понедельник, 6 апреля 2020 г.


ԷՍ  ԷԼ`ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ԷՋԱԴՐՄԱՆ ՓՈՐՁ

Մի բաժակ գարեջուր խմելու ցանկությունը չփորձեց թաքցնել: Համեստորեն կարող էր սպասել մինչև կարտոֆիլը խաշվեր, բոլորով սեղան նստեին, բաժակ-բաժակի խփեին, կենաց ասեին`հիշեին կյանքից անժամանակ հեռացած իրենց գրչընկերոջը
Ասացի`անժամանակ, մինչդեռ միշտ էլ անժամանակ է: Մի թե այլընտրանք ունի...ժամանակը: Տատս կասեր` մարդ մենակ իր մեռնելու ժամանակը չգիտի:
Հա, մտքովն էլ չանցավ համեստություն խաղալ: Հիմա էր ուզում խմել, գիտեր, որ հետո չի խմելու` իր և ընկերների հիշողությունները պիտի սրբագրեր:
Գարեջուր խմելու գայթակղությանը չդիմացան նաև Կարինեն ու Ֆրունզիկը, թեպետ քիչ առաջ քարկոծում էին իր անհամբեր ցանկությանը և նրանք էլ <անժամանակ> սկսեցին գարեջրի վայելքին տրվել`վատ օրինակ ծառայեց:
Լավ էր զգում,  մի քանի կում խմելուց հետո արդեն  մտքի թեթևությունը հակակշիռ էր ժամանակի ծանրությանը:
Անկյունում դրված բազկաթոռը իրարից եղավ: Երևի Կարինեի ծանրությանն ու չափերին չդիմացավ: Խեղճ կինը թևերը տարածած իզուր ճիգեր էր գործադրում ոտքի կանգնելու համար: Չէ, անհնար մի բան էր առանց բռնվելու փլված աթոռի կտորտանքներից ազատվելն ու ոտքի կանգնելը: Ինքը ծանր`կրծքերն իրենից ծանր,Կարինեին նայողը առաջինը կրծքերին էր աչքը դիպցնում`մտքում փորձում տեղավորել գրկի մեջ…
Չկարողացավ ծիծաղը զսպել Կարինեի անօգնական ճիգերի վրա`այնպես էր ծիծաղում, որ ընկերներից մի երկուսը միացան իրեն: Ծիծաղը բռնել էր օդը: Դե ինչպես սրտանց չծիծաղել, ոնց ստիպել  սպանել պահի զգացողությունը: Հետո ինչ, որ հավաքույթի նպատակը տխուր պատճառով  էր
Կարինեին հատակից բարձրանալու համար ձեռք մեկնեցին, իսկ իրարից եղած բազկաթոռի համար Ֆրունզիկը անգամ չնեղսրտեց, ափսոսանքի ոչ մի հնչյուն, Կարինեին ոչ մի հանդիմանական խոսք, ասես հարևանի բազկաթոռն էր փշրվել:
Անցան շաբաթներ: Մի օր հեռախոսազրույցի ժամանակ ֆրունզիկը թե.
-Հավաքվել էինք մեր վաղամեռիկ ընկերոջ հիշատակը հարգելու, իսկ քո պետքն էլ չէր`խրխնջում էիր:
Բերանին ատամ էլ չկա, բայց լավ էլ կծում է` մտածեց, լուռ կուլ տալով վիրավորանքի խրխինջը:
Մինչև հոգու խորքը.. միտքը պղտորվեց: Չհանգստացավ, մինչև որ վաղամեռիկ ընկերոջ հիշատակին ինքն էլ բանաստեղծություն չգրեց: Ֆրունզիկը` որպես հավատարմագիր, վաղուց էր թղթին հանձնել իր սերն ու մտորումները ընկերոջ հիշատակին: Հիացել էր իր տաղանդի փայլով`զայրանալով  իրեն նմանակողի վրա, թե բա `իր միտքն ու տողերը թխել են:
Թեպետ ահագին ժամանակ էր անցել, բայց դեռ Ֆրունզիկի ասածից վիրավորված էր`հետո ինչ,  որ նա ավագ ընկեր էր ու հանգե-հանք տողեր ուներ թղթին տված...
Երբ մի օր հիվանդ Ֆրունզիկին այցելության գնաց,  տան անկյունում նեյտրալ դիրքով դրված,  ջարդված բազկաթոռը անսպասելի աչքը մտավ`նախշավոր ծածկոցը վրեն: Զարմացավ, վրդովեց սրտանց` տեղը-տեղին.
Այ քեզ դզած-փչած խաթաբալա: Չէ, դզելս որն է, շպրտելու բան է, բայց պահում են  ֆասոնի համար: Է,  նախշազարդ ծածկոցով ծածկել են, որ  ինչ?
-Ասում ես խրխնջում էի, հա~,-վրա քշեց սարքովի բարկությամբ: Էս աթոռի վրա դուք կնստեք,?, նստեք, ինչու չեք նստում,- շարունակեց կեղծ տոնայնությամբ` հատ-հատ բառերը շեշտելով ու դեպի աթոռը գնալով:
-Ջարդվածա, թող, ձեռք չտաս,- ձայնը բարձրացնելով վախվորած, որ հիմա մի փորձանք կպատահի`փորձեց ետ պահել Ֆրունզիկը:
-Էս անբարոյականին ինչի համար եք առոք-փառոք պահում, երբ ոչ մեկին պետք չի,-ասաց  ու  շրջվեց մեջքով բազկաթոռին… ծիծաղն էլ  չեկավ:
           


ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ԷՋԱԴՐՄԱՆ ՓՈՐՁ 
Ընթերցանության ողջ ընթացքում միտքս խուտուտ էր գալիս`ծիծաղում էի բարձրաձայն, աչքի պոչով շուրջս նայելով`չասեն թե գժվել է: Մի կուշտ ծիծաղելուց հետո,  ցանկացա որ ուրիշներն էլ ծիծաղեն: Մի երկուսին հարցրի`կարդացել են Ս. Կոսյանի  <<Հետ նայիր, եթե առջևում ոչինչ  չի երևում>>  Գրական թերթում տպագրված  պատմվածքը: Ասացին, որ վերնագրից առաջ չեն անցել
-Իզուր, վերնագիրը թողեք վերջում,- համոզում էի ես:Ախր շատ էի ուզում, որ նրանց միտքն էլ խուտուտ գար:Էս մտքից էլ միտքս երանելի գոհություն էր պարգևում ինձ` ոնց որ կշտացած երեխա լինեի:
Հեղինակի նկարի հետ ահագին կռիվ տվեցի`դուրս չէր գալիս, ասես սևամորթ լիներ:
Էս տնաշենը մի ուրախ նկար չուներ,  որ էսա մթնած նկարն է դրել`մտածեցի: Մտածեցի..ու համոզված որ չուներ, ֆոտոսարքս առած գնացի նրան լուսանկարելու: Այ քեզ բան-ման`չէր ուզում լուսանկարվել:Ասում եմ եկել եմ ձեր իսկ օգուտի համար, հին լուսանկարով որտեղ էլ լինեք ձեր պատմվածքի  սատանան ձեզ կգտնի: Էնպիսի ֆոտոներ անեմ, որ ոչ մի սատանա ձեզ չճանաչի: Մի կերպ համոզեցի,  որ լուսանկարվելուց  ...ժպտա: Բա ոնց, թող սատանայի քամակը ինչքան ուզումա վառվի, թող հասկանա, որ ինքը ձեր թիկունքում էլ մնալու է, հարգելի գրող ընկեր Կոսյան`մտքիս մեջ ասացի նրան:
Ժպիտը որսալն   ստացվեց.
Թող հենց էս լինի սատանայի էրեսծեծանքը: Թե չէ ուր գնաս, ընկեր ջան`սատանան առաջդ է ընկնելու: Սիրտդ նեղվելու է, ձենդ փորիդ մեջ ոչ մեկի ականջը չի գտնելու, աչքիդ էլ ոչ մի բան չի գալու: Որ ճամփով որ ինքը գնա, ուզենաս թե չուզենաս հետևելու ես նրան: Քո անունից ձեռ չի քաշելու: Արդյունքում մնալու է սրտացավդ` մտմտում էի ինքս ու ես: Չէ, դրան պետք է գցել մոլորության մեջ`աչքին թոզ փչել, որ մարդուն ու նրա ստվերին խառնի, չկարողանա սևը սպիտակից ջոկել: Ինչու պիտի չսխալվի, հո Աստված չի? Թող  շփոթի ստվերդ` կարծելով թե օտարի է: Ոտնահետքերդ էլ կխառնի հետևիցդ գալով: Հա էլի, Ուրիշների թիկունքին վստահողները հետևում են կույր-կույր`հաստատված բան է: Ըհըն, կարելի է օգտվել սատանայի կուրությունից: Կարողա գնա ու իր փորած ունայնության փոսն ինքն ընկնի: Էն ժամանակ իմ ու քո Աստված էլ չի փրկի:
-Ետևս անցիր սատանա,- ասաց ու պրծավ Քրիստոսը: Սրանից հեշտ գործ: Թող աչքից հեռու դե գնա ծխա ու մխա: Մի կողմդ շաշ արած պիտի ապրես, թող ուժեղ հոտառությունից բախտագուշակների սիրտը խառնի: Թե չէ ինչիդ է պետք սատանային վառելու համար  նրա կրկնօրինակը  սարքել, հետո կախել նրան, հետո...Քո ինչին է պետք սատանա սարքելը: Բացի էդ էլ` ավելորդ վճարումներ հարկային մարմիններին: Չէ,  վառելու համար չէ`սարքելու համար: Ոնց չգիտեիր, սատանայի հետ գործ ունենալը  խաղ ու պար չէ: Աստծուց ամենօրյա հացի խնդրանքով տնից դուրս եկողների թիվը սատանան գիտի: Տանը նստած տեղը ոչ մինը մյուսի բուռը չի դնում: Ինտերպոլով փնտրվողների ցուցակում պիտի քեզ չճանաչեն: Լուսանկարների բազմազանությունը կարևոր է: Պաշտպանական ռեֆլեքս մշակելու համար դեմքիդ միմիկան անընդհատ պիտի փոխես: Կարևորը`սատանան դրան երկար  չի դիմանա...