вторник, 10 апреля 2012 г.

ԱԿԱՄԱ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ


                                                                         Կյանքից հիշողություն չվերթի
                                                                         
տարանցիկ կայարան է երազը,
                                                                         
որի տոմսը կարելի է գտնել
                                                                         
էվոլյուցիայի դրամարկղում...
                                                                            ------------------------------
                                                                         
Ու սարսափելի հերթ է
                                                                         
էվոլյուցիայի դրամարկղի առաջ,
                                                                         
Որ երկարում է մինչև նախախնամություն...
                                                                                           Սամվել Կոսյան

                                               ...ակամա  վկայություն
Ես Նրան չէի ճանաչում:Շուրթերս չունեին Նրա անունը: Մինչդեռ ինքը միշտ ունեցել էր ինձ:
Ունեցել էր իմ հիշողությունից շատ ու շատ առաջ:Ինձ պահպանել էր իր սիրո համար` փոխադարձ սիրո ակնկալիքը չբարձրաձայնելով:Մենք կապված էինք իրար արյան նույն կանչով, որը հարատև աղոթքի պես պիտի համբարձվեր...
Ինձ տվել էր մայրանալու  կարողություն:Ես չէի զարմանում զավակներիս հանդեպ ունեցած իմ մեծ սիրո վրա: Դե, չէի էլ մտածում, որ կարելի է այդ մեծ սիրո չափման միավոր գտնել կամ էլ ճշգրիտ թվերի անճշտությունից նեղսրտվել, հավերժությունն էլ ունի սկիզբ` սկսվող մեկ, երկու...թվերով:
Ինձ տրվել էր սիրելու շնորհ, մայրանալու կարողություն, նվիրում...Տվել էր ինձ...Իրեն:
Տարիներ առաջ էր, սպիտակյան մեր տանը մանկիկներ էի բարուրում` հավերժի հավատը փրկելով: Կյանքն ապրում էր ինձ հետ նույն հարկի տակ` վայելելով օջախիս ջերմությունը` մահվան ներկայությունը մատնելով անհիշության...
Ես արդեն երկու որդիների մայր էի, սպասում էի երրորդ որդուս լույս աշխարհ գալուն: Սպասում էինք երրորդ որդուս, ում ամուսինս որոշել էր կնքել Անդրանիկ զորավարի անունով: Չարին գրգռելու միտում չի կարող լինել պարզ ու միամիտ որոշման մեջ...
Սպիտակյան մեր տունը միհարկանի, հարմարավետ շինություն էր: Կառուցել էինք սեփական ձեռքերով: Պատերի աչքի զարնող ճերմակությունը գաջի հետ գիպսի խառնուրդի առկայությունից էր:
Երեկոյան առօրյա հոգսից հոգնատանջ  մարմինս ծանրանում էր անկյունում դրված բազմոցին, փորձելով չհիշել կիսատ մնացած գործերս: Հոգուս երանելի անդորր էր պարգևում Նրա ցանկալի պատկերը, ում տանում էի հայացքս` նստելով բազմոցին: Ես տեսնում էի Նրան ճաշասենյակի պատի ճերմակի վրա արդեն մի քանի օր: Նա բարետես, իմ հոգուն հարազատ...կին էր: Ես նրան չէի կանչել, չգիտեի ով է Նա, չունեի նրա անունը: Փառահեղ խաղաղությամբ էր սիրտս ըմբոշխնում մտերմությունն ու քաղցրությունը, որն ասես կաթում էր, հորդում էր ինձ համար անիմանալի մի աղբյուրից` թերևս` տեսանելի  նրա պատկերից: Նրա ներկայությունը կենսական էր  դարձել ինձ համար: Ես  Նրան սիրում էի:
Կավիճը սահեցրի նրա դիմագծերի վրայով` չկարողանալով զսպել շոշափման բնազդի մղումը..
Գոհ էի: Ինձ համակել էր արարման ուրախությունը, իսկ նկարելու ձիրք հիմա էլ չունեմ: Պատկերից ճառագող պայծառությունը < կապույտ էր հագցրել ինձ ներս ու դրսից>:
Աչքերիս սև ու սպիտակը ծիածանագույն ժպտում էր հայացքիս քնքշությամբ, ժամանակ առ ժամանակ հպվելով Նրա դեմքին: Գնում էի ննջասենյակ` նրան թողնելով առավոտյան հանդիպման սպասումը...
Այդ օրը ես չգտա Նրա պատկերը պատի վրա: Ամուսնուս չփորձեցի արդարանալ, ոչ էլ փորձեցի մեղադրել. մաքրել էր, և դիտողությունն էլ տեղին էր.< պատը նկարելու տեղ չէր>: Հոգուս նեղսրտությունից աչքս լացեց, չիմանալով, որ մի երկու օրից ահեղ փոշուց արյունոտվելու է, չգուշակեց նույնիսկ, երբ ժամեր առաջ իրար հաջորդեցին երկու գմբոցներ, ասես դավադիր ձեռքով բացվեց դժոխքի դուռը, ու չարքերը դուրս գալով ծպտվեցին թանձրացող մթնում` թաքուն պահելով միտքը դավադիր...հետո, ժամեր հետո, երբ արևը դեռ չէր հասել զենիթին, գաղտնիքը չդիմացավ կուրությանը, գետնափոշին ըմբոստ ձգվեց երկինք, գետինը սկսեց երկմտել...
Առօրյան վթարվեց` մնալով Սպիտակիս քանդվող շեների փլատակների տակ, ես կորցրեցի իմ թագն ու ամուսնական մատանիս...
Երկրաշարժը մնաց անցյալ ժամանակում..
Ամեն անգամ հոգեպես ցնցվում եմ, երբ հարցնում են ընտանիքիս կազմի մասին: Առանց հայրիկի,մայրիկն ու բալիկները`այս է արդեն իմ ընտանիքը:Ամիս անց,երբ երեխաներիս հետ Երևանում ամուսնուս հորաքրոջ տանն էինք, Նա նորից այցելեց ինձ:
Լույսը նոր էր բացվում, խաղաղ քնած էին բոլորը, հոգնությունն ու հոգու ցավը մոռացության տալու ընդունված առաջարկ է ասես ժամանակավոր նինջը...  Ննջարանի  դռան կիսով չափ ապակեպատ հատվածով, միջանցքի լուսավառ կողմից, Նա նայում էր ինձ:Վախի զգացմանը տրվեցի մի պահ: Ձայնեցի հարսին, փորձելով ինձ համոզել, որ նա է դռան մյուս կողմում: Ձայնս թույլ էր, լսելի չեղավ ոչ ոքի: Ինձ ոտքի կանգնեցնելու ուժ գտա, մոտեցա դռանը, կամաց հրեցի: Դուռը հանգիստ սահեց ճեղքելով միջանցքի լույսը:Միջանցքում մարդ չկար...
Երկրաշարժից երկու ամիս անց մայրացա: Իմ երրորդ որդուն հոր անունով կոչեցինք:Որդիս նկարելու ձիրք ունի, պատահական չեմ համարում:
88-
ի  երկրաշարժից անցել է ավելի քան քսան տարի: Տասը որդի ծնել ինձ այդպես էլ չհաջողվեց, չհաջողվեց նաև թաքցնել կորցնելու վախը, աշխարհս կատարյալ է իր անկատարությամբ, շարունակում եմ ապրել արարման պահի հիշողությամբ` Բարու կամեցողությամբ հաղթահարելով ինձ  դեպի լույս տանող ճանապարհի խոչնդոտները, համարելով կաման որպես ակամա վկայություն, երկրային բաներումս` կամքիս մարդկային դրսևորումը, որպես կայացած որոշում Բարեգութ Երկնայինի...



Комментариев нет:

Отправить комментарий