четверг, 23 августа 2012 г.

Մի բաժակ գարեջուր խմելու ցանկությունը չփորձեց թաքցնել: Համեստորեն կարող էր սպասել մինչև կարտոֆիլը խաշվեր, բոլորով սեղան նստեին, բաժակ-բաժակի խփեին, հիշեին կյանքից անժամանակ հեռացած իրենց ընկերոջը
Ասացի`անժամանակ, մինչդեռ միշտ էլ անժամանակ է: Մի թե այլընտրանք ունի...ժամանակը: Տատս կասեր` մարդ մենակ իր մեռնելու ժամանակը չգիտի:
Հա, մտքովն էլ չանցավ համեստություն խաղալ: Հիմա էր ուզում խմել, գիտեր, որ հետո չի խմելու` իր և ընկերների հիշողությունները պիտի սրբագրեր:
Գարեջուր խմելու գայթակղությանը չդիմացան Կարինեն ու Ֆրունզիկը, թեպետ քիչ առաջ քարկոծում էին իր անհամբեր ցանկությանը:
Լավ էր զգումմի քանի կում խմելուց հետո արդեն  մտքի թեթևությունը հակակշիռ էր ժամանակի ծանրությանը:
Անկյունում դրված բազկաթոռը իրարից եղավ: Երևի Կարինեի ծանրությանն ու չափերին չդիմացավ: Խեղճ կինն իզուր ճիգեր էր գործադրում ոտքի կանգնելու համար: Չէ, անհնար մի բան էր առանց բռնվելու փլված աթոռից ազատվել ու ոտքի կանգնել: Ինքը ծանր`կրծքերն իրենից ծանր,Կարինեին նայողը առաջինը կրծքերին էր աչքը դիպցնում :
Չկարողացավ ծիծաղը զսպել`այնպես էր ծիծաղում, որ ընկերներից մի երկուսը միացան իրեն: Ծիծաղը բռնել էր օդը: Դե ինչպես սրտանց չծիծաղեր, ոնց ստիպեր իրեն սպանել պահի զգացողությունը: Հետո ինչ, որ հավաքույթի նպատակը տխուր պատճառով  էր:
Ձեռք մեկնեցին Կարինեին հատակից բարձրանալու համար, իսկ իրարից եղած բազկաթոռի համար Ֆրունզիկը անգամ չնեղսրտեց, ափսոսանքի ոչ մի հնչյուն, ոչ մի խոսք, ասես մեր բազկաթոռն էր ջարդվել:
Անցան շաբաթներ: Մի օր հեռախոսազրույցի ժամանակ ֆրունզիկը թե.
-Հավաքվել էինք մեր վաղամեռիկ ընկերոջը հիշելու, իսկ քո պետքն էլ չէր`խրխնջում էիր:
Բերանին ատամ էլ չկա, բայց լավ էլ կծում է,- մտածեց`լուռ կուլ տալով վիրավորանքը:
Մինչև սրտի խորքը արյունը պղտորվեց: Չհանգստացավ, մինչև որ վաղամեռիկ ընկերոջ հիշատակին ինքն էլ բանաստեղծություն չգրեց: Ֆրունզիկը` որպես հավատարմագիր, շուտ էր թղթին հանձնել իր սերն ու մտորումները ընկերոջ հիշատակին: Հիացել էր իր տաղանդի փայլով`զայրանալով իրեն նմանակողի վրա:
Թեպետ ահագին ժամանակ էր անցել, բայց դեռ Ֆրունզիկի ասածից վիրավորված էր`հետո ինչ,  որ նա ավագ ընկեր էր ու հանգե-հանք տողեր ուներ թղթին տված...
Երբ մի օր Ֆրունզիկին այցելության գնաց, տան անկյունում նեյտրալ դիրքով դրված, նախշավոր ծածկոցը վրեն  ջարդված աթոռը աչքը մտավ: Վրդովմունքը տեղին էր.
-Այ քեզ դզած-փչած խաթաբալա: Չէ, դզելս որն է, շպրտելու բան է, բայց պահում են  ֆասոնի համար: Է,  նախշազարդ ծածկոցով ծածկել են, որ  ինչ?
-Ասում ես խրխնջում էի, հա~,-վրա քշեց սարքովի բարկությամբ: Էս աթոռի վրա դու կնստե?ս,- շարունակեց` հատ-հատ բառերը շեշտելով ու դեպի աթոռը գնալով:
-Ջարդվածա, թող, ձեռք չտաս,- ձայնը բարձրացնելով փորձեց ետ պահել Ֆրունզիկը:

-Էս անբարոյականին ինչի համար եք պահում, երբ ոչ մեկդ վրեն չեք նստում,-ասաց  ու … ծիծաղն էլ  չեկավ: