пятница, 28 августа 2020 г.

ԴԵ ԹՈՂ ԷԼԻ ՍԻՐԻ

Օրորվելով, մի կերպ հասավ պատուհանին: Դրսի աշխարհը վաղուց  իր պատուհանի չափ էր: Արդեն աշուն էր, բնությունն իր գունեղ հույզերն էր  փռել `վերջին հրաժեշտից առաջ ինքն իրեն շքեղ էր ուզում տեսնել: Բացեց պատուհանի փեղկը`հաճելի էր զգալ աշնան համը, խորը  շնչելով ներսն առավ արևոտ  օդը:

-Ասես հրաշք է գունեղ օրն աշնանային, հազարան հավք է թառել թփին ու ծառին,-տողերի հեղինակին գիտեր հեռվից: Վեր նայեց`երկնքում ամպի ծվեններ չկային, կապույտ էր համատարած, արևն էլ էր կապույտ, դրա համար  էլ  չէր երևում վերևներում: Ափսոսաց, որ չի կարողանում տնից  դուրս գալ ու փարվել աշխարհի սիրուն: Իր պատուհանի չափ էր աշխարհն ու իր սերն էլ  էր  հիմա  այդքան ….

Տխրեց, չտխրել չէր կարողանում: Տնքտնքալով հետ քաշվեց պատուհանից`երկար չէր կարողանում  կանգնել, ձեռնափայտին հենվելով, աջ ու ձախ  փքված կոնքերը այտուցված ոտքերի վրա օրրորելով, մի կերպ հասավ բազմոցին ու փլվեց…

Ազատություն էր տվել արցունքներին`ում է պետք ինքն հիմա, իրեն այսպիսին ով կսիրի: Չէր հավատում ոչ տղայի բարությանը, ոչ էլ ամուսնու գորովալից խոսքերին: Երիտասարդ  ժամանակ , ճիշտ է, ինքը գեղեցկուհի չէր, բայց հարուստ ծնողների աղջիկ էր: Լավ  կլիներ ունևոր տղայի հետ ամուսնանար: Թե չէ` սա, ինքն ու իր դատարկ քսակը, առանց ամոթի տնփեսա եկավ, որ անոթի չմնար, որ գլխի վերևում տանիք ունենար: Որ հետո իր հետ կռիվ տար, կռիվ, տար,կռիվ տար..

-Տունն իմ անունով արա, ես էլ ինքնասիրություն ունեմ, ինչքան քո տնվորը լինեմ,-պահանջում էր  ամուսինն ամեն անգամ վեճ ու կռիվ սարքելով:

-  Էս տունն իմն է, ծնողներիս նվերն է,- ասում էր ու էլ ավելի կատաղեցնում ամուսնուն:

Ախր ինչու է իր տնվորը, լավ էլ տանտերն է, դուռը բացող -փակողն ինքն է, տուն  հաց բերողն ինքն է, աշխատող-փող բերողն  ինքն է….Որ տունն իր անունով է, նրան խանգարում է, որ դռան ցուցանակի վրա իր անուն- ազգանունն է գրված, ինչ է լինում նրան, ինչու է սիրտը արնոտում:? Որ  ամուսնու անուն-ազգանունը լինի դռան ցուցանակին, դրանով  ինքը`  ինքը չի  լինելու, թագավոր է լինելու?, էդ գրածով է իրեն մարդ զգալու,-առնում էր ու տալիս մեկ բարձրաձայն, մեկ մտքում`մերթընդմերթ ոտքերի ցավերին արձագանքող  տնքտնքոցով ու աղի արցունքով, ասես ուզենալով շահել Աստծո աջը …

Գիտեր, որ ինչքան էլ  վեճ ու կռիվ լիներ, ամուսինը  գնալու տեղ չուներ  ու էլի իրեն  մոտ էր գալու,  ուր պիտի փախչեր, ով էր նրա ծակ գրպանի կարոտը,  ճմրթված երեսին նայողը: Քանի տունն իր անունով էր, գիտեր որ  հաշվետու են իրեն, ինչքան էլ հիվանդ լիներ, վստահ էր, որ մարդու տեղ կդնեն: Իսկ ամուսինը,  որ  հիվանդանար  էլ, իր ամուսինն էր`  ինքն իր համար էլ էր դողալու վրեն`մենակ թե մենակ չմնար: Ու նրա վատը չուզողն էլ  էլի  ինքն էր  լինելու, ինչքան էլ ամուսինը  իրեն  չհավատար, ու չհավատալով  ասեր.

-Դու քեզ համար ես ինձ սիրում, քեզ համար,  քեզ համար ես լավս ուզում:

Էհ, թող, թող որ ասեր, էնքան ասեր,  չէ որ  տարիներ առաջ, երբ առողջ ու երիտասարդ էր,  ամուսինն  էլ  իրեն  էր սիրում  իր  շահի ու քեֆի համար:

Դե  թող  էլի  սիրի….

Комментариев нет:

Отправить комментарий