вторник, 24 апреля 2012 г.

ԱՆՑՅԱԼՆ ԱՆՑԱԾ ԷՐ

ԱՆՑՅԱԼՆ  ԱՆՑԱԾ  ԷՐ
Դու հիշողություն ունես-հոգիս,

Երբ որ ես էլ քեզ չմնամ,
Այրվեմ մարմնիս ցուրտ կրակում,
Ինձ կհիշես անհիշությամբ,
Որ դու,հոգիս, նորից սիրես
Անհոգ մանկան անմեղությամբ....
Օրը գարուն էր, առաջին գարնան առաջին օրն էր: Նրա համար ամեն գարուն առաջինն էր, իսկ մեջքի վրա պորտաբաց ընկած ձյունը` գուցե այս գարնան վերջին ձյունն էր: Արևի շողերը կսմթում էին ձյան կուսական ճերմակությունը`պսպղուն մատնահետքերը թողնելով հայացքի վրա: Աչքերի մեջ կաթոց էր: Բարձրաձայն ծիծաղելու թաքուն տենչից ձյունն ուղղակի փափկել էր`ծանրությունը սազում էր հողին: Արևը մրսում էր` թրջվել էր հալոցքից:  Նրան պետք էր տուն  կանչել…
-Ուզում եմ, որ  մեր տուն գաք: Հրավիրում եմ: Պայմանավորվենք, եկեք, լավ կլինի,-խնդրում էր ուսուցչուհուն: Քսան տարի չէին տեսնվել, հիմա ինքը երեք երեխաների մայր է, բայց էլի իրեն աշակերտ էր  զգում`մի տեսակ կծկվում էր  նրա առաջ: Քրոջ սկեսուրի եղբոր կինն էր ուսուցչուհին: Արդեն խնամիացել էին, բայց  առաջվա պես ընկեր Մխիկյան էր ասում: 
-Ինչ կարիք կա, չեմ ուզում նեղություն կրես: Բավ է, տեսնվեցինք, տուն գալս որն է:
-Իմ պատրաստած տոլման  ուզում եմ  համտեսեք,- համառում էր Աստղիկը: 
-Այս սուղ պայմաններում ինչ ծախսեր, ինչ տոլմա: Շնորհակալ եմ, Աստղիկ ջան,-հրաժարվել էր փորձում  ուսուցչուհին: 
-Ձեզ հետ առանձին խոսելու բան ունեմ, խնդրում եմ, եկեք,-պահանջելու պես ստացվեց խնդրանքը: 
Պայմանավորվեցին: Աստղիկը մտքում  բազմիցս  զրուցել էր ուսուցչուհու հետ: Բացել էր նրա առաջ սիրտը, անկեղծ զրույցից գոհացած հեռացել ու էլի մոտիկացել նույն մտայնությամբ: Բայց հիմա ուրիշ է, հիմա ինքը պիտի  նրա աչքերի մեջ նայի ու ասի.
-Ընկեր Մխիկյան, խնդրում եմ, էլ անտեղի չպատժեք ձեր աշակերտներին, էլ անարդար ոչ մի  որոշում չկայացնեք, երեխաները լավ հիշողություն ունեն…
Նույն  դասարանում էին  սովորում  ինքն ու Սուսանը: Երկուսն էլ լավ էին սովորում: Շատ ժամանակ Սուսանի գերազանց գնահատականները ծնողների խաթրն առնելու համար էին նշանակում` դասատուներին քաղցր աչքով նայող պահեստապետ հայրը նվերները չէր ուշացնում: Իր բանն ուրիշ էր`աղքատ էին ապրում, ծայրը-ծայրին հազիվ էին հասցնում հերթափոխով աշխատող ծնողները` դժվարությամբ տանելով բազմանդամ ընտանիքի հոգսը: Ինքն իր  բարձր գնահատականները պիտի վաստակեր քրտնաջան աշխատելով, էն էլ շատ դեպքերում դասատուի կամեցողությունից ու տրամադրությունից էլ էր կախված լինում: Բայց պատահում էր նաև, որ  դասատուն իրեն էր  կանչում  դասընկերներին բացատրել դասի չհասկացված թեման`վստահում էր իր ընդունակություններին: Տարբերվում էր դասընկերներից` նրանք էին ասում:
Տոն էր  մեկ բուլկի գնելու դրամ ունենալը, որը հազվադեպ էր պատահում: Ընկերների հյուրասիրությունից օգտվել  չէր  ցանկանում`միշտ կուշտ էր ձևանում, կամ ախորժակից զուրկ: Հասկանում էր ծնողների տանջանքը և  պահանջներ չուներ նրանցից: Նոր հագուստ համարյա չէր հագնում` էս ու էն բարեկամի տված  հագած, կիսամաշ կոշիկ ու շորով էր յոլա գնում: Հայրն էլ, մայրն էլ շատ աշխատասեր էին: Չարչարանքը ծով էր, վաստակած գումարը` հաշված:
 -Տեսնես նրանց  ով էր ասում հինգ երեխա ունենալ,- մտքի մեջ խղճում էր ծնողներին`լաց լինելու չափ: Ինքը տան մեծն էր: Եթե ավագ եղբայրը ծնվեր, ինքը չէր լինի….Մոր առաջին  հղիությունը ընդհատվել էր: Գիտեր այդ մասին: Դրա վրա էլ էր մտածում` իր ծնունդի հետ կապ ուներ: Դասընկերներից մի քանիսը  իրեն  <<փիլիսոփա>> էին անվանում: Սուսանին դա դուր չէր գալիս: Դուր չէին  գալիս  նաև իր ստացած բարձր  գնահատականները:
Սուսանն  ապրում էր շքեղ կահավորված տան մեջ,  բուֆետ գնալու համար միշտ փող ուներ, բայց չէր սիրում իրեն, փոխանակ հակառակը լիներ:
-
Երբ մեծանամ, մորս համար Սուսանի մոր մորթե վերարկուից պիտի գնեմ,-խոստացել էր ինքն իրեն ու այդ մասին ոչ մեկին չէր ասել: Գիտեր, որ դրա համար  պիտի լավ սովորեր ու շատ աշխատեր:
-Սովորեք,  որ մեզ նման խեղճ ու անճար  չլինեք,- հաճախ էր լսում մորից:
Սովորում էր` հավատալով, որ բոլոր հարցերը լավ սովորելով  կլուծվեն…
Գրքերին կպած   չէր կարելի երկար  մնալ: Տան երեխաներից մեծն ինքն էր` գործը մնում էր: Չոքած էր գրտնակում լավաշի գնդերը` նստած բոյը չէր հասնում թոնրատան սեղանտախտակին: Մի քանի օր ծնկների կարմիրը մրմռում էրԲայց , դե, քաղցր մրմռոցն ինչ էր  կոշտուկի պես իրեն հիշեցնող վիրավորանքի դեմՄտքից դուրս չէր գալիս այդ օրվա կատարվածը:
Առաջին դասաժամի զանգը դեռ չէր հնչել: Արդեն իր տեղում նստած էր, երբ Սուսանը մտավ դասարան: Իր կողքով անցնելիս Սուսանը թքեց երեսին: Անակնկալի եկավ: Հազիվ լացը զսպելով`  շպրտեց միտքը եկածը.
-Թուքը հորն ու մորդ երեսին,- ասաց այլայլված` լացը զսպելով:
Աստղիկը  զարմանում էր ինքն իր վրա. ուրիշ կերպ կարող էր պահել իրեն, ուրիշ մի բան ասել: Ինչու հենց հորն ու մորը հասավ: Վիրավորանքից  ծնվեց չարությունը,  թե անճարությունից?:
Հնչեց  դասազանգը: Ընկեր Մխիկյանը իրենց դասղեկն էր: Առաջին դասաժամը նրանն էր: Սուսանը, հերթական նվերը դնելով նրա սեղանին, չար վրդովմունքով մատնացույց արեց Աստղիկին. 
-Ընկեր Մխիկյան, Աստղիկն ինձ  ասաց  թուքը հորն ու մորդ երեսին:
Էդ լսեց: Ով էր իր բացատրությունը  լսողըձայնը լռվեց կոկորդում՝չհաջողվեց բացատրել կատարվածի իսկությունը:Սուսանի բողոքական տոնից  բորբոքված ուսուցչուհին  այնպես էր ատա-տատա անում փրփրած բերանով, կոկորդի մեջ կիսախեղդ բառերը այնպես էին դուրս ընկնում բերանից, ասես իրեն վիրավորած լիներ: Ստիպված եղավ սսկվել: Այդ օրը` շատ օրերի պես, նա գերազանց  գնահատականով  տուն ուղարկեց Սուսանին, որ ուրախացնի նրա ծնողներին:  
Որտեղ էր վերջանում անարդարության սահմանը, որ արդարությունը սահմանազատվեր`չգիտեր: Մարդու մեջ ի վերուստ դրվածը տեսակի խնդիր է ստեղծում` բնավորության հաստատուն գծերով: Մարդու էությունը  մաշկի գույնի պես անփոփոխ է լինում: Բայց գիտեր, որ չկան կատարյալ լավ մարդիկ, ու չկան անուղղելի մարդիկ,  դրանից  հոգու խռովքը պակասում էր: Հավատում էր, որ մի օր ինքը հաղթանակած  է լինելու` աշխարհի բարին իր կողմից է: Գիտեր, որ ինքը պիտի հարթի  իր ճանապարհը, դրա համար կամքի ուժ ուներ: Կրկնություններ սիում էր` սովորելու համար, սեփական մտքերի բարձրաձայնումով  կարևորվում էր իր գոյը: Հիշում էր` Րաֆֆու <<Սամվել>>-ը վերլուծելիս, պնդում էր, որ հեղինակը մտածված է հիվանդացրել Սամվելին` համոզիչ դարձնելու  նրա ծնողասպան որդու նկարագիրը: Գրականության ուսուցչուհին հաճույքով  էր լսում իրեն.
-
Լսեք, ապա ուշադիր լսեք, թե ինչ հետաքրքիր է Աստղիկը վերլուծում դասը,- դիմում էր նա դասարանին, հրավիրելով նրանց հատուկ ուշադրությունը իր վրա:
 Ուսուցիչներին գոհացնում էր, բայց Սուսանի հետ ընկերություն անելը այդպես էլ  չստացվեց: Ոչ նույն թաղից լինելու հանգամանքը, ոչ նույն ճամփով գնալ-գալը` չմոտիկացրեց նրանց: Հիմա ճաշի է հրավիրում ուսուցչուհուն` ընկերական զրույցի մտադրությամբ:  
Փոխվել էր նա, ճնճղուկի պես փոքրամարմին դարձել: Փառիկ ոտքերը ճոճում էին նրա դանդաղկոտ  քայլերը:
-Տեսնես կյանքը փոխել է նրան,- մտածեց ու զգուշորեն, քիչ-քիչ, բացեց հուշերի ծածկոցը: Հիշեցին 88-ի դեկտեմբերյան այն օրը, որ ոչնչով չէր տարբերվի մյուս օրերից, եթե երկրաշարժ չլիներ: Եթեների պատվո շքերթը անիմաստ էր այլևս: Աստղիկը պատմեց, որ յոթ ամսեկան հղիությամբ, աշխատատեղի երրորդ հարկում  ծնկել է  ուժեղ հարվածից` չհասցնելով անգամ վախենալ: Հետո երբ վեր է կացել ծնկած տեղից, փլված շենքի տանիքում է եղել: Մի ամսից ավելի վիզը թեքել չի կարողացել՝ ուժեղ հարվածը ծոծրակին է եղել, գլխի ու մեջքի վերքերն էլ փոքր քարերով էին խոցոտվել:Կարող էր ուշքի չգալ ու այդպես էլ` իր վերջին անհաղորդ` հեռանալ  աշխարհից: Վախենում էր իր գոյի համար ուրախանալ, չարին գրգռելուց էր վախենում: Վախեր շատ ուներ. հայելիներից էր վախենում՝ աչքը- աչքին պիտի չառներ, Իր անկողնուց էր վախենում`քնած ժամանակ ցնցում էր իրեն, քնից արթնացնող ձայները այնքան կենդանի էին, որ ասես տանն իր ու երեխաներից բացի ուրիշ մարդիկ էլ էին ապրում, վախերն անվերջ էին ու տանջալի, կորցնելու սարսափը `միշտ արթուն
Իմացավ, որ երկրաշարժի ժամանակ ուսուցչուհու ամուսինն էլ է զոհվել ու նա հրաշքով է կենդանի մնացել:
 Չէր հավատում, որ <երկրաշարժը> `երկրաշարժ  էր: Ուսուցչուհին էլ չէր հավատում, որ աղետը բնական էր. նախորդ օրվա երեկոյան իրար հաջորդող երկու դմբոցներին ու ցնցումներին հաջորդել էր ցերեկվա արհավիրքը: Մի քանի օր առաջ էլ`  իր պահարանի մեջ եղած շուշեղենը ինքն իրեն շրջվեց ու փշրվեց: Վատ նշանի մասին չցանկացավ մտածել: Խոսում էին, որ մոտակա գյուղի մոտ տեղակայված ռուսական ռազմաբազայում մի քանի օր շարունակ փորձարկումներ են կատարվել: Եթե իրականությանը նման են այդ զրույցները, մի օր անպայման վկայողներ կգտնվեն, բայց դրանից էլ ինչ օգուտ…թվով քսաներկու հազար անմեղ զոհերի մասին են խոսում`երանի սխալ լսած լիներ….
Ղարաբաղյան պատերազմը երևի Սումգայիթով սկսվեց`ինքն իր համար մտածում էր,  բայց չէր  բարձրաձայնում: Հիշում էր ութսունութի փետրվարին խոշտանգված  սումգայիթցի հայերի  լուսանկարները` աշխատանքի տեղում ձեռքից-ձեռք էին տալիս` բորբոքելով վրեժի կրակը: Տանջանքը դաջված էր մնացել նրանց  անկենդան ու այլանդակված մարմիններին: Որ մեղքի համար էին ազերիները սպանել այդ խաղաղ ու անզեն մարդկանց`չխնայելով կին թե տղամարդ, ծեր թե մանուկ: 
Երկրաշարժից շաբաթներ առաջ, ամուսինը` գործի բերումով, գիշեր-ցերեկ տուն չէր գալիս: Երեսը  կարգին չէին էլ տեսնում` տեղաբնակ թուրքերի ու ադրբեջանցիների  անվտանգ տեղափոխությանն էր հետևում: Նրանք գյուղերով էին հեռանում…
Պատկան մարմիններն իրեն ուղղում են, երբ ասում է, որ ամուսինը զոհվել է երկրաշարժից:
-Զոհվում են պատերազմների ժամանակ,- հուշում են խստաձայն:
Ամուսնու մայրական կողմի հարազատները  Ստեփանակերտում, Շուշիում են  բնակվում: Ամուսնու ոգևորությունը սահմաններ չէր ճանաչում, երբ խոսքը Արցախի անկախությանն  էր վերաբերվումերջապես սեփական երկրում  հարազատները պիտի ազատ շունչ  քաշեին….
