնել շանը: Ոտքս երկարելով դեպի նա, փորձեցի ձեռքս զգուշորեն  հասցնել  հեռու ընկած վառեկի գլխին: Շունը ատամներով բռնեց ազդրս ու իմ ճչոցից ու մերոնց վրա հասնելուց`  բաց թողեց: Խորը չէր կծել` իմ խելքից շունը չուներ,  բայց, դե, լացում էի, ավելի շատ` վիրավորանքից`բարությունս չհասկացվեց:  Տատս ու մայրս կողքանց ծիծաղում էին վրես…ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий