воскресенье, 10 ноября 2013 г.

ԵՎ  ՈՉ ՄԵԿԸ ՍՈՎԱԾ ՉՄՆԱՑ

Եւ առաւօտեան երբ  քաղաք վերադարձաւ, քաղց զգաց:

Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով`եկաւ  դէպի այն

 եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն` տերեւ:ԱՆԻԾՈՒԱԾ ԹԶԵՆԻՆ/Մարկ.11.12-14,20-24/

 Համբերությունն էլ վերջ ունի, ինչքան սպասել,- մտածեց խլահավն ու անցյալ տարվա կերած թզի համը դեռ բերանում թռավ դեպի թզենու ծառը:

--Իհարկե, կարելի էր էլի համբերել, բայց մինչև երբ,- մտածեց արջակապիկն ու ճանապարհը թեքեց դեպի թզենին:

-Հետո էլ ասում են մռթմռթոցս չեմ կտրում, գնամ դեպի թզենին, թափված թզեր կլինեն,- գլուխը կախ մռթմռթաց վայրի խոզը:

Անտառից դուրս` մի բացատում, թզենին տարածել էր ճյուղերը:  Գուցե թաքուն խոստում ուներ տված անտառի բնակիչներին, որ սրանք պահպանեն իր հետ բարեկամական  կապն ու հենց կանչի` գտնեն իրեն, գան ու հագենան իր քաղցրահամ պտուղներով ու ինքը թեթևություն զգա: Ու հիմա պտղել էր թզենին, ճյուղերը ծանրացել էին բերքի առատությունից:

-Եկեք ինձ մոտ, բոլորդ եկեք,- կանչում  էր անուշահամ պտուղներով լի  ծառը:

Եվ եկան, եկան շատերը`մի մասը լսելով թզենու կանչը, մի մասը հիշելով կերած պտղի համը. թռչունները ճեղքեցին օդն ու թառեցին նրա ճյուղերի վրա, սկյուռիկներն ու կապիկներն իրար հերթ չէին տալիս` ծառի ճյուղերից  պոկելով հասած պտուղները ուտում էին այնպես, ասես վախենում էին չկշտանալ, ծառի տակ թափված պտուղները  մնում   էին եղնիկներին ու այծամներին, վարազներին ու խոճկորներին: Բոլոր-բոլորը բոլորել էին թզենու շուրջը: Միայն մարդը չկար: Նա չգիտեր, որ այդ ծառի տերն էլ է ինքը և տեղը չգիտեր, որ իշխեր: Մարդը չգիտեր այդ պտղած  թզենու մասին: Մարդու մտքով չէր անցել գտնել ինքն իր համար հաստաբուն ու փարթամ դարձած պտղատու այդ ծառը: Մարդը դեռ ոչ մի անգամ չէր համտեսել վայրի թզենու պտուղները: Քաղցրահամ ու հասած էին պտուղները, ու շատ-շատ, այնքան շատ, որ բոլորին կհերիքեր: Վագրը, որ նույնպես քաղցած էր, նա էլ էր եկել թզենու կանչին: Ինչ կերուխում էր թզենու շուրջը, իսկական խնջույք: Իսկ վագրի մտքին եղնիկի ձագն էր, նա թուզ ուտելու ցանկություն ամենևին չուներ: Վագրը գողի նման մոտենում էր  հանգիստ ու անթաքույց իր համար ուտելով տարված եղնիկի ձագին: 

-Եկեք ինձ մոտ և բոլորդ կուշտ կլինեք,-կանչում էր պտուղների ծանրությունից հոգնած  թզենին:

Եվ գալիս էին քաղցածները, գալիս էին պղի համը տեսածները, գալիս էին ու գալիս: Եվ ամենքը կուշտ էին, գոհացած ու բարի էին:

Վագրը, որ թզենուց չէր հեռանում, աչքն արյուն առած նայում էր ու դեռ քաղցած էր: Նա գողեգող հասավ եղնիկի ձագին ու ճանկեց նրան:

Իսկ թզենին շարունակում էր կանչել.

-Եկեք ինձ մոտ, և բոլորդ  կուշտ կլինեք…..

 


Սանձարձակության պահին քամու օձիքը բռնեց  Տեր Աստված.

-Դու քո չափն անցել ես,- ասաց  Տերը: Փոթորիկներ ես անում, տներ  ես քանդում քիչ է, մարդիկ էլ  ես սպանում: Բոլորովին էլ էական չէ, թե դու ինչ աննուներով ես հանդես գալիս` ղեկավար մեծ պաշտոնյայի, թե թույլ սեռի ներկայացուցչի, ասենք` Կատրին անունով: Սա  քեզ համար արդարացում չէ , ես այլևս թույլ  չեմ տա քեզ Քամի, որ քամի անես,- սպառնաց  Տերը:

Քամին, որ արդեն հավաքվել  էր ինքն իրեն, սկսեց փաթաթվել Տիրոջը, շոյել նրա ճակատն ու փչել ականջին.

-Բարձրյալ, դու քո վերևում մնա և մի խառնվիր  նվաստներիս գործերին: Ծով է`պիտի փոթորկվի էլ, հանդարտվի էլ,  օր է`պիտի բացվի էլ, մթնի էլ, տաքն ինչով է ավելին  սառից: Դու` իմաստունների իմաստուն,- շարունակեց փչել  քամին,- թող ուժեղը ցույց տա իր ուժի տեղը, որ թույլը նահանջի, ու թող ապրողը`ապրի: Այս աշխարհը` հենց սկզբից կատարյալ է իր անկատարությամբ, իմ գոյությամբ պարտական եմ քո խոսքին, էլ  ինչիդ է պետք հսկել  երրորդ աչքի զգոնությամբ: Մի անգամ էլ ասա`Թող, ինչպես առաջ,  ու կտեսնես, որ ես  անուղղելի չեմ…