вторник, 6 ноября 2018 г.


 ԱԿԱՄԱ  ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ես Նրան չէի ճանաչում: Շուրթերս չունեին Նրա անունը: Մինչդեռ ինքը միշտ ունեցել էր ինձՈւնեցել էր իմ հիշողությունից շատ ու շատ առաջ: Ինձ պահպանել էր իր սիրո համար` փոխադարձ սիրո ակնկալիքը չբարձրաձայնելով: Մենք կապված էինք իրար արյան նույն կանչով, որը հարատև աղոթքի պես պիտի համբարձվեր...Ինձ տվել էր մայրանալու  կարողություն: Ես չէի զարմանում զավակներիս հանդեպ ունեցած իմ մեծ սիրո վրա: Դե, չէի էլ մտածում, որ կարելի է այդ մեծ սիրո չափման միավոր գտնել կամ էլ ճշգրիտ թվերի անճշտությունից նեղսրտվել, հավերժությունն էլ ունի սկիզբ` սկսվող մեկ, երկու...թվերովԻնձ տրվել էր սիրելու շնորհ, մայրանալու կարողություն, նվիրում...Տվել էր ինձ...ԻրենՏարիներ առաջ էր, սպիտակյան մեր տանը մանկիկներ էի բարուրում` հավերժի հավատը փրկելով: Կյանքն ապրում էր ինձ հետ նույն հարկի տակ` վայելելով օջախիս ջերմությունը` մահվան ներկայությունը մատնելով անհիշության...Ես արդեն երկու որդիների մայր էի, սպասում էի երրորդ որդուս լույս աշխարհ գալուն: Սպասում էինք երրորդ որդուս, ում ամուսինս որոշել էր կնքել Անդրանիկ զորավարի անունով: Չարին գրգռելու միտում չի կարող լինել պարզ ու միամիտ որոշման մեջ...Սպիտակյան մեր տունը միհարկանի, հարմարավետ շինություն էր: Կառուցել էինք սեփական ձեռքերով: Պատերի աչքի զարնող ճերմակությունը գաջի հետ գիպսի խառնուրդի առկայությունից էրԵրեկոյան առօրյա հոգսից հոգնատանջ  մարմինս ծանրանում էր անկյունում դրված բազմոցին, փորձելով չհիշել կիսատ մնացած գործերս: Հոգուս երանելի անդորր էր պարգևում  Նրա ցանկալի պատկերը, ում տանում էի հայացքս` նստելով բազմոցին: Ես տեսնում էի Նրան ճաշասենյակի պատի ճերմակի վրա արդեն մի քանի օր: Նա բարետես, իմ հոգուն հարազատ...կին էր: Ես նրան չէի կանչել, չգիտեի ով է Նա, չունեի նրա անունը: Փառահեղ խաղաղությամբ էր սիրտս ըմբոշխնում մտերմությունն ու քաղցրությունը, որն ասես կաթում էր, հորդում էր ինձ համար անիմանալի մի աղբյուրից` թերևս` տեսանելի  նրա պատկերից: Նրա ներկայությունը կենսական էր  դարձել ինձ համար: Ես  Նրան սիրում էի:Կավիճը սահեցրի նրա դիմագծերի վրայով` չկարողանալով զսպել շոշափման բնազդի մղումը.. Գոհ էի: Ինձ համակել էր արարման ուրախությունը, իսկ նկարելու ձիրք հիմա էլ չունեմ: Պատկերից ճառագող պայծառությունը << կապույտ էր հագցրել ինձ ներս ու դրսից>>: Աչքերիս սև ու սպիտակը` ծիածանագույն ժպտում էր հայացքիս քնքշությամբ, ժամանակ առ ժամանակ հպվելով Նրա դեմքին: Գնում էի ննջասենյակ` նրան թողնելով առավոտյան հանդիպման սպասումը...Այդ օրը ես չգտա Նրա պատկերը պատի վրա: Ամուսնուս չփորձեցի արդարանալ, ոչ էլ փորձեցի մեղադրել. մաքրել էր, և դիտողությունն էլ տեղին էր`<< պատը նկարելու տեղ չէր>>:  Հոգուս նեղսրտությունից աչքս լացեց, չիմանալով, որ մի երկու օրից ահեղ փոշուց արյունոտվելու է, չգուշակեց նույնիսկ, երբ ժամեր առաջ իրար հաջորդեցին երկու գմբոցներ, ասես դավադիր ձեռքով բացվեց դժոխքի դուռը, ու չարքերը դուրս գալով ծպտվեցին թանձրացող մթնում` թաքուն պահելով միտքը դավադիր...հետո, ժամեր հետո, երբ արևը դեռ չէր հասել զենիթին, գաղտնիքը չդիմացավ կուրությանը, գետնափոշին ըմբոստ ձգվեց երկինք, գետինը սկսեց երկմտել...Առօրյան վթարվեց` մնալով Սպիտակիս քանդվող շեների փլատակների տակ, ես կորցրեցի իմ թագն ու ամուսնական մատանիս...