понедельник, 2 июля 2012 г.

ԴՈՒ   ԷԼ   ….ԴՈՒ  ՉԵՍ      /2012թ. 30հունիսի/
Վերևում կուտակված անձրևով լի ամպերը  մթագնած հայացքով էին տեսնում ներքևում ապրողներիս:Օրվա  մռայլ տրամադրությունը չէր դադարում իմը լինելուց: Որոտը ցնցեց ինձ էլ:
-Մի վախենա,քեզ չի հասնի,-շշնջաց մեկն իմ ներսում:Վախենալով մնացի պատուհանին կպած.
-Թող ինչ լինում է լինի,պիտի տեսնեմ ամպրոպի պորտալարը:
Երկնքի կուրծքն ասես այրվեց:Անձրևի մի քանի խոշոր կաթիլ  արցունքի նման ակոսեց պատուհանիս ապակին... ու վերջ:Վերջ,սա աշխարհի վերջը չէ,և ոչ մի վերջ էլ վերջը չէ.Հուսադրող է,որ քեզանից հետո աշխարհն ապրում է,որ քեզ անհիշության չի մատնի:Ուզում ես քեզ գեղեցիկ հիշեն,վերջին պահին մոռանում ես այդ մասին,ամեն ինչի մասին,ամենքի մասին:Ամպերով ու թաքնված արևով  երկնքից մի կում օդ ես աղերսում,քեզ այնքան հարազատ ու այլևս օտար աշխարհից մի պահ շունչդ  պահում ես ու վերջ:Հետո էլի լավ է լինում-հոգին ապրում է:Դու էլ քո դրախտում գտնում ես քեզանից առաջ գտնվողներին:Դու էլ…Դու չես լինում:
Լավ է, նորից լինել անհոգ մանկան անմեղությամբ:Հավատալ,որ ամեն մի վերջ սկիզբ է նորի,որ չապրած օրերդ քոնն են լինելու:Լավ է,որ վախերին չհավատալով ես ապրում,թեպետ կյանքը լի է ախերով  ու վախերով,թեպետ օրերի խեղճությունից տխուր ես լինում:
Լավ է,որ ապրեցիր ինքդ քեզ նման:Սգացիր հարազատ ու մտերիմ մարդկանց օտար մահերը, դու էլ  օտար մնալով մահին:
Ով ասաց, որ մահվան մասին խոսելուց`կանչում են նրան:Դու խոսեցիր բանաստեղծորեն`չհավատալով վախին:Գուցե սա էլ էր հաղթանակի բերկրանք:
Ուրեմն` գնում ես, գնում ես հաղթանակած:
Օրվա աչքը դեռ լրիվ չպարզած` տեղ-տեղ համոզիչ կապույտ է երևում:Վաղը երևի երկինքն  արևոտ  կլինի: