вторник, 24 апреля 2012 г.

ԲԼՐԱՉԱՓ ՄԵՂՔ

Ասում եմ հենց սկզբից. մեղքի ամբողջ բաժինը իմն է: Փոքր մեղքի մեծ, զգայական ծանրությունը ինձ խանգարում է ապրել: Տպավորություն չստեղծվի,թե ուզում եմ մեռնել,երևի ուզում եմ...մեկ-մեկ:երևի փոքր մեղք չկա:Ուրեմն ,մեղքի զգացողությունն ինձ խանգարում է ապրել հանգիստ խղճով ու խաղաղ երազներով, զավեշտ է?,դե չէ: Մարդը քնած ժամանակ գոնե պետք է ապահով լինի տառապանքից, որը կարող են պատճառել անհանգիստ երազները, որոնք էլ հաճախ կառչելով արթուն մտքերից, իրենց կնիքն են դնում ամբողջ առօրյայի վրա:
Իմ տեսած այս երազը թևավոր էր,բայց այն ընդամենը մի կարճ պահի առկայծում էր իմ հոգում`` երկնագույն մարմինը այրելու համար....
Տարիներ հետո, արդեն իմ մեղավորության զգացումը փորձում եմ մեղմել սևով սպիտակի վրա խոստովանությամբ, թեպետ կապույտ գույնն է հոգուս հարազատ:
Ցուրտ ձմեռ էր:Սպիտակում ձմեռները խիստ են: Սառնաշունչ քամու գազազած, կրքով լի հարձակումները երեկոյան յոթից հետո թույլ չէին տալիս այլևս ներս ու դուրս անել: Նորակառույց թաղամասի առաջին շարքում էր մեր տունը:Հենց շեմից փոքրիկ փողոց էր ձգվում , որը գնալով բախվում էր տան քթի տակ գտնվող սարին ու երեսնիվայր փռվում սարալանջին:Սարի թևը պինդ բռնել էր ծնրադիր դաշտը` գլուխ չդնելով ինքնահավան քամուն: Ինչ-ինչ, կեղտոտ քամին չէր  դժգոհում , գալարվում էր ուզածդ ուղղությամբ, սպառնալիքի պես կախվում էր լվացքի պարաններից, էլեկտրալարերից, փաթաթվում էր պատահական անցորդներին` նրանց աչքերի մեջ իրեն տեսնելու ակնկալիքով...
Մեր տունը` նոր,երկաթբետոնյա շինություն էր, նրա առաջին բնակիչն էինք, որ պիտի ջերմացնեինք մեր ներկայությամբ նրա սիրտն ու հոգին: Վառարանը լավ չէր տաքացնում, փայտը թաց էր: Նստում էինք վառարանին շատ մոտիկ, բայց  նա էր մեզանից տաքություն ուզում` երկար ու բարակ սառույցի պես ցուրտ գիշերը կարճելու համար: Ցուրտն ասես իմ կողերից մեկն էր ուզում վերցնել, բայց ոսկորներիս սվսվոցից շփոթված վզվզում էր անորոշ: Ցրտից դողդողալով` մտնում էի անկողին ու անիծում ձմռանը: Հա, անիծում էի, ուղարկում գրողի ծոցը: Այնպիսի զգացում ունեի, որ եթե ձմեռը հանեմ, ուրեմն ողջ տարին կապրեմ: Ախր անընդհատ հիվանդանում էի, կարող է հիվանդ լինեի ամբողջ ձմռանը: Օրերը տաքանալուն պես հաղթանակած ճչում էի.
-
Հաղթեցի, ես քեզ էլի հաղթեցի...ապրեցի:
1997
թվականի հունվար ամիսն էր, ես կրկին հիվանդ էի: Եղբայրս առաջարկեց գնալ իրենց տուն: Համաձայնեցի, բայց...
Բայց մեր տան նկուղային հարկում մեզ հավատող ու սպասող փոքրիկներ կային...
Միջնեկ տղաս ինձ երկար էր համոզել նրանց մեր տուն բերել` պահելու համար: Չեմ սիրում <<հայվանին>> փաղաքշանքով կապել ու հետո քացով տալ, թե հեռացիր, գնա ուրիշ լավ տեր գտիր, ես էլ չեմ ուզում քեզ պահել: Ազնիվ, բարեկիրթ,-չէ, սրանք  <հայվանին> չես բացատրի: Բարեկիրթ վերաբերմունքից նույնիսկ մարդն է շփոթվում, սիրո տեղ ընդունում...
Տղայիս վրա կասկածում էի, բայց հետո տեսա` կարգին տիրություն է անում: <Լավ հայր կլինի,-մտքումս ուրախանում էի ես>:
Ասացի `մեր տան ներքնահարկում փոքրիկներ կային. նրանք չորսն էին-ճերմակ, աղավնուց մի քիչ մեծ ճագարի ձագեր էին:Տղաս նրանց համար տեղ էր առանձնացրել,չոր ծղոտ էր փռել, ցանցապատել նապաստակների զբաղեցրած տարածքը: Նրանցից քիչ հեռու կաղամբի թփի հսկա բլուրն էր, որը տղաս բերել էր հարևանի հողամասից, նապաստակների քաղցը վստահելի ափերում էր:Այն միտքը,որ մենք գնալու ենք քեռու տուն,ոգևորեց տղաներիս:Միջնեկ տղաս վազեց ճագարների մոտ, ըստ երևույթին `կերակրելու:Երբ տնից դուրս էինք գալիս, որդուս հիշեցրեցի նրանց մասին:Ասաց,որ կերակրել է:
Մի շաբաթ մնացինք եղբորս տանը:Ներսումս անբացատրելի անհանգստությունը տեղ էր բռնել:Խնդրեցի եղբորս մեզ մեր տուն տանի:Մեր բացակայությունից էր կարծես,որ տունն ավելի սառն էր ու անկյանք:Մինչև ես փորձում էի վառարանը տաքացնել,տղաներս իջան ներքնահարկ:
-
Մամ, ճագարները սատկել են,-քիչ անց կողքիս հայտնվելով ասաց միջնեկ տղաս,-շաղված հայացքով նայելով ինձ:
-
Ինչպես,-ականջներիս չհավատացի ես,-գնանք`տեսնեմ,-ասացի ու ցուրտն արհամարելով դուրս եկա:Ներքնահարկի մուտքը դրսից էր, տունը շրջանցելով հասանք մուտքի դռանը,սիրտս ուժեղ խփում էր:
Երկրաշարժ տեսած մարդ եմ,ասել կուզեմ` մի քանի օր փնտրելուց հետո միայն ամուսնուս գտանք փլատակների տակ, իսկ աչքիս առաջից չեն հեռանում փլված մանկապարտեզի փոքրիկ բնակիչների <փրկված> դիերը...Ցավով եմ խոսում, ասածս նորից տեսնում ու չեմ խելագարվում:
Թվում էր, թե այդ չորս ձյունաթույր, ճերմակ արարածների անշնչացած ,փոքրիկ մարմինները,որ փայտացած ընկած էին կողք-կողքի,ինձ վրա չպետք է ցավագին ազդեին, ասում են`ցավից կոփվում է հոգին:Հիմա էլ հուզվում եմ,մինչդեռ հույս ունեի թեթևություն զգալ,ազատվել մեղավորության զգացումից`գրավոր խոստովանությամբ քավել մեղքս...
Հիստերիկ լացից ցնցվում էր ամբողջ մարմինս,առատ արցունքներս ողողել էին դեմքս,աչքս առաջն էլ չէր տեսնում:Իմ հիստերիկ ծղրտոցից տղաս,որի տասներկուսը դեռ չէր բոլորել,շփոթվել էր վախվորած:Նրա վտիտ ուսերից կախ ընկած մարմինը էլ ավելի սեղմվել,կուչ էր եկել`թաքնվելու ,պատսպարվելու անհուն ցանկությունից:Մի բուռ երեսին չռվել էին վախվորած,մանրիկ աչքերը:Ասես սպասում էր,որ ուր որ է,իր վրա կհարձակվի կատաղած գազան:
-
Ինչու քեզ վստահեցի,ինչու ինքս չկերակրեցի, գոնե ցանցե դուռը բաց թողնեիր,ման կգային,կաղամբի թփից կուտեին,-վրա էի տալիս ես ինձ կորցրած:
Թփի ոչ մի կտոր չկար ցանցի ներսում,չոր ծղոտներ էին,որի վրա փռված, ընկած էին սատկած ճագարիկները` քարի կտորի նման:Կարծես ամբողջ ժամանակ տեսել էի,թե ինչպես են հոտոտել այդքան մոտ ու անհասնելի կաղամբի թփի բլուրն ու...սատկել սովից,այս փաստն ինձ ուղղակի սպանում էր, օձի նման խայթում խիղճս:
Տղայիս կուչ եկած, վախվորած տեսքն ինձ ստիպեց փոքր ինչ հանդարտվել:
-
Տուն գնա,դե, գնա, դու մեղավոր չես, դու էլ չէիր ուզենա,որ նրանք սատկեին:Ես պետք է քեզ զգուշացնեի,որ շատ կեր դնեիր նրանց ցանցից ներս,կամ էլ բաց թողնեիր ներքնահարկում,թող կաղամբի թփի բլրից ուզածների չափ ուտեին,-խոսում էի ես հնարավորինս մեղմ ձայնով,ձեռքիս երեսի մասով սրբելով արցունքներս:Գիտեմ,որ եթե այդ պահին որդիս ուզենար էր,չէր ասի:Չէր ասի,որ դռնակը բաց չի թողել,որովհետև վախեցել է ինձանից:Վախեցել է լսել հերթական ծղրտոցս,եթե ճագարները կեղտոտեին ներքնահարկը:
Արտասվելով,սատկած ճագարներին գցեցի պարկի մեջ ու տարա դրեցի փողոցի ծայրում գտնվող աղբարկղը:Տունդարձին դեմքով շուռ եկա աղբարկղի կողմը. քամին մրրկվող հետաքրքրությամբ փորփրում էր այն,օդն էր հանում ձեռքն ընկածը ուժը պատածի չափ ու անփույթ շպրտում...Լաց էի լինում ամբողջ սրտով:Ինչ պետք է անեի կաղամբի թփի հսկա բլուրը,թողեցի հետո դուրս թափելու միտումով:
Գնացի տուն:Մտա անկողին,որն արդեն միջնեկ որդիս պատրաստել էր:Խղճում էի նրան,էլ ոչինչ չասացի:
Անցան օրեր, մեղքի զգացողությունը ինձ չէր լքում,թեպետ բարձրաձայն էլ չէի խոսում ճագարների մասին:Գուցե կեր չունենայինք տալու`սատկեին, այդքան ինձ վրա չազդեր,չգիտեմ: Մի օր քնից արթնացա ուրախությամբ լցված սրտով:Երազս այնքան իրական էր,որ մոռացության տվեց իրականությունը. ճագարները  չորսն էլ կենդանի վազվզում էին ներքնահարկում:
Ուրախությունս երկար չտևեց:Արթնացած միտքս հուշում էր,որ դա միայն երազ է:
Մեղավորությանս զգացումը դեռ ինձ հետ է, մնում է ճիշտ և ճիշտ կաղամբի թփի բլրի չափ, որն այսօր փորձեցի ցրել ճերմակ էջի վրա...