суббота, 11 марта 2017 г.

ԱՅՍՔԱՆ  ԷԼ  ԱՆՍԻՐՏ
Հայելին անդեմ ու համր  էր դարձել`տաք գոլորշին կնքել էր  միամիտ  տափակությունը: Բաղնիքում լավ շոգ  էր: Երկար լողացավ, շատ էր ուզում մի  լավ մաքրվել: Ասես շոգեբաղնիքում լիներ: Աչքն ընկավ  հայելուն: Ինքն այնտեղ չկար: Մատը կամաց սահեցրեց ` մատնելով  նստած գոլորշին, հետո նյարդային շարժումներով արագ-արագ  պարզեցրեց  հայելու դեմքը: Սիրտը տեղն ընկավ իրեն տեսնելով: Ինքնաբերաբար ձեռքն առավ  ֆենը` մազերը չորացնելու համար: Թաց մազերով չէր ուզում դուրս գալ: Մաքուր ու կոկիկ էր ուզում երևալ այլևս: Ասես նոր աշխարհ էր ուզում մտնել:
Իրենք իրենց հավաքված մտքերը թռչունների պես օդ բարձրացան: Նորից այն մեկը, ասես սև ագռավ լինի`նորից ետ կգա: Այսպես ամեն անգամ, ֆենի ձայնից  նա ոտի է կանգնում, թափահարում թևերն  ու  պտտվում իր գլխավերևում` ինչպես որսի հոտն առած  սոված  վայրենի:
-Հերիք չի սիրտս կտցես,- տառապալից դուրս թռավ կրծքից,-  հանգիստ թող ինձ:
-Ես քո թռչունն եմ, դու ես ինձ կյանք տվել,- գլխի մեջ թմբկահարեց  թռչունը:
-Ինձ հանգիստ թող, հեռացիր, ես ուզում եմ  առանց քեզ ապրել:
-Առանց քեզ ինչպես գնամ, դու ինձ բաց չես թողնում: Երբ հեռու եմ լինում, դու ինձ կանչում ես,- կռնչաց թռչունը:
-Գնա, գնա, ասում եմ, ինձ հանգիստ թող,- իր ձայնն էր, ընկավ ականջին:
Լավ էր, որ լսող չկար, թե չէ կասեին մոր մահից հետո խելքը թռցրել է:
-Չէ մի, բա ոնց, մորս մահվան վշտից խելքս թռցրել եմ,- քմծիծաղեց  ինքն իրեն,- ինքը գնաց, էս սև ուրուին ինձ թողեց: Մեռած էլ հանգիստ չի տալիս….
Մայրն այդպես էլ  չհաշտվեց   հետը`խռով մնացին ընդմիշտ: Գոնե հիմա հանգիստ թողներ, բնակարան կիսելու խնդիր այլևս չկար: Առանձին բնակարան էր ուզում` ունի,- չարախնդաց:
-Ինձ համար մի սենյականոց գտեք, թե չէ համաձայնությունս չեմ տա վաճառել  այս  չորս սենյականոցը,- երկու ոտքին  մի  կոշիկ հագած պնդում էր մայրը: Համաձայն չէր տունը վաճառելու հետ ու վերջ:
-Սրանք իմ մեռնելն են ուզում, ախչի,- նեղսրտում էր  մայրը սրան -նրան,- ինքն էլ չհավատալով ասածին:-Ինձ համար տուն չեն առնում, ասում են էսօր-էգուց է մնացել ապրելուդ,  ինչիդ է պետք առանձին բնակարանը `միասին կապրենք: Ես չեմ ուզում միասին ապրենք`ասում էր բորբոքված,- ես ձեր հետ չեմ ուզում գործ ունենալ, հետո էլ ավելացնում,- թե ամուսինս կենդանի լիներ, դրանց  հախեն մի լավ կգար: Ինչ մարդ էր է, իսկը գեներալ, կորավ, մի կտոր հացի պես գնաց,- ձայնը   մեղմացնում   էր  ամուսնուն  հիշելիս: Չէր հոգնում խոսելուց` բամբասելը հո փողով չէր: Ովքեր նրան լսելու համար  ականջ ունեին``ոտքները կախ էին տալիս: Գալիս էին  նրա տնից  իրեր գնելու հարմար ու կրակն էին ընկնում: Տան եղած սպասքն ու շուշեղենը  վաճառել էր քիչ-քիչ:
-Իրենցից էլ առողջ եմ, ինձ ինչ է եղել, որ մեռնեմ,- բողոքելուց չէր հոգնում Շուշիկը: Ես պիտի մեռնեմ, որ իրենք ապրեն, ինչ է,- ձգում էր ամեն անգամ: Իրենց համար բնակարան առնելու փողը  իմ բաժին գումարից  են ուզում  հանել` բողոքում էր բորբոքված, տեղը պինդ նստում  ու բնակարանը թույլ չէր տալիս վաճառեն, իսկի պետքն էլ չէր, որ մանր երեխաների հետ  դռներին  են  մնացել  հարսն ու աղջիկը `վարձով բնակարան փոխելուց, վարձավճար տալուց հոգնած ու կատաղած: Աղջիկը բաժանված էր ամուսնուց, հարսն էլ` այրիացած: Նրանք էլ էին ուզում   իրենց սեփական անկյունն  ունենալ: Ինչ անեին, որ տան համասեփականատեր էր  Շուշիկը:
 Յոթանասունմեկ տարեկան էր տիկին Շուշիկը, միշտ ներկած եղունգներով, ներկած շրթունքներով, կասկածում էին` սպիտակ մազ  ունի, թե` չէ, մազերը ներկելը երբեք  չէր ուշացնում: Խաս մաշկի ճմրթվածությունը դեմքի ու ձեռքերի վրա`մատնում էր տարիքը , բարձր ու ձիգ հասակը լավ էր պահպանվել: Մայրն առաջացած այդ տարիքում  ավելի գեղեցիկ էր, քան աղջիկը,  ով բոյով -ջանով հորն էր քաշել`կնոջ համար կոշտ ու կոպիտ կազմվածքով: Հետը խռով էր մայրը, գնալ-գալ չկար: Միայն աղջկա  տղայի հետ կապ ուներ Շուշիկը: Մեկ-մեկ թոռը գնում էր, ողջությունը իմանում, տատից ձեռքի ծախսելու փող վերցնում: Իր համար մենակ  ապրում  էր չորս սենյականոց բնակարանում: Տանը եղած սպասքից  համարյա բան չէր մնացել` վաճառել էր: Միայն տունն էր, որ ժառանգները բաժին ունեին ու պիտի տար: Չտար`կռիվ էր, սառը պատերազմ: Շահի խնդիր կար, որ բարոյական օրենքներ չէր ճանաչում, որ ստիպում էր թշնամանալ  ու մերժել անգամ սեփական աստծուն:
Ամեն ինչ ուրիշ էր, երբ  դեռ եղբայրը կենդանի էր, հացի շուրջ հավաքվում էին, երջանիկ ապրում էին, շեն էին, օջախ էին: Եղբոր մահից հետո քանդվեց իրենց օջախը: Մի երկու տարի առաջ` հարազատներից մեկի հարսանիքի  ժամանակ,  եղբայրը գլուխը տաք- տաք վեճի էր բռնվել  քավորի հասցեին բան ասողների հետ, կանգնել էր քավորի թասիբին: Վիճաբանությունից  մեծ կռիվ էր ծագել`կրակել էին իրար վրա: Հրազենի վնասվածքը  եղբոր կյանքի համար մահացու էր եղել: Նրա  այրին  սկեսրոջը երկար չէր դիմացել` երեխաներին առել, գնացել վարձով էր ապրում: Մարդ  հարազատ ծնողին  գլուխ չի  խոնարհում`ինչ մնաց հարսը, էն էլ` վիրավոր ու դառնացած: Չէ, մայրն էլ իրեն կարգին չէր պահել, քարի մեկը կոշտ պիտի լինի, մյուսը` փափուկ, սա իրենց ընտանիքի համար չէր  ասված: Փոքր էին  եղբոր երեխաները`հինգ և երեք տարեկան: Եղբոր ընտանիքին քավորն էր տիրություն անում: Շուշիկը հարսին չէր դիմացել ու մի օր ի լուր աշխարհի հայտարարել էր, թե գիտեք էսպես ու էնպես, քավորը քնում է հարսիս հետ: -Ես միամիտ կին չեմ, հա, կյանք տեսած, ապրած, իմ աչքերը չեն կարող կապել,- ցուցամատը օդում պտտելով ասել էր նա:
-Կարողա սխալվում ես, այ պառավ, <հեղինակություն> է ձեր քավորը, դա  հնարավոր բան չի,- ավելին իմանալու ակնկալիքով կասկածամիտ էին  ձևացել լսողները :
-Էս գլխով շատ բաներ են  անցել, էս աչքերն էլ շատ բան են տեսել,- ձեռքով թե գլուխը, թե աչքերը ցույց տալով շարունակել էր պնդել Շուշիկը: Թե ուղիղն ասեմ` աղջիկս էլ է քավորի հետ,- եղածին մի բան էլ ավելացրել էր նա: էհեյ, դրանք ինձ հիմարացնել  չեն կարող ,- ցուցամատը օդի մեջ պտտելով ձայնել էր երգեցիկ:
