понедельник, 23 апреля 2012 г.

ԿՈՄԻՏԱՍ  ՎԱՐԴԱՊԵՏ, ՎԱՂԸ  ԿԳԱՄ  ՆՎԱԳԱՀԱՆԴԵՍԻՆ...

                                                                          
Հատուկենտ էին անցորդները,

                                                                           աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին,
                                                                          
և Կոմիտասին ուշ դարձնող չկար:

                                                                    Իսկ նա,աննահանջ սպասում էր....
                                                                                                                           
Մ. ԳԱԼՇՈՅԱՆ

 

Երկար  փնտրելուց հետո գլխի  ընկա, որ  դրամապանակս կորցրել եմ: Հնամաշ էր թեպետ ու մեջը քիչ փող կար, բայց հայտնի բան է`մարդու միտքը գնում է կորած իրի ետևից: Մտածում էի, որ հիմա մեկը գտած կլինի ու...Չէի հավատում, որ դրամապանակը  գտնողը ետ կվերադարձներ: Ինձ  հետ մի անգամ էլ էր նման բան  պատահել, միայն թե այն ժամանակ  դեռ տասնութ տարեկան էի: Նշանիս ժամացույցը`ոսկյա շղթայով, պինդ չէր օղակում թևս: Երթուղայինից իջնելուց առաջ ժամին նայեցի`լավ եմ հիշում: Իջնելուց հետո  անցած ճանապարհս  մի քանի անգամ վերև-ներքև արեցի, գնացի ու եկա, բայց ճամփիս հանդիպած մարդկանցից ոչ մեկին չհարցրի`ժամացույցս չեք  գտել: Ոչ ոք չկարդաց  դեմքիս շփոթմունքը, ոչ  մեկը չհարցրեց`բան ես կորցրել: Ոչ մեկի պետքն էլ  չէր, որ  առանց ժամի էի մնացել
Ամուսնուս մեծահոգությունը  մինչև հիմա էլ զարմացնում է ինձ` գոնե հանդիմանական մի խոսք ասած լիներ, հեշտ լիներ գուցե...
Էդ  դրամապանակից առաջ շատ բան էի կորցրելու հիմա եթե չգտնեի դրամապանակս` կհաշտվեի: Ու հետո խնդրանքով կդառնայի Աստըծուն, որ ազատի  վատթարից:
Մարդկային կորստից մեծ կորուստ չկա`անդառնալի  ու անփոխարինելի: Ուզում էի  գլխի ընկնեին, որ  որբ եմ:
Երբեմն-երբեմն բանաստեղծություններ էի վաճառում ջրի գնով: Ու բախտս միշտ չէ, որ բերում էր, բայց էլի հավատում էի լավ  օրվան...
Դու գիտեիր, որ ես  կգամ դրամապանակիս  ետևից, դրա համար էլ սպասում էիր: Վարդապետ, ուրախ էիր, որ դու ես գտել այդ հնամաշ դրամապանակը: Դու չէիր  կարող խեղճի   մտահոգությունը թողնել բախտի քմահաճույքին, մտածելով թե`անտեր դրամապանակ է, ով ասես կարող էր գտնել, վերցնել, տնտղել, շպրտել  ու   անտարբեր հեռանալ:

Ոչ, ոչ, ու դարձյալ ոչ: Միայն դու կարող էիր սպասել, երկար սպասել դրամապանակի տիրոջը`անվերջ հուսալով,  որ անպայման կգա: Խղճիդ վրա ծանրություններ դնել չես սիրել, իսկ ուրախություն նվիրելուց երջանիկ ես եղել առավել:

Քաշ  չուներ հնամաշ դրամապանակս ու գին չուներ մեջը եղած գումարը`մի քանի լումա: Այդ մի քանի ժամը եթե չսպասեիր, հետո կյանքիդ չափ մեղքի զգացումից  պիտի քեզ տանջեիր`դու քեզ լավ գիտեիր: Համբերատար սպասումիդ մեջ և հրաժարում կար և սրտի գոհություն: Ցրտից ճաք տված ձմեռային այդ օրը  ոչինչ էր  մտքիդ արևշատության դիմաց: Քո  հոգու տաճարում հնչող երաժշտության անդրադարձին այնպես օտար էր մարմինը ծակծկող ցուրտը:

