пятница, 28 августа 2020 г.

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Օրը ճաշ էր դառել, բայց կրտսեր որդին անկողնում պառկած մի կողքից մյուսին էր շրջվում` իր ինչ հոգսն էր, թե տան ու դռան գործ կա, թե գործի պոչից բռնել կա: Ինչ մի մեծ բան էր կերածն ու խմածը, մանավանդ, որ հոր ու ավագ եղբոր պես հոգատար հարազատներ ուներ`աշխատանքից պնդացած մեջքներով, ամուր բազուկներով: Դե, գործն էլ գայլ չէր, անտառ փախչեր, ինչքան ձեռքն հասներ, այնքանը կաներ…Լուսաբացին մոտ էր, որ տուն եկավ: Ուր էր թրև գալիս, ինչ էր անում`չգիտեին: Դուռը թեպետ կողպած չէր, բայց հայրը նրա ոտնաձայնից շապկանց կանգնեց շեմին: Ութսունին մոտ ծերը  չէր քնել ամբողջ գիշեր` ականջը որդու ոտնաձայնին: Արդեն որերորդ անգամն էր մոտենում դռանն ու ինքնախաբված ետ դառնում`լսվող ոտնաձայները թվացյալ էին: Բարկությունն անցել էր և անափ անհանգստությամբ էր սիրտը լի`մի բան պատահած չլիներ որդուն: Ու հիմա, երբ որդին տուն մտավ, նա չկարողացավ պատժել նրան. թթու մի բառ ասել, ապտակել: Մտքում ուրախ նրա վերադարձով` հպվեց որդուն, իբր պատահմամբ ու ետ քաշվեց, որ ճանապարհ տա: Ավագ որդին, նրա կինն ու երեխաները  քնած էին, հայրը չցանկացավ խոսք ու հոխորտով արթնացնել նրանց: Նրանց օրը հոգսաշատ էր անցնում: Իր բազկի ուժը թեպետ պակասել էր, բայց խոսք ու խորհուրդը ավագ որդին գնահատել գիտեր: Հարսից ու թոռներից էլ էր գոհ`իրենց բան ու գործն ունեին, իր պատիվն ու հարգանքը պահում էին: Կրտսեր որդու մասին չէր կարող նույնը ասել. Նա հաճախ էր կորչում օրերով, գիշերները ուշ էր տուն գալիս, ավագ եղբոր հանդիմանանքը թուր ու թվանքով էր ընդունում, տունը կռիվ էր ընկնում: Ավագ եղբայրը տխրում էր հոր հոգոցները լսելիս` բան չէր մնացել հորը ապրելու, էն էլ` տառապանքով: Լավ էր, որ մայրը լուսահոգի էր, չէր տեսնում կրտսեր եղբոր նիստ ու կացը, նրա անառակ վարք ու բարքը: Հայրը կրտսեր որդու երեսը քիչ էր տեսնում: Որդուն երբ բան էր պետք լինում, գտնում էր հորը կամ դրսում նստած ձեռքի գործիքներով մի բան բզբզելիս, կամ այգում` բահի կոթը ափած գործ անելիս…Հոր ծնկները թուլանում էին, երբ կրտսեր որդին սկսում էր սիրով խոսել, հորը գովել ու գովերգել` գիտեր փորացավը, գիտեր ինչու է այդպիսի նախաբանով մոտենում: Մեկ է, վիզը պիտի ծռեր, խեղճացած ձայնով աղերսեր`աստծու գառ դառած… Ախր ինչ էր անում տարած գումարը, նրա մի գիշերվա ծախսածը իրենց մի ամսից շատ կերակրում էր: Զարմանում էր, չէր հասկանում որդուն, բայց և ընդիմանալ էլ չէր ստացվում: Որդին այնպես հեշտ էր համոզում  հորը. մեկ իրեն էին պարտք, մեկ ինքն էր պարտք ուրիշին, մեկ կյանքի հարց էր, որդու կյանքի հարցը…Մոլորվում էր հայրը, շատ ժամանակ ավագ որդուց գաղտնի էր պահում որդու անառակ արարքները`մեկ իր հին ու արժեքավոր ժամացույցն էր կորչում տանից, մեկ արծաթե գոտին, հազար ու մի բաներ ուներ ու չկար, գիտեր, որ որդին է տարել առանց տեղյակ պահելու, պետք է եղել, տարել է`այդպես էլ ասում էր: Աքլոր էր տանելուց հետո, մի բան էլ հոխորտում էր հոր վրա, նրան լռեցնում, երբ հայրը պնդում էր որդու կատարածը հանցանք է: 

