среда, 27 апреля 2022 г.

ՄԱ՛Մ, ԳԼԽԱՑԱՎԴ ԱՆՑԱ՞Վ

 ՄԱ՛Մ, ԳԼԽԱՑԱՎԴ ԱՆՑԱ՞Վ

Մայրս ութսունն անց է: Մարմնով կուչ է եկել արդեն, բայց իր ձեռքին - ոտքին է,  պայծառամիտ է, աշխարհ տաս` կղեկավարի…

Ինձնով հղի լինելուց առաջ, եղած հղիությունը մորս չի մնացել` փուլ է եկել: Մորս գլխին հաճախ են փուլ ածել երկինքը, երբ հարսնություն է արել անպտուղ: Երբ մայրս ինձ արդեն իր կրծքի օվկիանոսում ուներ, գլուխն սկսել է ցավել: Ուժեղ գլխացավերից հաճախ է գամվել անկողնուն: Հարևանը, որ տան անդամի պես է եղել մորս մոր հետ`մտահոգությունն է կիսել տատիս:

-Վերգո՛,- ասել է նա տատիս, - կարո՞ղ է սրբից լինի, արի աղջկա՛նդ տանենք նետ դնողի մոտ, տենանք ո՞ր ըխտից է:

Վերգինե տատս, որ Վերգո էր բոլորիս համար, համաձայնում է: Մորս տանում են նետ դնողի մոտ: Մայրս ասում է, որ  նետ դնողը ինչ ըխտի անուն տվեց, մաղը չշարժվեց: Հենց հասավ Սուրբ Նշան անվանը, նետ դնողի ձեռքից թելով կախված մաղն սկսեց պտտվել:

-Սուրբ Նշան ըխտից է կլխացա՛վը,- հայտարարել է նետ դնողը:

Մոմեր են առնում մերոնք ու գրավ դնում հարևանի տանը,  մինչև որ ես լույս աշխարհ գամ, հետո տանեն, վառեն:

--Օրե՛նք էր,- ասում է մայրս, - գրա՛վ բդի տնեինք,  իրավունք չուներ մոմատերը չվառած մոմերը պահել իր տանը: Յակտե՛նց տանը թողինք մոմերը,- հիշում է մայրս: Սա էլ մյուս հարևանն էր տատիս տան կողմից: Մորս հարցնում եմ.

- Յակտը անո՞ւն չուներ:

-Ոնց չունե՞ր, ունե՛ր, Համբարցում էր անըմը,- ասում է մայրս: Դպրոցի պլակատները սաղ ինքն էր գրըմ: 

-Բա խի՞ եք Յակտ ասում,- զարմանում եմ ես,-Համբարձում ասեի՛ք:

-Եսի՛մ խի են ասըմ, ավել անըմնա,- իմ հարցից ազատվում է մայրս:

Մոմերը գրավ դնելուց հետո, անցնում են օրեր:  Յակտի մորը սկսում են անհանգստացնել երազներում, թե բա` էս մոմե՛րը պետք է վառել, էլ մի՛ պահեք: Յակտի մայրը` Սիրուշը,  տատիս պատմում է իր տեսած երազները, որ անընդհատ կրկնվում էին: Ի՞նչ անեին, մայրս արդեն ծանրացած է լինում ինձանով: Զոխո անունով հարևանն ասում է.

- Ե՛ս էդ ըխտի ըխտավորն եմ, տվե՛ք էդ մոմերը, տանեմ, ձեր անունից կվառեմ: Մոմերն առնում, տանում է: Զոխոն վախեցած հետ է գալիս, պատմում մերոնց, որ երբ մոմերը վառել է, մի մարդ ընկնավորի պես ընկել է գետնին, թե բա` խի՞ վառեցիք էդ մոմերը, դրանց տե՛րը պիտի գար վառեր, ուխտն ընդունված չէ՛…Ճարահատյալ մայրս ու իր մայրը, նոր մոմեր առած, գնում են Ս. Նշան ուխտի: Զոխոն է տանում:

- Վարթուշ է անըմը, համա ավել անըմով ին ճընանչըմ:  Բա ո՞վ տաներ, էդ ըխտի՛ տեղը մենք շատ գիդեինք,- պատասխանում է մայրս, երբ հարցնում եմ:

-Կայարանից նստեցինք ռաբոչի՛ն, էրկու վագոնանի պոեզա՛, Քոբեր կայնըմ էր մի էրկու րոպե` իչանք: Սա՛ր ենք բարցրանըմ, սարի կլխի՛ն է Ս. Նշանը: Դե, Լոռվա կողմերում էլի, շատ եմ հիշը՞մ տեղը,- հիշում է մայրս…

Սարը բարձրանալիս մայրս հաճախ է կանգ առնում, ձեռքը մեջքին հենելով: Ինձ հենվելով է բարձրանում մայրս, մատների հետքերը դաջելով իմ մեջքին` նշան անելով Ս. Նշանի ճանապարհին: Երեք կանանցով` տատս, մայրս, Վարդուշ անունը անհիշության թողած Զոխոն, տեղ են հասնում: Մոմերը վառելուց հետո, տարած աղավնիները տալիս են մի մարդու, ով ամբող ժամանակ հետևում է մերոնց, թե բա` ա՛ռ, մորթի՛ր, տղամա՛րդ ես: Սա վերցնում է աղավնիներն ու անխոս օդ թռցնում: Երբ մերոնք ուխտ անելուց հետո նստում են հացի, այս մարդը նորից աչքների դեմ է կանգնում: Հացի են հրավիրում, ո՛չ խոսում է, ո՛չ մոտենում: Մերոնք չգիտես ինչո՞ւ վախեցած հավաքվում են ու սարն ի վար շտապելով իջնում: Մայրս ասում է. 

-Թեզ-թեզ հետ ինք նայըմ, տենա՛նք հո յենըցներս չի կալիս: Մի քիչ էկավ ու մեկ էլ որ հետ նայինք, էլ չըրևաց…

-Մա՛մ, հետո՞, մամ, բա էդ մարդը ո՞վ էր, չիմացաք,- հետաքրքրությամբ հարցնում եմ ես՝ ուրախանալով, որ մայրս վայր չի ընկել սարն իջնելուց` սայթաքելուն ի՜նչ կա:

-Չէ՛, էլ որդեղի՞ց իմանայինք, տասնինը տարեկան էի  քեզանով, վաթսուն տարուց ավելի առաջվա պատահած պանա,- ավելացնում է մայրս:

Ես լռում եմ մտքերիս հետ ընկած, մեկ էլ հիշում եմ, որ չհարցրի.

-Մա՛մ, գլխացավդ անցա՞վ նետ դնելուց հետո:

–Հա՛,-պատասխանում է մայրս, - անցա՛վ:

Նորից եմ հարցնում, չհավատալով լսածիս:

-Մա՛մ, գլխացավդ անցա՞վ:  

-Հա՛, անցա՛վ,- հատու պատասխանում է մայրս` կասկածանքիս  տեղ չթողնելով: 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий