среда, 27 апреля 2022 г.

 

ԵՎ  ՈՉ ՄԵԿԸ ՍՈՎԱԾ ՉՄՆԱՑ

Եւ առաւօտեան երբ  քաղաք վերադարձաւ, քաղց զգաց:

Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով`եկաւ  դէպի այն

 եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն` տերեւ:ԱՆԻԾՈՒԱԾ ԹԶԵՆԻՆ/Մարկ.11.12-14,20-24/

 

Համբերությունն էլ վերջ ունի, ինչքան սպասել,- մտածեց խլահավն ու անցյալ տարվա կերած թզի համը դեռ բերանում թռավ դեպի թզենու ծառը:

--Իհարկե, կարելի էր էլի համբերել, բայց մինչև երբ,- մտածեց արջակապիկն ու ճանապարհը թեքեց դեպի թզենին:

-Հետո էլ ասում են մռթմռթոցս չեմ կտրում, գնամ դեպի թզենին, թափված թզեր կլինեն,- գլուխը կախ փնթփնթաց վայրի խոզը:

Անտառից դուրս` մի բացատում, թզենին տարածել էր ճյուղերը:  Գուցե թաքուն խոստում ուներ տված անտառի բնակիչներին, որ սրանք պահպանեն իր հետ բարեկամական  կապն ու հենց կանչի` գտնեն իրեն, գան ու հագենան իր քաղցրահամ պտուղներով ու ինքը թեթևություն զգա: Ու հիմա պտղել էր թզենին, ճյուղերը ծանրացել էին բերքի առատությունից:

-Եկեք ինձ մոտ, բոլորդ եկեք,- կանչում  էր անուշահամ պտուղներով լի  ծառը:

Եվ եկան, եկան շատերը`մի մասը լսելով թզենու կանչը, մի մասը հիշելով կերած պտղի համը. թռչունները ճեղքեցին օդն ու թառեցին նրա ճյուղերի վրա, սկյուռիկներն ու կապիկներն իրար հերթ չէին տալիս` ծառի ճյուղերից  պոկելով հասած պտուղները ուտում էին այնպես, ասես վախենում էին չկշտանալ, ծառի տակ թափված պտուղները  մնում   էին եղնիկներին ու այծամներին, վարազներին ու խոճկորներին: Բոլոր - բոլորը բոլորել էին հավաքվել թզենու շուրջը: Միայն մարդը չկար: Նա չգիտեր, որ այդ ծառի տերն էլ է ինքը և տեղը չգիտեր, որ իշխեր: Մարդը չգիտեր այդ պտղած  թզենու մասին: Մարդու մտքով չէր անցել գտնել ինքն իր համար հաստաբուն ու փարթամ դարձած պտղատու այդ ծառը: Մարդը դեռ ոչ մի անգամ չէր համտեսել վայրի թզենու պտուղները: Քաղցրահամ ու հասած էին պտուղները, ու շատ - շատ, այնքան շատ, որ բոլորին կհերիքեր: Վագրը, որ նույնպես քաղցած էր, նա էլ էր եկել թզենու կանչին: Ինչ կերուխում էր թզենու շուրջը, իսկական խնջույք: Իսկ վագրի մտքին եղնիկի ձագն էր, նա թուզ ուտելու ցանկություն ամենևին չուներ: Վագրը գողի նման մոտենում էր  հանգիստ ու անթաքույց իր համար ուտելով տարված եղնիկի ձագին: 

-Եկեք ինձ մոտ և բոլորդ կուշտ կլինեք,- կանչում էր պտուղների ծանրությունից հոգնած  թզենին:

Եվ գալիս էին քաղցածները, գալիս էին պղի համը տեսածները, գալիս էին ու գալիս: Եվ ամենքը կուշտ էին, գոհացած ու բարի էին, իսկ մարդը չէր երևում:

Վագրը, որ թզենուց չէր հեռանում, աչքն արյուն առած նայում էր անկուշտ: Նա գողեգող հասավ եղնիկի ձագին ու ճանկեց նրան….

Իսկ թզենին շարունակում էր կանչել.

-Եկեք ինձ մոտ, և բոլորդ  կուշտ կլինեք…..

 

 

*********   ********

Մատաղի գառ էր`սպիտակ ու սիրուն, թմփլիկ ու մաքուր պահած: Երեխաներով իրար հերթ չէինք տալիս շոյել  գառի գլուխը, իսկ նա մեր անմեղ մոտիկությունից փախչելով հորս հետևից էր գնում: Հայրս ձեռքը տանում էր հնամաշ <ֆրենչի> գրպանն ու բուռ արած գարի հանելով ձեռքը մեկնում գառի դնչին: Սա ուտում էր գարին` հորս մատները լիզելով, ու շարունակում հորս մոտիկ մնալ: Այնպես պայծառ օր էր`մաքուր օդով, մանուկներիս մտքի պես պայծառ: Օրը դեռ կեսօրին չէր հասել, գիտեինք, որ գառը մատաղացու է`հայրս պիտի մորթեր: <Հայր մեր>-ը չգիտեինք, բայց գիտեինք, որ գառը Աստծո սերն ու բարեգթությունը շահելու համար է մատաղացու  

Գառի գլուխը հետո էլ չէինք շոյում` արյունոտ էր: Որ ուզենայինք մոտիկանալ, մեծերը մեզ մոտ չէին թողնի` մեզ այդպես էր թվում ու լռակյաց, կողքից խղճում էինք գառին, մինչդեռ գառի բաց աչքերը անթարթ նայում էր ամեն մեկիս….

Միսը շատ համեղ էր, չփչփացնելով վայելում էինք` դրսում, տախտակներով կապած երկար  սեղանի ծայրին հավաքված: Գառը չէր հասցրել վախենալ, դրա համար էլ միսը համեղ էր` հայրս  դա գիտեր, հետո մենք էլ դա հասկացանք, թե ինչու էր մորթելուց առաջ գառին սիրում հայրս:

Հայրս էլ մեր նման  տերունական աղոթքը չգիտեր, որ սկսվում էր` <Հայր մեր>-ով,  և վերջանում Աստծո  արքայության ու փառքի լինելիության հավիտենությամբ`

Հայր մեր, որ յերկինս ես….

 

ՄԱ՛Մ, ԳԼԽԱՑԱՎԴ ԱՆՑԱ՞Վ

 ՄԱ՛Մ, ԳԼԽԱՑԱՎԴ ԱՆՑԱ՞Վ

Մայրս ութսունն անց է: Մարմնով կուչ է եկել արդեն, բայց իր ձեռքին - ոտքին է,  պայծառամիտ է, աշխարհ տաս` կղեկավարի…

Ինձնով հղի լինելուց առաջ, եղած հղիությունը մորս չի մնացել` փուլ է եկել: Մորս գլխին հաճախ են փուլ ածել երկինքը, երբ հարսնություն է արել անպտուղ: Երբ մայրս ինձ արդեն իր կրծքի օվկիանոսում ուներ, գլուխն սկսել է ցավել: Ուժեղ գլխացավերից հաճախ է գամվել անկողնուն: Հարևանը, որ տան անդամի պես է եղել մորս մոր հետ`մտահոգությունն է կիսել տատիս:

-Վերգո՛,- ասել է նա տատիս, - կարո՞ղ է սրբից լինի, արի աղջկա՛նդ տանենք նետ դնողի մոտ, տենանք ո՞ր ըխտից է:

Վերգինե տատս, որ Վերգո էր բոլորիս համար, համաձայնում է: Մորս տանում են նետ դնողի մոտ: Մայրս ասում է, որ  նետ դնողը ինչ ըխտի անուն տվեց, մաղը չշարժվեց: Հենց հասավ Սուրբ Նշան անվանը, նետ դնողի ձեռքից թելով կախված մաղն սկսեց պտտվել:

-Սուրբ Նշան ըխտից է կլխացա՛վը,- հայտարարել է նետ դնողը:

Մոմեր են առնում մերոնք ու գրավ դնում հարևանի տանը,  մինչև որ ես լույս աշխարհ գամ, հետո տանեն, վառեն:

--Օրե՛նք էր,- ասում է մայրս, - գրա՛վ բդի տնեինք,  իրավունք չուներ մոմատերը չվառած մոմերը պահել իր տանը: Յակտե՛նց տանը թողինք մոմերը,- հիշում է մայրս: Սա էլ մյուս հարևանն էր տատիս տան կողմից: Մորս հարցնում եմ.

- Յակտը անո՞ւն չուներ:

-Ոնց չունե՞ր, ունե՛ր, Համբարցում էր անըմը,- ասում է մայրս: Դպրոցի պլակատները սաղ ինքն էր գրըմ: 

-Բա խի՞ եք Յակտ ասում,- զարմանում եմ ես,-Համբարձում ասեի՛ք:

-Եսի՛մ խի են ասըմ, ավել անըմնա,- իմ հարցից ազատվում է մայրս:

Մոմերը գրավ դնելուց հետո, անցնում են օրեր:  Յակտի մորը սկսում են անհանգստացնել երազներում, թե բա` էս մոմե՛րը պետք է վառել, էլ մի՛ պահեք: Յակտի մայրը` Սիրուշը,  տատիս պատմում է իր տեսած երազները, որ անընդհատ կրկնվում էին: Ի՞նչ անեին, մայրս արդեն ծանրացած է լինում ինձանով: Զոխո անունով հարևանն ասում է.

- Ե՛ս էդ ըխտի ըխտավորն եմ, տվե՛ք էդ մոմերը, տանեմ, ձեր անունից կվառեմ: Մոմերն առնում, տանում է: Զոխոն վախեցած հետ է գալիս, պատմում մերոնց, որ երբ մոմերը վառել է, մի մարդ ընկնավորի պես ընկել է գետնին, թե բա` խի՞ վառեցիք էդ մոմերը, դրանց տե՛րը պիտի գար վառեր, ուխտն ընդունված չէ՛…Ճարահատյալ մայրս ու իր մայրը, նոր մոմեր առած, գնում են Ս. Նշան ուխտի: Զոխոն է տանում:

- Վարթուշ է անըմը, համա ավել անըմով ին ճընանչըմ:  Բա ո՞վ տաներ, էդ ըխտի՛ տեղը մենք շատ գիդեինք,- պատասխանում է մայրս, երբ հարցնում եմ:

-Կայարանից նստեցինք ռաբոչի՛ն, էրկու վագոնանի պոեզա՛, Քոբեր կայնըմ էր մի էրկու րոպե` իչանք: Սա՛ր ենք բարցրանըմ, սարի կլխի՛ն է Ս. Նշանը: Դե, Լոռվա կողմերում էլի, շատ եմ հիշը՞մ տեղը,- հիշում է մայրս…

Սարը բարձրանալիս մայրս հաճախ է կանգ առնում, ձեռքը մեջքին հենելով: Ինձ հենվելով է բարձրանում մայրս, մատների հետքերը դաջելով իմ մեջքին` նշան անելով Ս. Նշանի ճանապարհին: Երեք կանանցով` տատս, մայրս, Վարդուշ անունը անհիշության թողած Զոխոն, տեղ են հասնում: Մոմերը վառելուց հետո, տարած աղավնիները տալիս են մի մարդու, ով ամբող ժամանակ հետևում է մերոնց, թե բա` ա՛ռ, մորթի՛ր, տղամա՛րդ ես: Սա վերցնում է աղավնիներն ու անխոս օդ թռցնում: Երբ մերոնք ուխտ անելուց հետո նստում են հացի, այս մարդը նորից աչքների դեմ է կանգնում: Հացի են հրավիրում, ո՛չ խոսում է, ո՛չ մոտենում: Մերոնք չգիտես ինչո՞ւ վախեցած հավաքվում են ու սարն ի վար շտապելով իջնում: Մայրս ասում է. 

-Թեզ-թեզ հետ ինք նայըմ, տենա՛նք հո յենըցներս չի կալիս: Մի քիչ էկավ ու մեկ էլ որ հետ նայինք, էլ չըրևաց…

-Մա՛մ, հետո՞, մամ, բա էդ մարդը ո՞վ էր, չիմացաք,- հետաքրքրությամբ հարցնում եմ ես՝ ուրախանալով, որ մայրս վայր չի ընկել սարն իջնելուց` սայթաքելուն ի՜նչ կա:

-Չէ՛, էլ որդեղի՞ց իմանայինք, տասնինը տարեկան էի  քեզանով, վաթսուն տարուց ավելի առաջվա պատահած պանա,- ավելացնում է մայրս:

Ես լռում եմ մտքերիս հետ ընկած, մեկ էլ հիշում եմ, որ չհարցրի.

-Մա՛մ, գլխացավդ անցա՞վ նետ դնելուց հետո:

–Հա՛,-պատասխանում է մայրս, - անցա՛վ:

Նորից եմ հարցնում, չհավատալով լսածիս:

-Մա՛մ, գլխացավդ անցա՞վ:  

-Հա՛, անցա՛վ,- հատու պատասխանում է մայրս` կասկածանքիս  տեղ չթողնելով: 

 

 

 ՉՀԱՍԿԱՑՎԱԾ  ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Լեն ու բոլ աշխարհ էր տատիս բակը, որ մեր բակին կպած էր: Փոքր հորեղբորս տունն էր տատիս տունը: Մեծ հորեղբորս բակն էլ էր մեր բակին կպած, միայն թե մյուս կողմից: Մեր բակն ու տունը երկուսի մեջտեղում էին: Տատիս տունն ու բակը  <մեր ու ձեր>  չանող երկինք ուներ: Տատիս բակի հողամասի միջով մի մեքենայի ճամփա էր թողած մինչև դռան առաջը` ձմեռվա քարածուխը բեռնատար մեքենայով բերում, թափում էին տան շեմին մոտիկ: Տարվա մեջ մեկ - երկու անգամ էր պատահում բեռնատար մեքենայի երթևեկը, մեկ էլ ձմեռնամուտին մերոնք սառած ձեռքները փչելով կաղամբ էին բարձում <հեռու դրսերում>   վաճառելու համար: Բեռնատարի համար թողած ճանապարհը ամռանը խոտածածկ էր, երկու կողմերից մշակված   հողամասն էր տատիս ու պտղատու ծառերը` խնձորենի, տանձենի, գիլասի, քոլի տանձի, ընկուզենի, հաղարջ… իր կամքին փթթող խոտածածկ ճանապարհը  իմ հեքիաթային աշխարհն էր: Խաղում էի կանաչներում, անուններ տալով եղած բույսերին` ճնճղապաշարը ուտելի էր, խնձորիկը վարդագույն գլխիկ ուներ, սպիտակ գլխիկովն էլ կար, ծտի հացը նվազ ցողունիկով ու մանր ծաղիկներով ինձ համար էլի ուտելի էր, խատուտիկները դեղին հրաշք էին ու կրծքազարդ, լոշտակ բույսը ականջները փռած գետնագորգ էր, երիցուկը միշտ սիրում էր, պինդ ցողունով խիտ ծաղկաբույլով բույս կար`  ինձ  համար  անուշ բուրում էր:

Դռան առաջի խնձորի ծառը տատիս նման էր` ճյուղերը չորս կողմի վրա տարածած, հաստաբուն,  լիքը փեշով գրկաբաց ընդառաջ գալու պատրաստակամ: Հեշտ էինք բարձրանում ծառի վրա, աչքադրում էինք վրայի խնձորներն ու բարձրանալով հասնում, պոկում: Ներքևի ճյուղերի խնձորները պոկելու համար  ջանք չէին պահանջվում: Տատս նույնիսկ հենակներ էր ամրացնում այդ ճյուղերին, երբ բերքի ծանրության տակ խոնարհվում էին գետնին: Տատիս դռանը շուն կար կապած` հավաբնին մոտիկ: Շունը ենթարկվում էր տատիս, անգամ երբ կապը կտրած երջանկանում էր: Տատիս չէր ընդիմանում, անգամ երբ վզին օղակ էր հագցնում` սոված կմնար:

Ամառային օր էր, տատս հավաբնից վառեկներ էր հանում ու վզները ոլորելով պոկում գլուխները: Վառեկների միսը լավ էր ուտվում, հավերինը պինդ էր: Մի թև կամ ուտում էի, կամ դժվարանում ուտել: Ուտելիս էլ էի խղճում .. Ես խղճում էի ու հեռու մնում տատիս արած մորթից, բայց հեռվից էլ երևում էր վառեկների վզներից կաթացող արյունը:  Տատս առանց նշանառության վառեկների գլուխները նետում էր շանը: Շունը դրանք արագ հավաքում էր, հողի տակով անում կշտանալուց հետո: Վառեկներից մեկի գլուխը հեռու էր ընկել: Շունը վզի շղթան ձգելով չարչարվում էր հասնել, թաթերով չանկռտում էր գետինը, պտտվում, նորից փորձում: Մայրս բակի օջախի կրակն էր թեժացնում, որ վրայի կաթսայի ջուրը եռման մնա: Տատս ու մայրս եռման ջրի մեջ թաթախում էին վառեկների անգլուխ մարմիններն  ու հեշտ բմբլահան անում: Թաց բմբուլները թափվում էին նախապես գետնին փռած <գազետի> վրա, որ հետո, լվացվելուց ու չորանալուց հետո, գլխատակի բարձ լցնեին: Ոչ մորս, ոչ էլ տատիս պետքը չէր շան կապակտոր լինելը: Սա վառեկի մի գլխի համար իրեն ուտում էր, երբ դեմը հավաքած  վառեկների գլուխները դեռ չէր կերել: Ես սուս ու փուս որոշեցի օգնել շանը: Ոտքս երկարելով դեպի նա, փորձեցի ձեռքս զգուշորեն  հասցնել  հեռու ընկած վառեկի գլխին: Շունը ատամներով բռնեց ազդրս ու իմ ճչոցից ու մերոնց վրա հասնելուց`  բաց թողեց: Խորը չէր կծել` իմ խելքից շունը չուներ,  բայց, դե, լացում էի, ավելի շատ` վիրավորանքից`բարությունս չհասկացվեց:  Տատս ու մայրս կողքանց ծիծաղում էին վրես…ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