Գիտեիր, հաստատ գիտեիր, որ  սիրում եմ  երգել ինքս  ինձ համար`առանց նվագարանի, և  որ շատ եմ սիրում  քո հոգու մոտիկությունը....
Հեռվից տեսար ինձ: Ասես  գիտեի, որ սպասում ես` գտա քեզ սրտի ջերմությամբ ու   հնարավորինս արագ մոտ  եկա: Եկա, որ դու գնաս`հոգնած ու քաղցած կլինեիր: Իսկ դու չես շտապում գնալ:Առանց ճաշելու էլ կարող ես օր անցկացնել` հաց ու  ջրով: Մի կտոր հաց ու մի բաժակ ջուր, արդար ու ազնիվ կերակուր, որ կարող էր Քեզ շռայլություն թվալ աչքից հեռու քաղցող մարդկանց հանդեպ:
<Սիրտս նման է էն փլած տներ>` չեմ  ասում, քեզ մոտ չեմ ասում, թող չիմանաս  աղետյալ ծննդավայրիս մասին`ասում էին էլ չկա, չկա Սպիտակ քաղաքը, թող չիմանաս հազարավոր անմեղ զոհերի  մասին…Չեմ ուզում, որ իմ շուրթերով մեկ էլ մղկտա քո սիրտն ու հոգին, քո  անհուն ցավին  թող  վիրակապվի լույսը: Թող հայի բախտը արևոտվի: Թող կամքդ վեհանա,  աշխարհով  մեկ  տարածվի  հայոց  ոգեղեն երաժշտությունը, թող  աշխարհն իմանա  հայի աստվածատուր շնորհի մասին,  թող իմանա հայ մարդու հոգսի ու ցավի մասին, թող աշխարհն իմանա փոքրիս ու Քո մեծության մասին :
<Էս առուն ջուր է գալիս, մի տեսեք ով է գալիս>`երգդ սիրողներին չես կարող չճանաչել, ընդառաջ չգնալ ` ոգեղենը խնդության սինիի մեջ մատուցելով:
<
Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ>`շուրթերիցս  թռավ`երգում եմ, ոնց կարողանում եմ, ստացվում է  տաքանալ, արևոտվում են  օրերս`  ամպերի  թուխպն իրենցից վանելով: Ձմռան ցրտերից գարունը չի  մեռնում` արև ու երկինք ունի, կյանքի իրավունք ունի, հավատավոր ունի, երգ ունի…
Երգերի  ճակատագիրը  ապրեցնելու  չափ քոնն է:

 Դու չէիր կարող ապրել  ցավից թաքուն, երգից  հեռուԱստծո ձեռքը մոմ էր թափել, լույս էր մաղել, որ  քո  ուղին  վեր սահեր երկրային գորշությունից: Հագուստիդ սևը երբեք էլ քո սրտամոտ  գույնը  չէր: Աշխարհդ ծիրանագույն էր ու վարդագույն` մանկան անմեղությամբ ու հավատով մեծ:
Դու կարողանում  էիր ավելիով տալ: Հիմա էլ իմ  դրամապանակում եղած  տասը լուման` հարյուր և տասով ես վերադարձնում, թեպետ ինձ պարտք չէիր:

Հաստատ գիտեիր, որ անօգնական եմ, նաև`անհաջողակ, թե չէ ինչու պիտի կորցնեի:

Շատ ես աղոթել  իմ ու մյուսների  համար` խնկաբույր կա  օդի մեջ :

Աղոթքս քեզ հետ, զավակս` լսել են, պահել  մտքում ու չեն ուզեցել կորչել:
Աստված օգնական,Կոմիտաս վարդապետ`միտքս բարձրաձայնել էր ուզում  ձայնս:
Աստված պահապան, Աստված պահապան`կրկնում  էիր մտքիս մեջ` հավաստի լինելով:
Հայ եմ` պահելու բան չէր:

Միայն թե մի զարմանա, Վարդապետ, կին եմ`տղամարդու տաբատով, տղամարդու հոգսերով: Իսկ  կարոտս կանացի քնքշություն ունի`  սրտիս  պես է: Դժվարությունների, հոգսի մատնությունից պահում եմ թաքուն` խոցելի տեղս է: Բայց քո աչքից պահել չկարողացա: Քննախույզ հայացքդ զորեղ էր պահապան ծնողի պես:
<Պաշտպանության կարիք ունես, ինչքան էլ ջանաս թաքցնել>` հայացքդ մատնեց մտածումդ  ու ինձ  ավելի հարազատացար:
Հայկական եկեղեցում հայկական նվագահանդեսի հրավերդ սրտովս էր:
Մեր ամոքումի բոլոր ափերում անմահությանդ պատգամն է վերին, Կոմիտաս վարդապետ`մտքիս մեջ զանգերի ղողանջ էր` տոնի կանչով :

Հեռանալով `մերթ ընդ մերթ, շրջվում էի դեմքով դեպի քեզ:
Վաղը կգամ նվագահանդեսին,Կոմիտաս վարդապետ` հուզմունքով խոստացան շրթունքներս:
Մրսած բառերս արդեն Քեզ  չէին հասնում..

 


                                                                        

Комментариев нет:

Отправить комментарий