пятница, 4 января 2013 г.

ՎԵՐՋ,ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԷՐ ՀԻՇՈՒՄ

Արևը գնալու տեղ չուներ`դրախտում երկինքը արևի չափ էր: Ինչքան էլ պտտվեր, մեկ է, դրախտի գլխավերևում էր արևը`  պսակի պես: Աչքն ինչքան չափեր`կանաչ էր ու կապույտ, օդը տաք էր կրքի չափ ու էլաստիկ ցանկության պես, սրտի ձայնը ականջին հաճելի էր: Ամեն ինչ հիասքանչ էր: Բայց դրախտում գտնվող մարդը նեղվում էր: Նրան քիչ էր թվում արևի չափ երկինքը, կանաչ ու կապույտ գույները միապաղաղ էին, նա ձանձրանում էր անհոգ օրերից ու պարապ մտքերով  լցնում գլուխը: Նա ամեն պահի մեջ այդ ամենի վերջն էր փնտրում` սահման դնելով հետոյից առաջ: Իսկ սահմանին հայելի կար` իրականության երևելի պատկերով:

Մի անգամ մարդը փորձեց անցնել հայելուց անդին: Բայց որքան նա գնում էր դեպի   հայելին, այնքան այն ավելի ու ավելի էր հեռանում իրենից:

-Դու դրախտում ես ապրում, դրանից ավելին քեզ էլ ինչ է պետք,- տաք-տաք շշնջում էր արևը:

-Քեզ էլ ինչ է պետք,- կրկնում էր երկինքը:

-Մնա ինձ հետ,- կանչում էր դրախտը:

-Ինչով ենք վատ քեզ համար,- շշնջում էին կանաչ ու կապույտ գույները:

-Դու դրախտում ես ապրում,  այստեղ ամեն ինչ աստվածային է,- հայելուց նրա հայացքը բռնում  էր  դրախտի արտացոլանքը:

Բայց մարդն անդրդվելի էր, նա գնում էր ու գնում դեպի հայելին, դեպի ինքն իրեն ավելի մոտիկ լինելու կիրքը, դեպի հայելու անդինը: Եվ գնալով ավելի ու ավելի էր խամրում դրախտի պատկերը, և գնալով ավելի ու ավելի էր կնճռոտվում հայելու դեմքը:

-Քեզ էլ ինչ է պետք, դու դրախտում ես ապրում,-  հարցրեց  հայելին այլևս  դժկամ: Ինձանից անդին դատարկ ու անփայլ է,- շարունակեց հայելին,- դու այնտեղ կկորչես:

-Քիչ է ինձ համար դրախտայինը, դրախտն ինձ համար վաղուց  անշուք ու միապաղաղ է, ուզում եմ  էլի ու  ավելի կարևորել,  իմաստավորել իմ կյանքը, ուզում եմ չափվել այն ամենի հետ, որը  տեսանելի է ու.. անտեսանելին էլ  եմ ուզում  չափել: Լսում ես, հայելի,- պոռթկաց մարդը,- ուզում եմ անդինը գաղտնիք չունենա ինձանից, ուզում եմ գաղտնիքդ իմը լինի:

Հայելին քիչ-քիչ կորցրեց  դեմքը, նա այլևս հարթ ու լուսեղ չէր  ու մթնեց մարդու աչքին:

-Անցիր իմ  միջով,- ձայնեց հայելին:

Մարդը  առաջ մեկնվեց, բայց աչքի մութը չթողեց տեսնել ոտքի առաջը: Նա անընդհատ սայթաքում էր: Նրան մի ամբողջ հավերժություն էր թվում տառապալից ուղին, ընկած տեղերը տանջալից  ցավում էին: Դրախտում ժամանակի հաշվարկ չէր արել, իսկ այստեղ  ուզում էր  այն վերջանար:

-Հոգնել եմ մթից,- տնքում էր միտքը փակ աչքով:

 -Սպասիր, կանգ առ,- աղերսում էր, բայց …բայց  արդեն ինքը չէր իր գլխի  տերը:

-Բացիր աչքերդ ու նայիր ինձ,- մի ձայն հասավ նրա ականջին,- ես այլևս քեզնից գաղտնիք  չունեմ պահելու:

Եվ մարդը, բացելով աչքերը, նայեց հայելու  դեմքին`արթնության  լուսավոր մի ակնթարթ  բացահայտելով  իր գոյի գաղտնիքն ու այլևս  կորցրեց հիշողությունը….