Հոգոցները պահել չէր ստացվում` ավագ որդին տեսնում էր ծերացած հոր տառապանքը ու իրեն  էլ դուր չէր գալիս կրտսեր եղբոր վարքագիծը`ինքն աշխատում էր, վաստակում դժվարությամբ, իսկ եղբայրն այնպես հեշտ էր հանում տանից`քամու բերանը տալիս իր մաքուր վաստակը: Մի անգամ, կրտսեր որդին  այլայլված դեմքով, արյունոտված ու պատառոտված հագուստով տուն եկավ: Քիչ  մնաց հոր շունչը կտվեր: Կրտսեր որդին կռվի մեջ էր ընկել, ու հիմա նրան էլի գումար էր պետք`խոշոր գումար,  հարցերը լուծելու համար: Նա առաջարկում էր հորը  դրա համար գրավ դնել տունը, գումարը վերցնել: Խոստանում էր գնալ հեռու մի տեղ, հարուստ երկիր գտնել, կարճ ժամանակում աշխատել վերցրածից էլ շատ գումար, վերադառնալ ու տունը ետ գնել: Հայրը մտատանջության մեջ էր`կրտսեր որդուն անօգնական թողնելը նշանակում էր կորցնել նրան, ընդառաջելու դեպքում էլ  ավագ  որդին ընտանիքի հետ դատարկաձեռն էր մնալու, ինչ անել… Որոշեցին վաճառել  ողջ ունեցվածքը, տալ կրտսեր որդու պահանջած գումարը, մնացած գումարով գոյատևել ու ոտի կանգնել, նոր տնտեսություն ստեղծել: Այդպես էլ արեցին, կրտսեր որդին իր պահանջած գումարից մի բան էլ ավելին վերցրեց ու գնաց, գնաց պարտքը մարեց ու մի հարուստ բախտ գտնելու ցանկությամբ հրաժեշտ տվեց հորն ու եղբոր ընտանիքին: Գումարը տալուց առաջ հայրը կրտսեր որդուն հիշեցրեց, որ նրան սիրով է տալիս այդ գումարը, այլ ոչ թե պարտքով, և որ որդին իրեն ոչ մի լումա պարտք չէ: Քո խղճին եմ թողնում մնացածը`հուշեց հայրը, հուսալով, որ որդին կհասկանա: Կրտսեր որդին թեթև սրտով հրաժեշտ տվեց ու հեռացավ հարազատներից: Ավագ որդին հորը վերցրեց իր խնամքին, թեպետ հայրը դեռ իր ձեռ ու ոտին էր, թեպետ նա ոչ մեկից մի բաժակ ջուր էլ չէր ուզում`այն, ինչը իր կարողության սահմանի մեջ էր, անձամբ էր անում: Հայրը գոհ էր, որ մենակ չմնաց, որ ավագ որդին հալալ կաթնակեր գտնվեց: Նա սիրում էր ասել`պտուղը ծառից հեռու չի ընկնում, բայց կրտսեր որդու անունը տալիս շփոթվում էր, զարմանում, թե էդ ոնց եղավ, որ նա էդքան հեռու ընկավ…

Օրերը`շաբաթներ, շաբաթները`տարիներ, կրտսեր որդին չկար, չէր վերադառնում: Ավագ որդին նոր տուն ու տեղ էր ստեղծել, հաշտ ու համերաշխ ապրում էին: Հայրը առաջվանը չէր, ժամանակը մեկին ուժ է տալիս, մյուսին հալում-մաշում: Հալումաշ եղած  հայրը հաճախ էր տալիս կրտսեր որդու անունը, աչքը դռանն էր մնում, երկար նայելուց ջրակալվում, ամեն տուն մտնողին կարծում էր կրտսեր որդին է` ոգևորվում էր ծերը: Զարմանում էին նրա վրա, որ  կրտսեր որդուն ավելի է հիշում, ավելի է տալիս նրա անունը, քան իր կողքին ապրող բարեպաշտ որդուն: Ավագ որդին գիտեր, որ հայրը կարոտին չի դիմանում, բայց ինչ կարող էր անել:  Լուր ունեին. վերջապես կրտսեր որդին կարգին մարդ է դարձել` փողատեր է , պարտքեր էլ չունի, լավ էր, որ նա դարձի էր եկել:  Բայց  տնից գնացած օրվանից դեսը ոչ մի անգամ նրան  չէին տեսել: Թեպետ գոհանում էին`  լավ լուրեր էին գալիս  նրա գնացած հեռու և հարուստ երկրից: Սպասում էին, բոլորով սպասում էին նրա տունդարձին` գար, գար ծերունի հորը տեսներ, ուրախանային նրա վերադարձով: Հոգևարքի մեջ` աչքն առանց բացելու, հայրը տալիս էր կրտսեր որդու անունը: Կոպերի տակ երևի որդու հետ էր, երևի հավաքույթ էր կազմակերպել կրտսեր որդու վերադարձի առթիվ…







Комментариев нет:

Отправить комментарий