Պառավ ասողներից չէր նեղանում, տիկին Շուշիկ էր ամուսնու կենդանի ժամանակ, և հետո էլ` գիտեր,  որ ինքն էնքան էլ պառավ չէ`դեռ երկար էր ապրելու: Տան դուռը փակել էր աղջկա առաջ էլ, հարսի  առաջ էլ:
Շուշիկի արած բամբասանքը գնացել հարսի ականջն  էր ծակել:
-Մորդ լեզուն գնացքի տակ ընկնի, որ էլ ավել-պակաս չհաչա,- երեսին ճչացել էր  եղբոր այրին: Չի էլ սատկում` պրծնենք,- վրա էր բերել կատաղած:
 Իրեն էլ էին հասնում մոր ասածները, խոսքը  բերողները մի բան էլ վրեն ավելացրած էին բերում, ասես ուրախանում էին իրենց դժբախտության վրա:
-Բա գիտես, ձեր մասին ինչեր է  ասում,- ու սկսում էին …  Ուրիշի բերանով հեշտ էր բամբասանքը տարածելը: Երկու ձեռք ուներ`երկուսի բերանը փակեր, բա մյուսներին ինչ աներ:
-Մայրս երևի խելքը թռցրել է,- երեսանց  հանգիստ պատասխանել էր բամբասկոտներին`  ու ներքնուստ խառնվել իրար:
-Ախր ոնց է մոր համարձակությունը հերիքում լեզուն այդպես պտտել` աջ ու ձախ շաղ տալ կեղտը, իրենց անունը վարկաբեկել:
-Երևի գայլի սիրտ է  կերել էդ կնիկը,- մտածել էր, ընկել  մտքերի մեջ:
Քավորը մի թրխկոցով կփոշիացներ մորը, շատ խոսողներին էլ հետը: Ինքն էլ էր  շան  նման  վախենում  քավորից: Նրա նման <պատվավոր> մարդուն ով կարող էր մի թարս  բան ասել կամ մերժել ուզածը…
Մայրն իր  անունն էլ էր բերնեբերան գցումխալխի բերանի ծամոնը  դարձնելով, կարևոր չէր ասածների ճշմարտությունը: Գիտեր, որ մայը վատն է, բայց այդքան չար նրան  չգիտեր: Շրջապատի ուշադրության կենտրոնն էին դարձել:
Ասես ամբողջ աշխարհի ցավը կտրվել էր`բոլորը  տնքում էին իրենցով:
-Պետք է դրան վերջ դնել,- այդ ամենի մասին իմանալով հրամայել էր քավորը,- և ավելացրել` արագ:
-Ամեն ինչ կկարգավորեմ,- խոստացել էր: Խոստացել էր ու մոլորվել, ընկել մտատանջության մեջ`մնացել ջրի ու կրակի արանքում:
-Միայն թե  քավորը  իր տղային չխառներ այդ  գործին,- սիրտը խփել էր տղայի համար:
Խոստացել էր խոսել մոր հետ: Փողոցում հանդիպել էին, նորից էին  կռվել`աղմուկով լցնելով օդը: Օրը ցերեկով, խալխի  աչքի առաջ իրեն  պոռնիկ էր անվանել`ավելի էր գազազել մոր վերաբերմունքից: Պառավին լռեցնել  չի  լինի`կրկին անգամ  համոզվել էր  ու  մոլորվել: Մայրն առանց մտածելու կրակի հետ էր խաղում`ընտանիքի  ողջ ու  մեռած  անդամների պատվի խնդիրը հացի խնդիր էր դարձել:
Գիշեր էր: Որդին հոգնած օրից` քնած էր, սկսեց  քրքրել  նրա հագուստի գրպանները: Քնած տեղում տղան շրջվեց`ասես զգալով մոր ջերմությունը: Շունչն իրեն պահեց`չանելով ոչ մի շարժում: Համոզվելով, որ տղան չարթնացավ, հնարավորինս զգույշ շարունակեց  փնտրել: Որտեղ կարող էր պահած լիներ տղան մոր տան բանալու կրկնօրինակը: Սենյակում փնտրելուց հետո գտավ տղայի վարտիքի գրպանում` ծխախոտի դատարկ տուփի մեջ էր, ծանրությունից զգաց: Տուփը տեղը չդրեց.
-Թող աչքից հեռու լինի, որ չհիշի բանալու մասին: Եթե նկատի որ չկա, թող մտածի ուրիշ տեղ է դրել`մեկ է, փնտրելու համար ժամանակ չի ունենա,- որոշեց ու բանալին հանելով տուփից դրեց ծոցը`միտքը վրեն, տեղն ապահով:
Մայրն իր տղային  պատվիրել էր, որ  բանալին  ոչ մեկի ձեռքը  չտար: Խոսքի մեջ էր լսել տղայից:
-Կարող է էլի, հանկարծ ինձ մի բան պատահի, կարողանաս դուռը բացել, տուն մտնել,- բանալին թոռանը տալով  չարից ու փորձանքից իրեն ապահովագրել էր Շուշիկը:
Հաջորդ օրը առավոտից  մինչև կեսգիշեր տղան քավորի հետ էր`գործեր կային, հարցեր կար լուծելու: Քավորը նրան բաց չէր թողել: Տատին խոստացել էր երկու օրից գնալ տեսության, բայց չէր կարողացել ,- մտքում դարդոտել էր ու վախեցել էր բարձրաձայնել: Տատի անունը տալուցքավորն իրեն էլ կհայհոյեր տատի հետ:
Լավ էր, որ տղան տանը չէր: Մի քանի օր էր ինչ  կեսգիշերն անց գալիս էր հոգնած, առավոտ շուտ գնում քավորի մոտ:
Օրն իր վերջին էր մոտենում: Մոր  բնակարանի բանալին ձեռքում տրորելով ` տանից դուրս եկավԿիսամութ էր արդեն, քայլերն իրենք իրենց  տարան վերջին`հինգերորդ հարկի մոր բնակարանի դռան մոտ: Կանգ առավ: Ձայներ էին լսվում ներսից: Լսողությունը լարեց: Հեռուստացույցի ձայնն էր, համոզվեց: Զգուշորեն բացեց դուռը, կամացուկ առաջացավ:
-Պառավ քեզ պառավ, իրեն լավ էլ նայում է ,- նկատելով սեղանին դրված մրգով լի վազն ու շոկոլադի տուփը,- մտքում չարացավ: Վազն այնքան լիքն է, որ մրգի տակ չի երևում,- խեթ հայացքով չափեց ու առաջացավ:
Հսկա բնակարանը դրել է քամակի տակ  քիչ է, ավել-պակաս էլ այստեղ-այնտեղ հաչում  է,- զգաց որ գնալով նյարդայնանում է, չարությունը աճում է սրտխփոցի հետ:
-Հեռուստացույցն ում համար է միացրել,- մտածեց ու նույն պահին էլ հեգնեց,-տունը լցնում է <հարազատներով>:
Կամացուկ գնաց  լոգարանի կողմը: Դուռը կիսաբաց էր: Մայրը լոգանք էր ընդունում փրփրաջրի վայելքին տրված:
-Ասա քո էդ տարիքում քեզ ում տեղն ես դրել,- մտքում նորից  չարացավ մոր վրա: Ինքն իսկի խմելու ջուր չուներ: Թևահան եղավ ջուր կրելով: Բակի միակ աղբյուրի գլխին մինչև ձեռքը չէր պահում, ջուրը չէր գալիս: Դեռ շատ ժամանակ էլ հերթ էր լինում: Խալխի  կիսաքանդ տանն ինչքան ապրեր շան կյանքով, իսկ սա էստեղ լոգանք է ընդունում,- չարությունից փրփրեց:
Պետք էր շտապել: Մտավ  լոգարան: Ձեռքն առնելով պատից կախված  ֆենը, արագ միացրեց վարդակին:
-Իմ տանն ինչ ես անում, դուրս գնա էստեղից,- նրան տեսնելով ճչաց  մայրը,  բռնելով լոգարանակոնքի եզրերից` փորձելով բարձրանալ: Նույն պահին էլեկտրական  հոսանքին  միացրած  ֆենը նետեց  ջրի մեջ:
-Ամեն ինչ բնական պիտի լինի,- պատվիրել էր քավորը:
Մի քանի վայրկյանից հանգավ լույսը: Հեռուստացույցի մարդիկ էլ չէին խոսում:
Ջրի ծորակը կիսաբաց թողեց, ջուրը սկսեց ցլթցլթալով լցվել առանց այդ էլ լի լոգարանակոնքի մեջ….
Համոզվելով, որ շքամուտքում մարդ չկա, արագ դուրս եկավ բնակարանից, իր հետևից  կողպելով դուռը:
Երբ տղան տուն եկավ, ուշ գիշեր էր: Քավորը միայն մի րոպեով տուն մտավ: Չնստեց, որքան էլ տղան պնդեց: Ասաց, որ վաղը իրեց շատ գործ է մնում անելու, որ առավոտյան պիտի նորից տեսնվեն, ավարտեն կիսատ մնացած գործերը:
-Տատը կանչել էր, քանի օր է գնալ չկարողացա, գոնե վաղը շուտ վերջացնենք, գնամ տեսնեմ ինչ էր ասում,- ասես ինքն իր հետ բարձրաձայն  խոսելով` որդին  մտավ անկողին: Չարձագանքեց տղային, ուրիշ ժամանակվա պես լուտանքներ չթափեց մոր հասցեին` լռեցնելով որդուն:
-Պրծան պառավից, կարծես թե պիտի հանգիստ շունչ քաշեն: Ինչ մի վատ բան է արել որ: Ինչ էր մնացել մորն ապրելու`ոտքի մեկն արդեն  գերեզմանում էր: Շատ էլ  թե մայրը պարծենում էր իր ցեղի  երկարակեցությամբ: Չէ մի, ինսունինը տարի պիտի ապրեր իրենց կյանքն ուտելով, ցեխ շպրտելով իրենց հասցեին, իրենց պատիվը գետնին  գցելով,- տալիս - առնում էր ինքն իր մեջ:
Քնել  չկարողացավ, ասես խոր գիշեր չլիներ: Օրը բացվելուն պես մոր մահվան  լուրը տարածվեց`պառավը մահացել էր էլեկտրական հոսանքի հարվածից`  ձեռքից անզգուշությամբ  ջրի մեջ գցելով  միացված  ֆենը: Դռան թակոցին  տիկին Շուշիկի չարձագանքելը կատաղության տեղիք էր տվել առանց այդ էլ չարացած ներքևի հարկի հարևանին, ում տան առաստաղը  թրջվել էր Շուշիկի տնից կաթացող ջրից:  Նա էլ կանչել էր թաղային տեսուչին: Մի կերպ իմաց էին տվել հարազատներին, որ գան դուռը բացեն, որ դուռը չկոտրեն: Տղան իմանալով, վազեվազ հասցրել էր բանալին: Թաղայինի ու հարևանի  ներկայությամբ բացել էր դուռը: Մահացած տատին տեսնելով, թոռը խառնվել էր իրար`գոռացել ու կանչել նրան…
Հարազատները Շուշիկի մահվան լուրն առնելով եկել էին, որ տեր կանգնեն: 
Տեղը-տեղին, ծանր ու մեծ  ծաղկեպսակներով հարուստ  հուղարկավորությանը  նախանձողներ շատ եղան: Բա  հացը, ինչ հաց տվեցին,- ողորմի էին տալիս ուտող- խմողները, երանի էին տալիս  մեռած Շուշիկի բախտին
Նորից նույն  թռչունը, չէր կարողանում պոկվել բվվոցից: Աներեսի մեկն էրիրենից չէր հեռանում: Ինչքան էլ իրեն վատ զգար`սրա իսկի պետքն էլ  չէր: Ֆենը միացնելիս վեր էր թռչում, թևերին տալիս իր բաժին օդն  ու քիչ էր մնում  սիրտը գնար:
Այսքան էլ անսիրտ…