Երկրաշարժը մնաց անցյալ ժամանակում.. Ամեն անգամ հոգեպես ցնցվում եմ, երբ հարցնում են ընտանիքիս կազմի մասին: Առանց հայրիկի, մայրիկն ու բալիկները`այս է արդեն իմ ընտանիքըԱմիս անց, երբ երեխաներիս հետ Երևանում ամուսնուս հորաքրոջ տանն էինք, Նա նորից այցելեց ինձ:Լույսը նոր էր բացվում, խաղաղ քնած էին բոլորը, հոգնությունն ու հոգու ցավը մոռացության տալու ընդունված առաջարկ է ասես ժամանակավոր նինջը...  Ննջարանի  դռան կիսով չափ ապակեպատ հատվածով, միջանցքի լուսավառ կողմից, Նա նայում էր ինձ: Վախի զգացմանը տրվեցի մի պահ: Ձայնեցի տան հարսին, փորձելով ինձ համոզել, որ նա է դռան մյուս կողմում: Ձայնս թույլ էր, լսելի չեղավ ոչ ոքի: Ինձ ոտքի կանգնեցնելու ուժ գտա, մոտեցա դռանը, կամաց հրեցի: Դուռը հանգիստ սահեց ճեղքելով միջանցքի լույսը: Միջանցքում մարդ չկար...Երկրաշարժից երկու ամիս անց նորից մայրացա: Իմ երրորդ որդուն հոր անունով կոչեցինք: Որդիս նկարելու ձիրք ունի, պատահական չեմ համարում88-ի  երկրաշարժից անցել են  տարիներ: Տասը որդի ծնել ինձ այդպես էլ չհաջողվեց, չհաջողվեց նաև թաքցնել կորցնելու վախը, աշխարհս կատարյալ է իր անկատարությամբ, շարունակում եմ ապրել արարման պահի հիշողությամբ` Բարու կամեցողությամբ հաղթահարելով  ինձ  դեպի լույս տանող ճանապարհի խոչնդոտները, համարելով կաման որպես ակամա վկայություն, երկրային բաներումս` կամքիս մարդկային դրսևորումը,  որպես կայացած որոշում Բարեգութ Երկնայինի...

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՎԱՐԴ
Երթուղային տաքսին հերթական կանգառն  արեց: Մի լայն գիրկ վարդերի կապոցով երիդասարդը տեղավորվեց պատուհանի մոտ`կողքի տիկնոջը ներողություն խնդրելով:
Բոլորիս հայացքը թեքվեց նրա կողմը`վարդերի կոկոնները կարմիր ու սպիտակ էին:
-Վարդան, էս ուր,- գլուխր թեքելով նրան դիմեց վարորդի կողքին նստած տղան:
-Արաբկիր բժշկական կենտրոն,- ժպտալով պատասխանեց վարդերով երիտասարդը`բժիշկների համար եմ տանում:
Ես զարմացած ձայն տվեցի.
-Հակառակ կողմից պիտի նստեիք այս նույն համարի  երթուղայինը, իջեք, սխալ եք նստել:
Վարորդը արգելակեց մեքենան: Նա նորից ներողություն խնդրեց կողքի կնոջից  ու  տեղից վեր կացավ: Շուռ գալով ինձ, շնորհակալություն ասաց:
-Ինձ մի ասեք, այն տղային ասեք, որ ձեզ հարցրեց, թե ուր եք գնում,-ասացի ես:
Իջնելուց առաջ շրջվեց ու գրկի վարդերից կարմիր մի վարդ մեկնեց ինձ:
Անսպասելին անչափ հաճելի էր, ինձ հետ ուրախ ժպտում էին մնացած ուղևորները:
Երթուղայինի մեջ տոթ էր: Հասա իմ կանգառ, իջա վարդը ձեռքիս: Կանգառի մարդիկ էլ ինձ ժպտացին`վարդս ժպտերես էր: Ոնց պահեի, որ ամառային չոր արևը չնեղացներ նրան: Մտա <<Բուքինիստ>> գրախանութ`թղթաբանություն կար: Երկար սպասեցի`մենակ ես չէի, ինձանից առաջ էլ մարդիկ կային սպասող: Վարդս վիզը ծռել էր արդեն`մեղքս եկավ:
-Վերցրեք, նվիրում եմ, շուտ  ջրի մեջ դրեք,-առաջարկեցի գրախանութի աշխատողին:
-Խոհանոցում պիտի դնենք,- մեղավոր ժպիտով ասաց նա:
Նկուղային հարկի նեղլիկ խոհանոցում լինելու իմ վարդի ճակատագիրը ձեռ չտվեց ինձ`հրաժարվեցի, նրանով ուրախացող չէր լինելու: Ժամեր հետո տուն եկանք ես ու վարդս: Ձեռքով շոշափեցի թուլացած թերթերը`չթափվեցին: Պոչի ծայրից կտրելով դրեցի ջրի մեջ: Հաջորդ օրը ծաղկամանի ջուրը փոխեցի` կենդանության նշաններ զգալով վարդիս մոտ: Մյուս առավոտ պաչիկ արեցի վարդին` շնորհակալ եմ վարդ, որ բացվել ես` ասելով: Հինգերորդ օրն  է արդեն, որ ժպտում եմ վարդին`հայացքով հպվելով նրա բացված սրտին: Շնորհակալ եմ, Վարդ…