вторник, 10 апреля 2012 г.

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Օրը թաց էր  անսպասելի տեղացած ցանցառ ձյունից `դեռ գիշերն էր թրջվել: Գետնի երեսը  մուգացել էր, շուրջն ամեն ինչ էր գունափոխվել: Երկինքն ամպ էր կապել արդեն կիսված օրվա գլխին, քնից ելած թեթև քամին վզին էր փաթաթել մառախուղը` ծառերի ցավն էր տանում ուշացած, մերթընդմերթ նստելով կիսամերկ ճյուղերին: Չորացած մատները երկինք պարզած բարդին թևերից բաց չէր թողնում սրտի թրթիռը օդի մեջ ծածանող կարմրադեղին, հատ ու կենտ տերևները: Թթի ծառը երեկ թափ տվեց քամին, դեղնականաչավուն տերևները, որ շռայլորեն ծածկել էին ծառատակը, այսօր էլ չկային:

Հիշեց, ինչպես էր ինքը թափ տալիս իրենց այգու փարթամ ու միակ տանձի ծառը ու հետո հասած տանձերը փնտրում ծառի տակ աճած թփերի մեջ:

Ձմռան օրը տաք էր

-Ձյուն է գալիս,- պատուհանից դուրս նայելով ասաց մորը:

-Օգնիր անկողնուց բարձրանամ,- կանչեց մայրը՝ կարծես աղջկա ասածը չլսելով: Շալը պինդ կձգես, բժիշկն է պատվիրել,- ավելացրեց նա:

Առանց մոր հուշելու էլ գիտեր, թե ինչ պիտի աներ:

Հեռանալով պատուհանից, մոտեցավ մահճակալին, կռանալով , ձեռքի շալը մի քանի անգամ անցկացնելով պառկած մոր մեջքի տակով `ձգեց նրա որովայնի վրա: Մայրը ձեռքը գցեց աղջկա վզով և փորձեց վեր կենալ: Վաթսունն անց, մարմնեղ ու գեր կին էր մայրը: Դժվարությամբ, բայց կարողացավ նրան տեղահանել: Մի քիչ պիտի նստեր ու փորձեր քայլել: Վիրահատությունից արդեն մի քանի օր էր անցել: Պարզվել էր, որ որովայնից հեռացված ուռուցքը բարորակ է: Հիմա մնում էր աղիները նորմալ գործեր:

Աղջիկը նորից մոտեցավ պատուհանին, վերևից ասես ալյուր էին մաղում: Մարմանդ տեղացող ձյունը հասցրել էր նստել ծառերի` հուշի պես իրենց պահած տերևների վրա: Հիշեց երկրաշարժի օրը` նորից դեկտեմբերի յոթ էր, ինչպես այսօր, բայց օրը չոր էր, արևոտ: Երեխաներին առել` մտել էր մոր այգում կառուցված փոքրիկ ջերմոցը: Ջերմոցի ապակիների կեսը կոտրվել էին ցնցումներից, բայց դե էլի պատսպարվելու տեղ էր: Իրենց ու ուրիշների տները քանդվել էին: Հարևաններից շատերն էին եկել-ծվարել ջերմոցում: Սրտների դողը սաստկանում էր գետնի չդադարող ցնցումների հետ: Չէ, դա մրսելու դող չէր, թեպետ առանց տաք հագուստի կուչ էին եկել ցրտից, ոնց կարող էին մտածել հագուստի մասին`փախեփախ էր, կյանքի փրկության հարց էր... Գետինը բերքառատ ծառի պես ասես թափ էին տալիս

-Նինային եղբայրդ գտավ, մնաց երեխեքին գտնի,- ասաց ջերմոց  մտած մայրն ու նորից դուրս եկավ:

Նինան եղբոր կինն էր, դպրոցում դասատու էր աշխատում: Ուրախություն էր  զոհվածի դին գտնելը`անհետ կորած չէր լինի: Ոչ մեկը լաց չէր լինում` լացի ձայն չկար: Մութը գնալով թանձրանում էր: Եղբայրը գնում էր ու որոշ ժամանակ  անց  վերադառնում: Դրսում դրված վառելի գերանների վրա շարել էին երկրաշարժից զոհվածների  դիերը: Դրանց մեջ էին եղբոր կինը, նրա անչափահաս աղջիկն ու մանկահասակ տղան:

Մի կերպ, երբեմն չորեքթաթ` ցնցվող գետնից կառչելով, իր թանկագին բեռով`յոթ ամսեկան հղիություն ուներ, ճանապարհին իրեն ընդառաջ վազող ինը տարեկան տղայի հետ հասան մանկապարտեզ` երկու տարեկան մյուս երեխայի ետևից: Անօգ այս ու այն կողմ էր անում` պտտվում քարակույտի վերածված շենքի շուրջը: Կողք-կողքի պառկեցրել էին փլվածքի տակից դուրս բերած մանուկների անշարժ մարմինները

-Սա ում երեխան է,-տղամարդու մի ձայն հեռվից որսաց հայացքը: Փոշու մեջ կորած փոքրիկին մեկը մեջքի շորերից բռնած ի ցույց էր պարզել: Սպիտակ վերնաշապիկը, որ առավոտյան հագցրել էր փոքրիկին` հույս ներշնչեց: Անկախ իրենից կանչեց` իմն է: -Ջարդված դաշնամուրի տակից դուրս բերեցինք,-ասաց երեխային իրեն մեկնող ձայնը: Երեխաներին առավ թևի տակ, ամուսնուց դեռ լուր չուներԱչքը ճպելիս արցունքը կաթում էր` հիշողությունը ցավոտ էր...

Մոր տնքտնքոցը սթափեցրեց` ուզում էր նստած տեղից բարձրանալ: Աթոռը ճոճվում էր նրա տակ: Վայր ընկնելու վախը մեծ էր: Մոտենալով` ճոճվող աթոռը երկու ձեռքով սեղմեց գետնին, մայրը կառչելով իրենից`ոտքի կանգնեց: Սենյակի մի ծայրից մյուսը մի քանի անգամ դանդաղ քալքով գնաց ու եկավ:

-Հոգնեցի,- դիմեց նա աղջկան,- օգնիր մտնեմ անկողին:

Հիշեց ինչպես էր մայրը փրկվել փլատակների տակից: Խանութ էր գնացել գնումների համար, հետո չէր հասցրել դուրս գալ խանութից: Մնացել էր փլվածքի տակ: Լսել էր տղամարդու մի ձայն Հասմիկ է կանչում: Մայրն էլ էր ձայն տվել, օգնություն էր կանչել:

-Հասմիկ, դու ես,- հարցրել էր ձայնը:

-Հա, հա, ես եմ,- պատասխանել էր մայրը, ում ինքը Ժենյա գիտեր իր ծնված օրից, ով Ժենյա էր եղել նաև իր ծնվելուց շատ առաջ: Այդ պահին մորը հարմար էր եղել Հասմիկ լինելը, խաբելով արժևորել կյանքը:

Իսկ տղամարդու ականջն էր ընկել իր դեռատի կնոջ`Հասմիկի ձայնը: Նա իր Հասմիկին էր ուզում կենդանի տեսնել: Ու երբ այդ երիտասարդը իրար վրա թափված քար ու փայտի բացվածքից դուրս էր հանել իր մորը, նրան բոլորովին անծանոթ իր հարազատ մորը, ում այդ ամբողջ ժամանակ հուսադրել էր գորովալից խոսքերով, այդ երիտասարդը ձեռքերի մեջ էր առել գլուխն ու վշտահար կանչել` Հասմիկ````

Մայրը, երբ սկսում է այդ մասին պատմել, ձայնի մեջ դժգոհություն է զգացվում: Դե, նա ուղղակի դժգոհում էր.

-Ինձ չէր օգնի այդ տղամարդը, եթե չխաբեի նրան`ասելով Հասմիկն եմ: Հաստատ չէր հանի փլվածքի տակից,- համոզված պնդում էր մայրը` գոհացած արածից:

-Ամբողջ աշխարհի գութն էր արթնացել`կօգներ, կհաներ փլվածքի տակից, ինչպես չէր հանի,- ուզում էր հակառակվել մորը, բայց ամեն անգամ հապաղում էր ու լուռ լսում:

-Տեսնես այն տղամարդը գտավ իր Հասմիկին,- միտքը շուռումուռ էր տալիս հիշողությունը: Երևակայության մեջ նրանք միասին ողջ-առողջ էին:

Եփած մսի ախորժալից բուրմունք կար սենյակի օդում:

-Դեռ չհովացավ, տուր խմեմ,- դիմեց նա աղջկան:

-Հիմա կնայեմ,- համբերատար դառնալով նրան,- ասաց աղջիկը:

Արգանակով լի բաժակը ձեքում մոտեցավ մորը:

-Ես խմացնեմ, թե դու կխմես, ինչպես ես ուզում:

-Տուր, ես կխմեմ,- ձեռքը նրան պարզեց անկողնու մեջ կիսանստած մայրը:

Նա կում-կում վայելում էր թարմ մսի բուրումնալից արգանակը: Խմած արգանակի ոչ մի կաթիլ քթից չեկավ`ամրացված պլաստե խողովակը չոր էր:

-Վերցրու,- ձայնեց աղջկան` դատարկ բաժակը մեկնելով նրան:

Աղջիկը պատրաստակամ մոտեցավ ու ձեռքից առած բաժակ դրեց ջրի ծորակի տակ:

Լավ էր, տաք ջուրը դեռ գալիս էր, թեպետ ժամով էին տալիս:

-Ես <պուկ> արեցի, ուրեմն աղիներս գործում են,- որովայնով մեկ տարածելով ուրախությունը, սկսեց բարձրաձայն ցնծալ մայրը: Լսեցիր,աղջիկս, ես …., ուրեմն աղիներս գործում են, եսԼսեցիր, ես…,- չէր դադարում ուրախանալ մայրը:

Ջրի չլթչլթոցը չկտրելով, աղջիկը դեմքով կիսաշրջվեց մորը` շտապելով պատասխանել, - տեսնում եմ արդեն լավ ես:

-Հա, բա չլսեցիր, ես… - փորձեց շարունակել մայրը:

-Ուրախ եմ, որ լավ ես,-մոր խոսքը կտրելով արագ վրա բերեց աղջիկն ու ձեռքերը սրբելով մոտեցավ պատուհանին`մեջքով կանգնելով դեպի մայրը

Հեռվում երևացող սարերը սապատավոր ուղտերի նման ծնկել էին`մեջքներին առած արծաթված ամպերը: Քամին պոչ էր խաղացնում`երեսով տալու շատ բան կար:

Դրսում ահագին ձյուն էր նստել: Պատուհանից այն կողմ օրը քիչ քիչ սառչում էր.

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий