вторник, 10 марта 2020 г.

Մատաղի գառ էր`սպիտակ ու սիրուն, թմփլիկ ու մաքուր պահած: Երեխաներով իրար հերթ չէինք տալիս շոյել  գառի գլուխը, իսկ նա մեր անմեղ մոտիկությունից փախչելով հորս հետևից էր գնում: Հայրս ձեռքը տանում էր հնամաշ <ֆրենչի> գրպանն ու բուռ արած գարի հանելով ձեռքը մեկնում գառի դնչին: Սա ուտում էր գարին` հորս մատները լիզելով, ու շարունակում հորս մոտիկ մնալ: Այնպես պայծառ օր էր`մաքուր օդով, մանուկներիս մտքի պես պայծառ: Օրը դեռ կեսօրին չէր հասել, գիտեինք, որ գառը մատաղացու է`հայրս պիտի մորթեր: <Հայր մեր>-ը չգիտեինք, բայց գիտեինք, որ գառը Աստծո սերն ու բարեգթությունը շահելու համար  է …

Գառի գլուխը հետո էլ չէինք շոյում` արյունոտ էր: Որ ուզենայինք մոտիկանալ, մեծերը մեզ մոտ չէին թողնի` մեզ այդպես էր թվում ու լռակյած կողքից խղճում էինք գառին, մինչդեռ գառի բաց աչքերը անթարթ նայում էր բոլորիս….

Միսը շատ համեղ էր, չփչփացնելով վայելում էինք դրսում `տախտակներով կապած երկար  սեղանի ծայրին հավաքված: Գառը չէր հասցրել վախենալ, դրա համար էլ միսը համեղ էր`հայրս  դա գիտեր, հետո մենք էլ դա հասկացանք: Հայրս էլ մեր նման  տերունական աղոթքը չգիտեր, որ սկսվում էր` <Հայր մեր>-ով,  և վերջանում Աստծո  արքայության ու փառքի լինելիության հավիտենությամբ:

Հայր մեր, որ յերկինս ես…. 



ԲԱՄԲԱՍԱՆՔԻ  ԷՋԱԴՐՄԱՆ ՓՈՐՁ
 Գալով Երևան, <տանը> չնստեցի` ինձ հետաքրքիր էր ՀԳՄ-ն: Երբեմն-երբեմն այցելելով` ձեռք բերեցի գրող-բարեկամներ: Ընտրությունս կանգ առավ աշխատասենյակում նստած բանաստեղծ, թարգմանիչ  Ֆրունզիկ Կիրակոսյանի վրա: <Անշառ> մարդ է երևում`մտածեցի, մտածեցի ու որոշեցի , որ լինի գրքիս խմբագիրը: Չմերժեց: Բարեկամացա  տիկնոջ`Մարիի հետ էլՏիկին Մարին բարյացկամ ու ընկերասեր կին, ով սիրով էր ընդունում ոչ միայն ինձ
Ֆրունզիկ Կիրակոսյանը խոսքի <ժլատ> էր` չէր գովում գրածներս, չէր ոգևորում, բայց ինձ սովորեցրեց աշխատել:
Բանաստեղծության այս հատվածը սխալ է կառուցված`ասում էր ու վերջ, ես պիտի գտնեի սխալը: Կամ ասում էր`շատ կարդա: Բայց մի օր `ինձ համար էլ զարմանալի, ասաց, որ լավ  եղավ, որ  գրողների միություն չընդունվեցի: Որ ընդունվեիր, չէիր աշխատելու`նշանակալից ժպտալով պնդեց նա:
Միության անդամ մորս <խաթեր> էի ուզում դառնալ`կուրախանար: 
Պոեզիային զուգահեռ գրում էի նաև մանուկների համար: 
Աղջիկ ջան, որ դու էլ ոչինչ չանես, պոեզիադ հերիք ` ասելով, մի օր ինձ նորից զարմացրեց Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Ձեռագիր հեքիաթներս առած գնացի Ֆ. Կիրակոսյանենց  տուն, որ տամ իրեն <լավ ու վատ> անի: Անկողնային հիվանդ էր: Կնոջից իմացա, որ անբուժելի է հիվանդությունը: Գործերս վերցրեց: Պնդեց, որ թողնեմ: Ասաց իրեն հետաքրքիր է, պարզապես ուզում է կարդալ: Թողեցի…
Ինձ թվում է, որ բոլոր գրողներն էլ սկզբում չգիտեն լավն է <գրածը>,  թե…
Աստված արարեց  ու հետո տեսավ, որ բարի է…Ես շարունակեցի ստեղծագործել, թեպետ կասկածը մեջս միշտ կար`պոետ եմ, թե պոետ չեմ…
Բանաստեղծություններիցս որոշներն իրենք իրենց գլխիս մեջ մնում էին ու հեշտ հասնում լեզվիս: Դա ինձ օգնում էր գրող ընկերների <ականջներից> կախվել`բացի գրական մամուլում տպագրվելս:
Մի օր  ՀԳՄ <Գրական թերթ>-ի խմբագիր Սամվել Կոսյանին հարցրի`պոետ եմ, թե`չէ:
-Էս, ու ահագին ես,- ասաց  Ս.Կոսյանն ու ես  խոսքին հավատացի`  իմ մեջ ուրախանալով`կորած չեմ: Հա, դե ինչ անեմ, երեխայի նման եմ.. 
Մորս խաթեր`կարևորում էր, այդ պատճառով որոշեցի  մի անգամ էլ դիմել գրողների միություն : Այս անգամ որոշեցի դիմել մանկական գործերով: Երաշխավորագրի համար մանկագիր Սուրեն Մուրադյանին դիմեցի.
-Ես ուրիշ մեծություն եմ, -ասաց,-գնա թող ուրիշը գրի: Խնդրեցի, որ գոնե գործերիս ծանոթանա, չուզեց:
<ՆՈՐՔ>  հանդեսում քանի անգամ տպագրվել էր իմ պոեզիան: Նորից գործեր էի տարել խմբագրություն : Սուրեն Մուրադյանի ասածը բարձրաձայնեցի այնտեղ`թարմ էր խոսքը: Հանդեսի խմբագիր, գրականագետ  Ֆելիքս Մելոյանը  <հըմ>  արեց ու  զսպված էմոցիայով ասաց.
-Գնա, ասա, դու բանաստեղծություն գրել չգիտես:
Ֆելիքս Մելոյանը իմ տված բանաստեղծությունները տպագրեց Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հետ` <ՆՈՐՔ> հանդեսի 2010թվականի  վերջին`չորրորդ   համարում….