воскресенье, 18 ноября 2012 г.

ՏԵՐԸ ՏԵՂՅԱԿ Է


Մանկության օրերի արձագանքը փնտրող հայացքն անօգ  թափառումից հոգնած երկինք էր բարձրանում`այնտեղ  կարող էր գոնե թևածել գտածի  պատրանքից կառչած: Բայց ինչքան կարող ես ոտքիդ տակն առանց նայելու առաջանալ ու   վիզդ  ձգած  թևածել վերևներում: Ոտքերդ հողոտ են, մտքերդ` ամպոտ: Անցյալի մեջ քաղցրություն ես փնտրում ու ուզում ես չթթվել հայացքդ բռնող գորշությունից: Ցորենի արտերն էլ չկան, շեկ հասկերի տեղակ այս ու այն կողմից  թիթեղի տնակներ են բուսնել`<<դոմիկներ>> ենք ասում դրանց:
88-ի Սպիտակի երկրաշարժից անտեղյակ չի մնացել բերրի այս հողակտորը, որ հիմա կորել է տրորվող ցեխի ու թրիքի մեջ, ուր արդեն տարիներ շարունակ ոտնատակի  կորչում է նրա փառահեղ անցյալը, նրա արտածուփ երազն ու հեռուն էլ իրենը չէր:
Երկրաշարժից փլված տներն ու բակերը թողնելով` մարդիկ զավթել էին արտերի փխրուն կամեցողությունը, օր օրի թիթեղյա տնակները ավելանում էին մեկը մյուսի ետևից, մի քանիսը որպես անասնագոմ էին ծառայում: Արտերը կիսվում էին ձորով հոսող գետակին: Ձորից անդին ձգվող կեսը վերևից էր նայում արդեն բնակեցված ցելերին: Հեռավոր սարերն անտեղյակի հայացք ունեին, թեև վաղուց նրանց փեշերի անտառները հատել-վառել էին եկվորները: Էլի գարուն կգա, էլի աշխարհը կծաղկի,-հավատը կար ամենուր, ապրում էր աշխարհի հետ :
Ամառվա վերջն էր, ձորի ծոցը լիքը ծաղիկ էր, ձորից անդին էլ ծաղկած արտերն էին: Մանուկ օրերին այս տեղերը մի տոպրակ ցորենի շուտ շուտ էր գալիս: Հսկա արտից մի տոպրակ ցորենի գողությունն ինչ էր, որ  բռնեին ու Անիկին պատժեին:
-Երեխա է, երեխություն է անում`ասում էին ու իրեն բաց  թողնում:
Ձորի այս կողմում էր Անիկի ընտանիքն ապրում: Ինքն էր ու իր մարդը, աղջինկն էր  ու մի տղան, հավ ու ճիվ, երկու կթան  կով ու մեկուկես տարեկան ցուլիկը: Իրենց տարածքը գծել էին ` տնակների շուրջը ցցեր ամրացնելով ու այստեղից այնեղից գտած ցանցերը  իրար կապկպելով: Թիթեղյա տնակի ներսում միայն քնելու տեղեր էին`ուր նայում էիր, փռած մինդարներ էին, որոնք  կեղտոտվելու էլ տեղ չունեին: Այս ու այն կողմի վրա շաղ եկած ամանչաման, օրորվող ոտքերով փոքրիկ մի սեղան անթիկնակ միակ աթոռով: Քիթը կախ լվացարանի ջուրը լիքն էին պահում, որ երբ սրա  քթին խփեին, վեր քաշելով քիթը  ջուր  լցներ նրանց ափերն իրար բերած բռերի մեջ: Կարգին տնտեսություն էին: Ավագ որդին վաղուց էր հեռացել տնից, գնացել էր իբր  գումար աշխատելու, ամուսնացել էր մի ռուս աղջկա հետ ու ետ չէր եկել: Ասում էր լավ էլ ընտանիք են կազմել: Հիմա ամուսինն է օրն ի բուն ականջի տակ բզզում` գնամ հա գնամ, ռուսաստաններում փող աշխատելը հեշտ է: Որ գնար, ինքն ինչ էր անելու երկու անչափահաս երեխաների ու անասունների հետ: Ախր մարդն էլ մի կրակի կտորը չէր, հիսունն անց, ուժը պակասած, ասեին կանգնիր` կանգնում էր, որ չասեին նստիր`կանգնած էլ կմնար: Ծնողներն էին ընտրել փեսացուին: Անիկի սիրած տղան  չամուսնացավ հետը`չուզեց, Անիկի ծնողներն էլ  Անիկին հեռու ազգականի հետ ամուսնացրին: Քանի ամուսնու ծնողները կենդանի էին`լավ էր: Նրանց մահից հետո, Անիկը էլ չուզեց Վրաստան  ապրեն: Տուն-տեղ վաճառեցին, եկան հայրենիք տնավորվեցին: Բայց վերջն էլ աղետյալ դարձան: Անիկի ծնողներն ու եղբայրը զոհվեցին`մնալով  տան փլվածքի տակ: Անիկը մեղավոր-մեղավոր էր գոհանում  Աստծուց` իր մարդուն ու երեխաներին լավ էր բան չէր եղել: Վախ ուներ կորցնելու, դրա համար ուզում էր ընտանիքն իրենից անբաժան լինի: Ավագ որդուն չկարողացավ կողքին պահել`հոգսը խեղդում էր,  ամուսինն էլ`  էդքան խելոք լինելով, վերջն  իր ասածն  արեց`նա էլ  գնաց օտարության մեջ  բախտը փորձելու, խոշոր շահումի ակնկալիք  ուներ: Գիտեր, որ մարդը երկարողը չէ, որ դրսերի բան չէր: Անիկը մարդու գնալուց հետո հասկացավ, որ նրա տեղը երևում է: Առավոտից իրիկուն չարչարվում էր, բայց հետ գցածները հաց ու փորի էր:
Մի օր ցուլիկին պինդ չէր պարանել`ուժը չէր հերիքել պարանի ծայրի ձողը հողի մեջ պինդ խրել, սա էլ գլխի ընկնելով`ազատություն էր տվել ինքն իրեն ու տրտինգ անելով փախել էր տանից հեռու: Անիկը տասներկու տարեկան աղջկա ու տասնչորս տարեկան տղայի հետ չափել էր ձորը:
-Մեր ցուլիկին չեք տեսել,- հարցրել էր ում պատահի:
Անիկին որպես <<հավատացյալ>> գիտեին այդ կողմերում: Հավաքույթների էր գնում, ինչքան էր ամուսինը արգելեր, Անիկը չէր ենթարկվել: Աստծո խոսքը լսելը երջանկություն էր նրա համար: Երկրի վրա նրան գանձեր պետք չէր`երկնքում էր ուզում գանձեր դիզել ու դաշտի շուշանի պես էր ուզում ապրել`ապավինելով Աստծուն: Սա կատաղության էր հասցնում նրա հոգածության կարիքն ունեցող ամուսնուն: Մի անգամ  ամուսնու կատաղությունը գլխին էր խփել ու ..քո դաշտի շուշանն էլ, դու էլ,- ասել էր ու որսորդական հրացանը ձեռքն էր առել: Բանից անտեղյակ Անիկը ընկերուհու հետ ասել-խոսելով հավաքույթից տուն վերադառնալիս է լինում:
-Քեզ ու քո Աստծուն ես ցույց կտամ,- որոշել էր ամուսինն ու կատաղած քաշել   հրացանի ձգանը: Հրացանը չէր կրակել`ամուսնու բախտը բերել էր:Այս դեպքից  հետո ամուսինը  խոնարհ ծունկի էր իջել կնոջ առաջ ու մեղանչել նրան.
-Քո Աստված զորեղ է,- խոստովանել էր բանից անտեղյակ Անիկին:
Ուրախանալով ու փառք տալով արդեն նաև իր Աստծուն`  Անիկի առաջ խոնարհվելով  հավատքի էր եկել…
Եղելությունն իմանալով կինն սկզբում վախեցել էր, հետո գոհ էր մնացել հաղթանակից:
Հիմա էլ էր հավատում.
-Աղոթել եմ ցուլիկի համար`չի կորչելու, կվերադառնա, Տերը տեղյակ է,- աջ ու ձախ, սրան ու նրան մի բերան  հայտարարում էր Անիկը:
-Դե քեզ տեսնենք, քո հավատքի զորությունը տեսնենք,- ոգևորում էին Անիկին թաքուն կասկածանքով: Քանիսի հորթն էր կորել, գիտեին էլ ով է տեր կանգնում, ավելի շուտ` գիտեին ովքեր են. մի քանի հոգով բռնում`գոմն էին անում խալխի փախած անասուններին ու հետո մորթում էին: Ով կհամարձակվեր էդ մասին բարձրաձայնել, աննուններ տալ: Անողները փողատեր էին, դեռ Անիկենց էլ հեռու բարեկամ էին գալիս:
--Չեն գտնելու, բայց դե կարողա էլի, ինչ կա որ, մեծ աշխարհա,-իրար մեջ փսփսում էին նրանք:
Երկրորդ օրն էր, ինչ Անիկը երեխեքի հետ չափչփում էր ձորը, վերև -ներքև անում`ցուլիկը  չկար ու չկար:
Ձորով վազող գետակը առաջանալով մի կողմի վրա ճահճացել էր: Կանաչը թաքցնում էր փռված ճահիճը: Աղջիկը մինչև ծնկները խրվեց տիղմի մեջ: Նրա վախեցած ճիչերը խուճապի մատնեցին Անիկին: Որդին իրեն չկորցնելով գնաց և վերադարձավ երկաթե երկար մի ձող ձեռքին: Օգնեցին աղջկան դուրս գալ ճահճացած տեղից: Մի կերպ քարշ տալով հոգնածությունից ծանրացած մարմինները`տուն հասան: Մութ էր: Աղոթելու ցանկություն էլ  չէր մնացել`քնեցին: Առավոտ վաղ դուռը տվեցին: Առանց հարցնելու ով է`բացեց:
-Ձորի մեջ մի ցուլիկ կա պարանած, պապան ասում է եկեք տեսեք, կարողա ձեր ցուլիկնա,- մի երկու տուն էն կողմ ապրող հարևանի տղան էր լուրը բերողը:
Թարս ու շիտակ ոտնամանները հագնելով, հետն առնելով ցնցող լուրի ձենից զարթնած երեխեքին` սլացավ իմացած ճամփով:
-Ախր իրիկունը նայել ենք, էնտեղ չէր մեր ցուլիկը,- լսածին չէր հավատում տղան:
Ցուլիկի բառաչը հեռվից ոգևորեց նրանց`իրենց ցուլիկի բառաչին էր նման:
Ձորի մեջ պարանած, միամիտ արածում էր իրենց ցուլիկը: Աչքներին չէին հավատում: Որդին բարձրաձայն արտասվում էր ու ոտքով հարվածում նրա կողերին:
-Անասուն, քո պատճառով ինչքան չարչարվեցինք, դե կեր, առ քեզ, առ քեզ, էլի կապդ կկտրես,- գիշերվա քնից բան չհասկացած ու դեռ հոգնած որդին չէր հանգստանում` հարվածներից աջ ու ձախ անող ցուլիկի վրա թափելով զայրույթով քողարկված գտնված ուրախությունը:

-Ես ասեցի չէ, որ Տերը տեղյակ է, որ ցուլիկը չի կորչելու: Դե թող հիմա հարևաններս տեսնեն, որ ես Աստծո հետ ուղիղ կապի մեջ եմ, որ ես Աստծո ընտրյալ եմ, շնորհ ունեմ,- ոգևորված խոսում էր Անիկը`ափի մեջ պինդ պահած  ցուլիկի պարանը: