ԱՅՍՔԱՆ ԷԼ ԱՆՍԻՐՏ
Հայելին անդեմ ու համր էր դարձել`տաք գոլորշին կնքել էր միամիտ տափակությունը: Բաղնիքում լավ շոգ էր: Երկար լողացավ, շատ էր ուզում մի լավ մաքրվել: Ասես շոգեբաղնիքում լիներ: Աչքն ընկավ հայելուն: Ինքն այնտեղ չկար: Մատը կամաց սահեցրեց ` մատնելով նստած գոլորշին, հետո նյարդային շարժումներով արագ-արագ պարզեցրեց հայելու դեմքը: Սիրտը տեղն ընկավ իրեն տեսնելով: Ինքնաբերաբար ձեռքն առավ ֆենը` մազերը չորացնելու համար: Թաց մազերով չէր ուզում դուրս գալ: Մաքուր ու կոկիկ էր ուզում երևալ
այլևս: Ասես նոր աշխարհ էր
ուզում մտնել:
Իրենք իրենց հավաքված մտքերը թռչունների պես օդ բարձրացան: Նորից այն մեկը, ասես սև ագռավ լինի`նորից ետ կգա: Այսպես ամեն անգամ, ֆենի ձայնից նա ոտի է կանգնում, թափահարում թևերն ու պտտվում իր գլխավերևում` ինչպես որսի հոտն
առած սոված վայրենի:
-Հերիք չի սիրտս կտցես,- տառապալից դուրս թռավ կրծքից,- հանգիստ թող ինձ:
-Ես քո թռչունն եմ, դու ես ինձ կյանք տվել,- գլխի մեջ թմբկահարեց թռչունը:
-Ինձ հանգիստ թող, հեռացիր, ես ուզում եմ առանց քեզ ապրել:
-Առանց քեզ ինչպես գնամ, դու ինձ բաց չես թողնում: Երբ հեռու եմ լինում, դու ինձ կանչում ես,- կռնչաց թռչունը:
-Գնա, գնա, ասում եմ, ինձ հանգիստ թող,- իր ձայնն էր, ընկավ ականջին:
Լավ էր, որ լսող չկար, թե չէ կասեին մոր մահից հետո խելքը թռցրել է:
-Չէ մի, բա ոնց, մորս մահվան
վշտից խելքս թռցրել եմ,- քմծիծաղեց ինքն իրեն,- ինքը գնաց, էս սև ուրուին ինձ թողեց: Մեռած էլ հանգիստ չի տալիս….
Մայրն այդպես էլ չհաշտվեց հետը`խռով
մնացին ընդմիշտ: Գոնե հիմա հանգիստ թողներ, բնակարան կիսելու խնդիր այլևս չկար: Առանձին բնակարան էր ուզում` ունի,- չարախնդաց:
-Ինձ համար մի սենյականոց գտեք, թե չէ համաձայնությունս չեմ տա վաճառել այս չորս սենյականոցը,- երկու ոտքին մի կոշիկ հագած պնդում էր մայրը: Համաձայն
չէր տունը վաճառելու հետ ու վերջ:
-Սրանք իմ մեռնելն են ուզում, ախչի,- նեղսրտում էր մայրը սրան -նրան,- ինքն էլ չհավատալով ասածին:-Ինձ համար տուն չեն առնում, ասում են էսօր-էգուց է մնացել
ապրելուդ, ինչիդ է պետք առանձին բնակարանը `միասին կապրենք: Ես չեմ ուզում միասին ապրենք`ասում էր բորբոքված,- ես ձեր հետ չեմ ուզում գործ ունենալ, հետո էլ ավելացնում,- թե ամուսինս կենդանի լիներ, դրանց հախեն մի լավ կգար: Ինչ մարդ էր է, իսկը գեներալ, կորավ, մի կտոր հացի պես
գնաց,- ձայնը մեղմացնում էր ամուսնուն հիշելիս: Չէր հոգնում խոսելուց` բամբասելը հո փողով չէր: Ովքեր նրան լսելու համար ականջ ունեին``ոտքները կախ էին տալիս: Գալիս էին նրա տնից իրեր գնելու հարմար ու կրակն էին ընկնում: Տան եղած սպասքն ու
շուշեղենը վաճառել էր քիչ-քիչ:
-Իրենցից էլ առողջ եմ, ինձ ինչ է եղել, որ մեռնեմ,- բողոքելուց չէր հոգնում Շուշիկը: Ես պիտի մեռնեմ, որ իրենք ապրեն, ինչ է,- ձգում էր ամեն անգամ: Իրենց համար բնակարան առնելու փողը իմ բաժին գումարից են ուզում հանել` բողոքում էր բորբոքված, տեղը պինդ նստում
ու բնակարանը թույլ չէր տալիս վաճառեն, իսկի պետքն էլ չէր, որ մանր
երեխաների հետ դռներին են մնացել հարսն ու աղջիկը `վարձով
բնակարան փոխելուց, վարձավճար տալուց հոգնած ու կատաղած: Աղջիկը բաժանված էր
ամուսնուց, հարսն էլ` այրիացած: Նրանք էլ էին ուզում իրենց սեփական անկյունն ունենալ: Ինչ
անեին, որ տան համասեփականատեր էր Շուշիկը:
Յոթանասունմեկ տարեկան էր տիկին Շուշիկը, միշտ ներկած եղունգներով, ներկած շրթունքներով, կասկածում էին` սպիտակ մազ ունի, թե` չէ, մազերը ներկելը երբեք չէր ուշացնում: Խաս մաշկի
ճմրթվածությունը դեմքի ու ձեռքերի վրա`մատնում էր տարիքը , բարձր ու ձիգ հասակը լավ էր պահպանվել: Մայրն առաջացած այդ տարիքում ավելի գեղեցիկ էր, քան աղջիկը, ով բոյով -ջանով հորն էր քաշել`կնոջ համար կոշտ ու կոպիտ կազմվածքով: Հետը խռով էր մայրը, գնալ-գալ չկար: Միայն աղջկա տղայի հետ կապ ուներ
Շուշիկը: Մեկ-մեկ թոռը գնում էր, ողջությունը իմանում, տատից ձեռքի ծախսելու փող վերցնում: Իր
համար մենակ ապրում էր չորս սենյականոց բնակարանում: Տանը եղած սպասքից համարյա
բան չէր մնացել` վաճառել էր: Միայն տունն էր, որ ժառանգները բաժին ունեին ու պիտի տար: Չտար`կռիվ էր, սառը պատերազմ: Շահի
խնդիր կար, որ բարոյական օրենքներ չէր ճանաչում, որ ստիպում էր թշնամանալ ու մերժել անգամ սեփական աստծուն:
Ամեն ինչ ուրիշ էր, երբ դեռ եղբայրը կենդանի էր, հացի շուրջ
հավաքվում էին, երջանիկ ապրում էին, շեն էին, օջախ էին: Եղբոր մահից հետո քանդվեց իրենց օջախը: Մի երկու տարի առաջ` հարազատներից մեկի հարսանիքի ժամանակ, եղբայրը գլուխը տաք- տաք վեճի էր բռնվել քավորի հասցեին բան ասողների հետ, կանգնել էր քավորի թասիբին: Վիճաբանությունից մեծ կռիվ էր ծագել`կրակել էին իրար վրա: Հրազենի վնասվածքը եղբոր կյանքի համար մահացու էր եղել: Նրա այրին սկեսրոջը երկար չէր դիմացել` երեխաներին առել, գնացել վարձով էր ապրում: Մարդ հարազատ ծնողին գլուխ չի խոնարհում`ինչ մնաց հարսը, էն էլ` վիրավոր ու դառնացած: Չէ, մայրն էլ իրեն կարգին չէր պահել, քարի մեկը կոշտ պիտի լինի, մյուսը` փափուկ, սա իրենց ընտանիքի համար չէր ասված: Փոքր էին եղբոր երեխաները`հինգ և երեք տարեկան: Եղբոր ընտանիքին քավորն էր տիրություն անում: Շուշիկը հարսին չէր դիմացել ու մի օր ի լուր աշխարհի հայտարարել էր, թե գիտեք էսպես ու էնպես, քավորը քնում է հարսիս հետ: -Ես միամիտ կին չեմ, հա, կյանք տեսած, ապրած, իմ աչքերը չեն կարող կապել,- ցուցամատը
օդում պտտելով ասել էր նա:
-Կարողա սխալվում ես, այ պառավ,
<հեղինակություն> է ձեր քավորը, դա հնարավոր բան չի,- ավելին իմանալու ակնկալիքով կասկածամիտ էին ձևացել լսողները :
-Էս գլխով շատ բաներ են անցել, էս աչքերն էլ շատ բան են տեսել,-
ձեռքով թե գլուխը, թե աչքերը ցույց տալով շարունակել էր պնդել Շուշիկը: Թե ուղիղն ասեմ` աղջիկս էլ է քավորի հետ,- եղածին մի բան էլ ավելացրել