-Արցախը պիտի ազատագրել անօրեն իշխանությունից ու իշխանավորներից, բավ է նրանց կամայականությունները հանդուրժեն մերոնք,-ոգևորվում էր ամուսինը: Իսկ նա չհասցրեց  զոհվել Ղարաբաղի ազատագրման  պատերազմում
Տոլման համեղ էր պատրաստել: Ուսուցչուհին վայելում էր հաճույքով` գովելով նրա խոհարարական հմտությունը: Գինին էլ իրենն արել էր`թեթևացել էին: Երբեք մտքովը  չէր անցել ուսուցչուհու հետ այդպես`հավասարը հավասարի պես լինել: Զրույցի ընթացքում միջանկյալ իմացավ, որ Սուսանը հարուստ ամուսին ունի, որ բախտը բերել է `երկրաշարժից նա չի տուժել: Չնախանձեց Սուսանին, բայց իր զոհված ամուսնու համար ավելի շատ տխրեց:
Խմում էին ուսուցչուհու հետ` մարելով  կարմիրը գինու: Փորձում էին պարպել` ամեն մեկն իր ցավը: Ինչքան էլ ուսուցչուհին ասեր. 
-Աստղիկ ջան, իմ ցավը գրողի ծոցը, քո բանն ուրիշ է, դու շատ ջահել ես`քսանութ տարեկան: Ախր, ոչ հարս ես, ոչ`աղջիկ: Երեք  երեխա  անհայր  պիտի  մեծացնես: Հեշտ չէ, աղջիկս, դժվար է: Ինչքան էլ ասեր, թե քո բանը դժվար է, ուրիշ է`Աստղիկը տեսնում էր ուսուցչուհու աչքերում տնավորված տխրությունը, որն անձնական էր: Քանի անքուն գիշեր էր Աստղիկը  նվիրել զոհված ամուսնուն` լվացք ու արդուկ ձեռնարկել, տանջանքի մատնել ինքն իրեն, աղի արցունք թափել` հոգին թեթևացնելու համար….Ամեն մարդու ցավն  իրեն է այան,- կասեր տատը:
Մինչդեռ ինքը  չէր մոռացելոր ուսուցչուհուն պիտի հիշեցներ  անցածգնացած վիրավորանքի մասին: Իսկ ինչու է համոզված, որ նա  պիտի հիշեր այդ օրվա մասին` սկսեց երկմտել Աստղիկը: Չէ որ դա  ամենևին էլ կարևոր չի եղել ուսուցչուհու համար: Լավ, չհիշի էլ, գոնե կխնդրի որ սրանից հետո զգույշ աշխատի երեխաների հետ: Ախր երեխաները պիտի սիրուն հիշողություններ  ունենան: Չես էլ իմանա  ասածիցդ ու արածիցդ ինչը կկարևորեն ու կպահեն  իրենց  մանկական հուշապահոցում...
 Համով հաց կերան, հարազատորեն զրուցեցին: Չէր կարողանում ասել մտքինը: Իսկ եթե չասի: Ինչ է կորցրել`ինչի ետևից է ընկել: Ու հետո էլ` որ մի երեխայի հետ զգույշ աշխատեն: Երևի այնքան էլ  հեշտ չէ մանկավարժ լինելը, երևի զգոնությունը կորցնում են  նույն գործը երկար անելուց: Ով կարող է ամեն անգամ` ինչպես առաջին անգամ: Փորձում էր, բայց չէ..
-
Ոչ աղը կհանի հացի միջից, ոչ էլ  կավելացնի եղածին,- որոշեց ինքն իր համար:  Մաքրություն անելիս  մաքրողն էլ ավելի է կեղտոտվում, և հետո`սա ինչ մաքրություն… Ով ասաց, թե իր հետ կատարվածը կարող է պատահել նաև մեկ ուրիշի հետ:
Որոշված էր, անցյալն  անցած  էր


 







Комментариев нет:

Отправить комментарий