пятница, 28 августа 2020 г.

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

Օրհնեցեք, Տեր Հայկազուն,- մոտենալով եկեղեցու մուտքից քիչ հեռու նստած քահանային, խոնարհաբար ասացի ես:

-Աստված օրհնի,- հնչեց նրա գորովալից ձայնը:
-
Ինչպես եք,- մտերմաբար հարցրի ես:
-
Դու ինչպես ես, էլի բանաստեղծություններ ես գրում,- հարցրեց նա:

Ասել կուզեր, որ ինձ հիշում  է դեռ տարիներ առաջ առաջնորդարանում քարոզի  լսումների իմ հաճախումներից:
-
Հա, բանաստեղծություններ եմ գրում,- շոյված պատասխանեցի ես:
-
Բա ինչու արձակ չես գրում,- սպասողական նայեց դեմքիս:
-
Քանի հույզերս առատ են, բանաստեղծություններ եմ գրում, արձակ հետո կգրեմ,-ասացի ու կասկածեցի ինքս իմ ասածի վրա`արձակի համար պինդ նյարդեր են պետք:
Նա գլխով հավանության նշան արեց: Ես էլ հարգանքով գլուխ տվեցի, ասելով, որ եկեղեցի պիտի մտնեմ:
Սուրբ Սարգիս եկեղեցի էի այցելում, ինչ տեղափոխվել էի Երևան` ասես իմ տանն էի զգում:

Ներս մտնելով խաչակնքեցի: Կենտրոնում դրված սև գույնի սեղանիկի վրա պլպլում էր կիսահալ մոմի լույսը, անկանոն թափված էին թղթի կտորներ: Գիտեի, որ հանգուցյալների անուններ էին այդ թղթերի վրա: Սեղանիկը ժամանակավոր էր կենտրոնում դրված....
Մոմավաճառից իմացա, որ հանգուցյալների անունների ընթերցումը քահանան ավարտել է: Մոմ ու երկու փաթեթ խունկ  գնեցի`վառելու  վաղամեռիկ ամուսնուս հիշատակի  համար: Խունկի երկրորդ փաթեթը  տվեցի սպասավորին, մտածելով, որ մի օր կավելացնեն բուրվառում ծխացող խնկի վրա: Իմ վառած մոմերի պլպլոցը դիպչում էր հայացքիս: Եկեղեցում քիչ թվով հավատացյալներ կային`ծիսակարգի ավարտից հետո ցրվել էին: Նստարանների մեծ մասը ազատ էին: Նստեցի: Գլուխս խոնարհելու տեղ, աչք էի ածում աջ ու ձախ, վեր ու վար անում հայացքով, ասես առաջին անգամն էի եկեղեցում: Եկեղեցու  ներսի չորս սյուներից մեկի վրա գտնվող նկարում պատկերված էր  ս.Սարգիսը իր զավակի հետ: Աջ ձեռքում բարձր բռնած ուներ  խաչը, գոտկատեղից կախված սուրը զորավարի բազում սխրանքների լուռ վկան էր: Ձիու սմբակի տակ անհուսալի էր հոգեվարք ապրող վիշապի կյանքի  ճիգը: Խաչակնքեցի, շարունակելով պտտել հայացքս: Եկեղեցու վեր խոյացող գմբեթի շրջանափակ գրությունը սկսեցի կարդալ դասը նոր սովորող աշակերտի պես. << ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՅԵՐԿԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՈՒՆ. Ի ՄԱՐԴԻԿ ՀԱՃՈՒԹՈՒՆ>>:
Ձեռնափայտի պես կորացած մի փոքրամարմին տատիկ ջանասիրաբար մաքրում էր հատակը: Մի ձեռքում բրիչը, որով քերում էր հատակին սառած մոմի կաթիլքը, մյուսին`  ավելն էր: Ես, որ կարդալուց ոտքի էի կանգնել, մոտեցա տատիկին, կռացա, որ  դեմքը տեսնեմ: Դրամը, որ  մեկնեցի նրան, վրդովմունքի առիթ տվեց.
-
Ես փողի կարիք չունեմ,- մի շնչով ասաց տատիկն ու արմունկով հրեց ինձ:
Ես անհարմար զգացի արածիցս: Հարցրի, թե քանի տարեկան է` չպատասխանեց, նույնիսկ գլուխը վեր չբարձրացրեց:
-
Տատիկը չի լսում,- ասաց մոմավաճառ կինը,- հետո ավելացրեց`ութսունն անց է: Ամեն երկուշաբթի գալիս է, ինքնակամ վերցնում ավելն ու գործի անցնում, ասում է իր պարտքն է կատարում եկեղեցու հանդեպ: Տնեցիներին դուր չի գալիս, բայց արգելել չեն կարողանում: Տատիկը գտնում է, որ ինքն իրեն  ավելի առողջ է զգում այստեղ գործ անելուց հետո:
Մտածեցի, որ գուցե ձանձրույթից փրկվելու միջոց է գտել տատիկը:
Սիրտս լցվեց, մոտեցա, ձեռքիս երեսի մասով հպվեցի տատիկի բաց թևին, ցամքած մաշկը ճմրթած թղթի էր նման: Կայծոռիկների պես աչքերը ինձ հառեց.
-
Վախեցա, մի արա,- հրամայական տոնով ասաց նա:
-
Քեզ սիրում եմ, տատի ջան,-ասացի`մոռանալով, որ  խուլ է:
Սիրտս փլվեց աչքերիս մեջ, արտասվում էի ինձանից անկախ: Տատիկը քերում էր արդեն մաքուր հատակը`նույն տեղը գնալ-գալով քսելով բրիչը: Եկեղեցուց դուրս գալ չէի ուզում` խաղաղ էր: Տատիկի քերիչի կտկտոցները կախիչների պես պահում էին հոգուս անդորրը...
Նորեկը գրավեց ուշադրությունս: Երկար մազերը երկու մասի բաժանած, աղջկական պոչիկներ արած, միջահասակ, անմեղ հայացքով  տղամարդ էր: Նստեց դիմացիս նստարանին: Տեր Հայկազունի ներս մտնելուն պես վեր կացավ ու նրա ճամփան կտրեց:
-
Հա, հա էլի, ասեցի,- խոստումնալից գլխով էր անում քահանան`ջանալով պոկվել նրանից: Երևի դրախտի խնձոր էր խոստացել տալ ու ականջի ետևն էր գցել խոստումը: Ես նոր նկատեցի նրա կեղտի մեջ կորած վարտիքը: Հավատս չէր գալիս, որ <բոմժ> է: Եթե մաքուր հագնված լիներ, կմտածեի, որ...արվեստագետ է:

Դեռ նոր էր ինքնագոհ նստել սրահի նստարանին, երբ երեք երիտասարդ ոստիկաններ մոտեցան նրան.
-
Չեմ գալիս, ես բան չեմ արել,- դիմադրում էր նա ձայնը գլուխը գցած:

Ոստիկաններից երկուսը բռնելով նրա թևերից`դուրս տարան: Երրորդ ոստիկանը քթի տակ խնդմնդալով գնաց նրանց ետևից, ասես ուրախություն գտած լիներ:
-
Ախ, մամա ջան, օգնեցեք, ա~ա~ա, աղաղակի վրա եկեղեցում եղած մարդիկ առաջացան մուտքի կողմը: Գետնին պառկած բոմժին երիտասարդ ոստիկանները թեթևակի հարվածում էին ոտքով, ցուցափայտով բզում: Ես չկարողացա համբերել, մոտեցա, սկսեցի հանդիմանել ոստիկաններին, չէ որ նրաք խելքները գլխին, հասկացող պիտի լինեին:
-
Եկեղեցի մտնելուց առաջ բղավում էր, թե իրեն ուզում են դանակով խփել, պարզաբանելու բան կա,- ասաց ոստիկաններից մեկը խփելը դադարեցնելով`փորձելով արդարանալ: Բոմժը պահը չկորցնելով`փախավ ոստիկաններից: Ես կռացա եկեղեցու բակում գտնվող ցայտաղբյուրի ջրին`հպելով դեմքս, ցանկալի սառնություն էր: Ինչ լավն էր  ջուրը, ուզում էի շարունակվել ջրի սառնությամբ, չկարողացաԵկեղեցու բակ մտավ հարսանեկան ծաղկազարդ մեքենան: Հարսանքավորը գրավեց եկեղեցու բակը, ուրախ իրարանցում սկսվեց:
-
Այսօր մեռելոց է, տաղավար տոներից`Խաչվերացի երկուշաբթի ու...պսակադրություն?,-մտածեցի ու հետո մեղա գալով մրմնջացի`Տխրությունն ու ուրախությունը մի դեմքի երկու երես են:
Գլուխս ետ գցելով վեր նայեցի: Աշնանային երկնքի կապույտը իմ շնչած օդի հետ ուռեցրեց թոքերս: Ինչ քիչ բան էր  պետք հոգուս խաղաղությունը գտնելու համար:
Տեղ-տեղ ամպի ծվեններ կային, ասես փյունիկ թռչունն էր փետուրներ թողել:

Комментариев нет:

Отправить комментарий