էր նա: էհեյ, դրանք ինձ հիմարացնել չեն կարող ,- ցուցամատը
օդի մեջ պտտելով ձայնել էր երգեցիկ:
Պառավ ասողներից չէր նեղանում, տիկին
Շուշիկ էր ամուսնու կենդանի ժամանակ, և հետո էլ` գիտեր, որ ինքն էնքան էլ պառավ չէ`դեռ երկար
էր ապրելու: Տան դուռը փակել էր աղջկա առաջ էլ, հարսի առաջ էլ:
Շուշիկի արած բամբասանքը գնացել հարսի ականջն էր ծակել:
-Մորդ լեզուն գնացքի տակ ընկնի, որ էլ ավել-պակաս չհաչա,- երեսին ճչացել էր եղբոր այրին: Չի էլ սատկում` պրծնենք,- վրա էր բերել կատաղած:
Իրեն էլ էին հասնում մոր
ասածները, խոսքը բերողները մի բան էլ վրեն ավելացրած էին
բերում, ասես ուրախանում էին իրենց դժբախտության վրա:
-Բա գիտես, ձեր
մասին ինչեր է ասում,- ու սկսում էին … Ուրիշի բերանով հեշտ էր բամբասանքը տարածելը: Երկու ձեռք ուներ`երկուսի բերանը փակեր, բա մյուսներին ինչ աներ:
-Մայրս երևի խելքը թռցրել է,- երեսանց հանգիստ պատասխանել էր բամբասկոտներին`
ու ներքնուստ խառնվել իրար:
-Ախր ոնց է մոր համարձակությունը հերիքում լեզուն այդպես պտտել` աջ ու ձախ շաղ տալ կեղտը, իրենց անունը վարկաբեկել:
-Երևի գայլի սիրտ է կերել էդ կնիկը,- մտածել
էր, ընկել մտքերի մեջ:
Քավորը մի թրխկոցով կփոշիացներ մորը, շատ խոսողներին էլ հետը: Ինքն էլ էր շան նման վախենում քավորից: Նրա նման <պատվավոր>
մարդուն ով կարող էր մի թարս բան ասել կամ
մերժել ուզածը…
Մայրն իր անունն էլ էր բերնեբերան
գցում` խալխի
բերանի ծամոնը դարձնելով, կարևոր չէր ասածների ճշմարտությունը: Գիտեր, որ մայը վատն է, բայց այդքան չար նրան չգիտեր: Շրջապատի ուշադրության կենտրոնն էին դարձել:
Ասես ամբողջ աշխարհի ցավը կտրվել էր`բոլորը
տնքում էին իրենցով:
-Պետք է դրան վերջ դնել,- այդ
ամենի մասին իմանալով հրամայել էր քավորը,- և
ավելացրել` արագ:
-Ամեն ինչ կկարգավորեմ,- խոստացել էր: Խոստացել էր ու մոլորվել, ընկել մտատանջության մեջ`մնացել ջրի ու կրակի արանքում:
-Միայն թե քավորը իր տղային չխառներ այդ գործին,- սիրտը խփել էր տղայի
համար:
Խոստացել էր խոսել մոր հետ: Փողոցում հանդիպել էին, նորից էին կռվել`աղմուկով լցնելով օդը: Օրը ցերեկով, խալխի աչքի առաջ իրեն պոռնիկ էր անվանել`ավելի էր գազազել մոր վերաբերմունքից: Պառավին լռեցնել չի լինի`կրկին անգամ համոզվել էր ու
մոլորվել: Մայրն առանց մտածելու կրակի հետ էր
խաղում`ընտանիքի ողջ ու մեռած անդամների պատվի խնդիրը հացի խնդիր էր դարձել:
Գիշեր էր: Որդին հոգնած օրից` քնած էր, սկսեց քրքրել նրա հագուստի գրպանները: Քնած տեղում տղան շրջվեց`ասես զգալով մոր ջերմությունը: Շունչն իրեն
պահեց`չանելով ոչ մի շարժում: Համոզվելով, որ տղան չարթնացավ, հնարավորինս զգույշ շարունակեց փնտրել: Որտեղ կարող էր պահած լիներ տղան մոր տան բանալու կրկնօրինակը: Սենյակում փնտրելուց հետո գտավ տղայի վարտիքի գրպանում` ծխախոտի դատարկ տուփի մեջ էր, ծանրությունից զգաց: Տուփը տեղը չդրեց.
-Թող աչքից հեռու լինի, որ չհիշի բանալու մասին: Եթե նկատի որ չկա, թող մտածի
ուրիշ տեղ է դրել`մեկ է, փնտրելու համար ժամանակ չի ունենա,- որոշեց ու բանալին հանելով
տուփից դրեց ծոցը`միտքը վրեն, տեղն ապահով:
Մայրն իր տղային պատվիրել էր, որ բանալին ոչ մեկի ձեռքը չտար:
Խոսքի մեջ էր լսել տղայից:
-Կարող է էլի, հանկարծ ինձ մի բան պատահի, կարողանաս դուռը բացել, տուն մտնել,- բանալին թոռանը տալով չարից ու փորձանքից իրեն ապահովագրել էր Շուշիկը:
Հաջորդ օրը առավոտից մինչև կեսգիշեր տղան քավորի հետ էր`գործեր կային, հարցեր կար լուծելու: Քավորը նրան բաց չէր թողել: Տատին խոստացել էր երկու օրից գնալ
տեսության, բայց չէր կարողացել ,- մտքում դարդոտել էր ու վախեցել էր բարձրաձայնել: Տատի անունը տալուց` քավորն իրեն էլ կհայհոյեր տատի հետ:
Լավ էր, որ տղան տանը չէր: Մի քանի օր էր ինչ կեսգիշերն անց
գալիս էր հոգնած, առավոտ շուտ գնում քավորի մոտ:
Օրն իր վերջին էր մոտենում: Մոր բնակարանի բանալին ձեռքում տրորելով ` տանից դուրս եկավ: Կիսամութ էր արդեն, քայլերն իրենք իրենց տարան վերջին`հինգերորդ հարկի մոր
բնակարանի դռան մոտ: Կանգ առավ: Ձայներ էին լսվում ներսից: Լսողությունը լարեց: Հեռուստացույցի ձայնն էր, համոզվեց: Զգուշորեն բացեց դուռը, կամացուկ առաջացավ:
-Պառավ քեզ պառավ, իրեն լավ էլ նայում է ,- նկատելով սեղանին դրված մրգով լի վազն ու շոկոլադի տուփը,- մտքում չարացավ: Վազն այնքան լիքն է, որ մրգի տակ չի երևում,- խեթ
հայացքով չափեց ու առաջացավ:
Հսկա բնակարանը դրել է քամակի տակ քիչ է, ավել-պակաս էլ այստեղ-այնտեղ հաչում է,- զգաց որ գնալով նյարդայնանում է, չարությունը աճում է սրտխփոցի հետ:
-Հեռուստացույցն ում համար է միացրել,- մտածեց ու նույն պահին էլ հեգնեց,-տունը լցնում է <հարազատներով>:
Կամացուկ գնաց լոգարանի կողմը: Դուռը կիսաբաց էր: Մայրը լոգանք էր ընդունում փրփրաջրի վայելքին տրված:
-Ասա քո էդ տարիքում քեզ ում տեղն ես դրել,- մտքում նորից չարացավ մոր վրա: Ինքն իսկի խմելու ջուր չուներ: Թևահան եղավ ջուր կրելով: Բակի
միակ աղբյուրի գլխին մինչև ձեռքը չէր պահում, ջուրը չէր գալիս: Դեռ շատ ժամանակ էլ
հերթ էր լինում: Խալխի կիսաքանդ տանն ինչքան
ապրեր շան կյանքով, իսկ սա էստեղ լոգանք է ընդունում,- չարությունից փրփրեց:
Պետք էր շտապել: Մտավ լոգարան: Ձեռքն առնելով պատից
կախված ֆենը, արագ միացրեց վարդակին:
-Իմ տանն ինչ ես անում, դուրս գնա էստեղից,- նրան տեսնելով ճչաց մայրը, բռնելով լոգարանակոնքի եզրերից` փորձելով բարձրանալ: Նույն պահին էլեկտրական հոսանքին միացրած ֆենը նետեց ջրի մեջ:
-Ամեն ինչ բնական պիտի լինի,- պատվիրել էր քավորը:
Մի քանի վայրկյանից հանգավ լույսը:
Հեռուստացույցի մարդիկ էլ չէին խոսում:
Ջրի ծորակը կիսաբաց թողեց, ջուրը սկսեց ցլթցլթալով լցվել առանց այդ էլ լի լոգարանակոնքի մեջ….
Համոզվելով, որ շքամուտքում մարդ չկա, արագ դուրս եկավ բնակարանից, իր հետևից կողպելով դուռը:
Երբ տղան տուն եկավ, ուշ գիշեր էր: Քավորը միայն մի րոպեով տուն մտավ: Չնստեց, որքան էլ տղան պնդեց: Ասաց, որ վաղը իրեց շատ գործ է մնում անելու, որ առավոտյան պիտի նորից տեսնվեն, ավարտեն կիսատ մնացած գործերը:
-Տատը կանչել էր, քանի օր է գնալ չկարողացա, գոնե վաղը շուտ վերջացնենք, գնամ տեսնեմ ինչ էր ասում,- ասես ինքն իր հետ բարձրաձայն խոսելով` որդին մտավ անկողին: Չարձագանքեց տղային, ուրիշ ժամանակվա պես լուտանքներ չթափեց մոր հասցեին` լռեցնելով որդուն:
-Պրծան պառավից, կարծես թե պիտի հանգիստ շունչ քաշեն: Ինչ մի վատ բան է արել որ: Ինչ էր մնացել մորն ապրելու`ոտքի մեկն արդեն գերեզմանում էր: Շատ էլ թե մայրը պարծենում էր իր ցեղի երկարակեցությամբ: Չէ մի, ինսունինը տարի պիտի ապրեր իրենց կյանքն ուտելով, ցեխ շպրտելով իրենց հասցեին, իրենց պատիվը գետնին գցելով,- տալիս - առնում էր ինքն իր մեջ:
Քնել չկարողացավ, ասես խոր գիշեր չլիներ: Օրը բացվելուն պես մոր մահվան լուրը տարածվեց`պառավը մահացել էր էլեկտրական հոսանքի հարվածից` ձեռքից անզգուշությամբ ջրի մեջ գցելով միացված ֆենը: Դռան թակոցին տիկին Շուշիկի
չարձագանքելը կատաղության տեղիք էր տվել առանց այդ էլ չարացած ներքևի հարկի
հարևանին, ում տան առաստաղը թրջվել էր
Շուշիկի տնից կաթացող ջրից: Նա էլ կանչել
էր թաղային տեսուչին: Մի կերպ իմաց էին տվել հարազատներին, որ գան դուռը բացեն, որ
դուռը չկոտրեն: Տղան իմանալով, վազեվազ հասցրել էր բանալին: Թաղայինի ու հարևանի ներկայությամբ բացել էր դուռը: Մահացած տատին
տեսնելով, թոռը խառնվել էր իրար`գոռացել ու կանչել նրան…
Հարազատները Շուշիկի մահվան լուրն
առնելով եկել էին, որ տեր կանգնեն:
Տեղը-տեղին, ծանր ու մեծ ծաղկեպսակներով հարուստ հուղարկավորությանը նախանձողներ շատ եղան: Բա հացը, ինչ հաց տվեցին,- ողորմի էին տալիս ուտող- խմողները, երանի էին տալիս մեռած Շուշիկի բախտին…
Նորից նույն թռչունը, չէր կարողանում պոկվել բվվոցից: Աներեսի մեկն էր, իրենից չէր հեռանում: Ինչքան էլ իրեն վատ զգար`սրա իսկի պետքն էլ չէր: Ֆենը միացնելիս վեր էր թռչում, թևերին տալիս իր բաժին օդն ու քիչ էր մնում սիրտը գնար:
Նորից նույն թռչունը, չէր կարողանում պոկվել բվվոցից: Աներեսի մեկն էր, իրենից չէր հեռանում: Ինչքան էլ իրեն վատ զգար`սրա իսկի պետքն էլ չէր: Ֆենը միացնելիս վեր էր թռչում, թևերին տալիս իր բաժին օդն ու քիչ էր մնում սիրտը գնար:
Այսքան էլ անսիրտ…