суббота, 3 декабря 2016 г.

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԱՅՆԿՈՂՄ

Օրը թաց էր: Անսպասելի եկած ցանցառ ձյունից դեռ գիշերն էր թրջվել: Գետնի երեսը  մգացել էր, շուրջն ամեն ինչ էր գունափոխվել: Երկինքն ամպ էր կապել արդեն կիսված օրվա գլխին, քնից ելած սառը քամին վզին էր փաթաթել մառախուղը` ծառերի ցավն էր տանում ուշացած, մերթընդմերթ նստելով կիսամերկ ճյուղերին: Չորացած մատները երկինք պարզած բարդին, թևերից բաց չէր թողնում սրտի թրթիռը օդի մեջ ծածանող կարմրադեղին, հատ ու կենտ տերևները: Թթի ծառը երեկ թափ տվեց քամին, դեղնականաչավուն տերևները, որ շռայլորեն ծածկել էին ծառատակը, այսօր էլ չկային:

Հիշեց, ինչպես էր ինքը թափ տալիս իրենց այգու փարթամ ու միակ տանձի ծառը, ու հետո հասած տանձերը փնտրում ծառի տակ աճած թփերի մեջ:

Ձմռան օրը տաք էր

-Ձյո՛ւն է գալիս,- պատուհանից դուրս նայելով ասաց մորը:

-Օգնի՛ր անկողնուց բարձրանամ,- կանչեց մայրը, կարծես աղջկա ասածը չլսելով: Շալը պի՛նդ կձգես, բժիշկն է պատվիրել,- ավելացրեց նա:

Առանց մոր հուշելու էլ գիտեր, թե ինչ պիտի աներ:

Հեռանալով պատուհանից, մոտեցավ մահճակալին: Կռանալով , ձեռքի շալը մի քանի անգամ անցկացնելով պառկած մոր մեջքի տակով, ձգեց նրա որովայնի վրա: Մայրը ձեռքը գցեց աղջկա վզով և փորձեց վեր կենալ: Վաթսունն անց, մարմնեղ ու գեր կին էր մայրը: Դժվարությամբ, բայց կարողացավ նրան տեղահանել: Մի քիչ պիտի նստեր ու փորձեր քայլել: Վիրահատությունից արդեն մի քանի օր էր անցել: Պարզվել էր, որ որովայնից հեռացված ուռուցքը բարորակ է: Հիմա մնում էր աղիները նորմալ գործեին:

Աղջիկը նորից մոտեցավ պատուհանին, վերևից ասես ալյուր էին մաղում: Մարմանդ տեղացող ձյունը հասցրել էր նստել ծառերի` հուշի պես իրենց պահած տերևների վրա: Հիշեց երկրաշարժի օրը` նորից դեկտեմբերի յոթ էր, ինչպես այսօր, բայց օրը չոր էր, արևոտ: Տնից դուրս եկան `տունդարձի սպասումը պահ տալով դռան փականքին: Բաժանվեցին` երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանելուց հետո: Ինքը <Լիֆտերի>  գործարան, ամուսինը`Ավտոպարկ, ավտոմեքենաների անվտանգ երթևեկության ինժեներ էր: Երկրաշարժի ժամանակ չէր հասկացել ոնց էր ծնկել: Ծնկած ուշքի գալուց հետո թվացել էր,  թե մեջքի ու գլխի վրա մեկը քարկտիկ էր խաղում..Ծնկած տեղից բարձրացել էր, շփոթվել  տեսածից: Զարմացել էր`երրորդ հարկի տանիքը բացված էր եղել ու ինքը շենքի փլվածքի վրա: Առաջին միտքը երեխաներն էին եղել: Սկսել էր օգնություն կանչել`օգնեին իջներ գետնին:

Գետնի վրա քայլել չէր լինում…. Մի կերպ, երբեմն չորեքթաթ` ցնցվող գետնից կառչելով, ասես ցանկացել էր թամբել գետինը, իր թանկագին բեռով` հղիություն ուներ, ճանապարհին իրեն ընդառաջ վազող ինը տարեկան տղայի հետ, հասել էին մանկապարտեզ, երկու տարեկան մյուս երեխայի հետևից: Անօգ այս ու այն կողմ էր արել, պտտվելով քարակույտի վերածված շենքի շուրջը: Կողք - կողքի պառկեցրել էին փլվածքի տակից դուրս բերած մանուկների անշունչ մարմինները

-Սա ում երեխան է,-տղամարդու մի ձայն հեռվից որսացել էր հայացքը: Փոշու մեջ կորած փոքրիկին, մեկը մեջքի շորերից բռնած ի ցույց էր պարզել: Սպիտակ վերնաշապիկը, որ առավոտյան հագցրել էր փոքրիկին, հույս էր ներշնչել: Անկախ իրենից կանչել էր` իմն է:

-Ջարդված դաշնամուրի տակից դուրս բերեցինք,-ասել էր երեխային իրեն մեկնող ձայնը

Երբ արդեն մթնել էր, երեխաներին առել էր թևի տակ, մտել էր մոր այգում կառուցված փոքրիկ ջերմոցը: Ջերմոցի ապակիների կեսը կոտրվել էին ցնցումներից, բայց դե էլի պատսպարվելու տեղ էր: Իրենց ու ուրիշների տները քանդվել էին: Հարևաններից շատերն էին եկել - ծվարել ջերմոցում: Սրտների դողը սաստկանում էր գետնի չդադարող ցնցումների հետ: Չէ, դա մրսելու դող չէր, թեպետ առանց տաք հագուստի կուչ էին եկել ցրտից: Չէին մտածել հագուստի մասին`փախեփախ էր, կյանքի փրկության հարց էր... Գետինը ասես բերքառատ ծառի պես թափ էին տալիս: Ամուսնու մասին լուր չուներ, սպասում էր հավատով…

-Նինային եղբայրդ գտավ, մնաց երեխեքին գտնի,- ասել էր ջերմոց  մտած մայրն ու նորից դուրս եկել:

Նինան եղբոր կինն էր, դպրոցում դասատու էր աշխատում:Նինայի դուրս թափված աղիները լարով մի կերպ կապկպել էին որովայնում:

Ուրախություն էր  զոհվածի դին գտնելը` անհետ կորած չէր լինի: Ոչ մեկը լաց չէր լինում` լացի ձայն չկար: Մութը գնալով թանձրանում էր: Եղբայրը գնում էր ու որոշ ժամանակ  անց  վերադառնում: Դրսում դրված վառելի գերանների վրա շարել էին երկրաշարժից զոհվածների  դիերը: Դրանց մեջ էին եղբոր կինը` Նինան, նրա անչափահաս աղջիկն ու մանկահասակ տղան:

Աչքը ճպելիս արցունքը կաթում էր` հիշողությունը ցավոտ էր...

Մոր տնքտնքոցը սթափեցրեց` ուզում էր նստած տեղից բարձրանալ: Աթոռը ճոճվում էր նրա տակ: Վայր ընկնելու վախը մեծ էր: Մոտենալովճոճվող աթոռը երկու ձեռքով սեղմեց գետնին, մայրը կառչելով իրենից մի կերպ ոտքի կանգնեց: Սենյակի մի ծայրից մյուսը մի քանի անգամ դանդաղ քալքով գնաց - եկավ:

-Հոգնեցի՛,- դիմեց նա աղջկան,- օգնի՛ր մտնեմ անկողին:

Հիշեց ինչպես էր մայրը փրկվել փլատակների տակից: Խանութ էր գնացել գնումների համար, հետո չէր հասցրել դուրս գալ խանութից` մնացել էր փլվածքի տակ: Լսել էր տղամարդու մի ձայն Հասմիկ է կանչում: Մայրն էլ էր ձայն տվել, օգնություն էր կանչել:

-Հասմի՛կ, դու ե՞ս,- հարցրել էր ձայնը:

-Հա՛, հա՛, ես եմ,- պատասխանել էր մայրը, ում ինքը Ժենյա գիտեր իր ծնված օրից, ով Ժենյա էր եղել նաև իր ծնվելուց շատ առաջ: Այդ պահին մորը հարմար էր եղել Հասմիկ լինելը, խաբելով արժևորել կյանքը:

Իսկ տղամարդու ականջն էր ընկել իր դեռատի կնոջ` Հասմիկի ձայնը: Նա իր Հասմիկին էր ուզում կենդանի տեսնել: Ու երբ այդ երիտասարդը իրար վրա թափված քար ու փայտի բացվածքից դուրս էր հանել իր մորը, նրան բոլորովին անծանոթ իր հարազատ մորը, ում այդ ամբողջ ժամանակ հուսադրել էր գորովալից խոսքերով, այդ երիտասարդը ձեռքերի մեջ էր առել գլուխն ու վշտահար կանչել` Հասմի՜կ…

Մայրը՛, երբ սկսում է այդ մասին պատմել, ձայնի մեջ դժգոհություն է զգացվում: Դե, նա ուղղակի դժգոհում էր.

-Ինձ չէ՛ր օգնի այդ տղամարդը, եթե չխաբեի նրան, ասելով` Հասմիկն եմ: Հաստատ չէ՛ր հանի փլվածքի տակից,- համոզված պնդում էր մայրը, գոհացած արածից:

-Ամբողջ աշխարհի գութն էր արթնացել`կօգնե՛ր, կհաներ փլվածքի տակից, ինչպե՞ս չէր հանի,-  ուզում էր հակառակվել մորը, բայց ամեն անգամ հապաղում էր ու լուռ լսում:

-Տեսնե՛ս այն տղամարդը գտա՞վ իր Հասմիկին,- միտքը շուռումուռ էր տալիս հիշողությունը: Երևակայության մեջ նրանք միասին ողջ - առողջ էին:

Եփած մսի ախորժալից բուրմունք կար սենյակի օդում:

-Դեռ չհովացա՞վ, տո՛ւր խմեմ,- դիմեց նա աղջկան:

-Հիմա կնայե՛մ,- համբերատար դառնալով նրան, ասաց աղջիկը:

Արգանակով լի բաժակը ձեքում մոտեցավ մորը:

-Ես խմացնեմ, թե՞ դու կխմես, ինչպե՞ս ես ուզում:

-Տո՛ւր, ես կխմեմ,- ձեռքը նրան պարզեց անկողնու մեջ կիսանստած մայրը:

Նա կում-կում վայելում էր թարմ մսի բուրումնալից արգանակը: Խմած արգանակի ո՛չ մի կաթիլ քթից չեկավ` ամրացված պլաստե խողովակը չոր էր:

-Վերցրո՛ւ,- ձայնեց աղջկան, դատարկ բաժակը մեկնելով նրան:

Աղջիկը պատրաստակամ մոտեցավ ու ձեռքից առած բաժակ դրեց ջրի ծորակի տակ:

Լավ էր, տաք ջուրը դեռ գալիս էր, թեպետ գրաֆիկով սահմանված ժամից անցել էր:

-Ես <պուկ> արեցի՜, ուրեմն աղիներս գործում են,- որովայնով մեկ տարածելով ուրախությունը, սկսեց բարձրաձայն ցնծալ մայրը: Լսեցի՛ր,աղջի՛կս, ես …., ուրեմն աղիներս գործում են, եսԼսեցի՛ր, ե՜ս…,- չէր դադարում ուրախանալ մայրը:

Ջրի չլթչլթոցը չկտրելով, աղջիկը դեմքով կիսաշրջվեց մորը,  շտապելով պատասխանել.

 - Տեսնում եմ, արդեն լա՛վ ես:

-Հա՛, բա չլսեցի՞ր, ե՜ս… - փորձեց շարունակել մայրը:

-Ուրա՛խ եմ, որ լավ ես,- մոր խոսքը կտրելով արագ վրա բերեց աղջիկն ու ձեռքերը սրբելով մոտեցավ պատուհանին, մեջքով կանգնելով դեպի մայրը

Հեռվում երևացող սարերը, սապատավոր ուղտերի նման ծնկել էին` մեջքներին առած արծաթված ամպերը: Քամին պոչ էր խաղացնում` երեսով տալու շատ բան կար:

Դրսում ահագին ձյուն էր նստել: Պատուհանից այնկողմ, օրը քիչ քիչ սառչում էր