вторник, 7 августа 2012 г.

ՍԱՌԸ ԼՈՒՍԱՏՈՒ


Լույսի  տենչը  զորու չէր  հասնել աղոթքի ետևից.
-Տեր,արա այնպես,որ աղաչանքս բարին լինի,և որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա….
Խռոված էր  հոգին, ձեռքերի դողը` նկատելի:Աննայի մահվան լուրը թողել էին առավոտ լուսո: Բոթել էին ականջին ու տակնուվրա արել սիրտն ու հոգին: Տան մեջ ետ ու առաջ էր անում,քայլում սենյակից սենյակ:Պիտի գնար հուղարկավորությանը,բայց ինչու էր իզուր ժամանակ կորցնում:Մայրաքաղաքից ծննդավայր  երկու ժամվա  ճանապարհ կլիներ:
 Արդեն քանի տարի հիվանդ էր հորաքրոջ թոռնուհին:Բժշկական էր սովորում,ամեն ինչի տեղն ու ճարը  գիտեր,բացի իր հիվանդությունից  փրկության տեղը: Ասում էին, եթե շուտ իմացած լինեին,գուցե կարողանային կյանքը երկարացնել:Ասում էին,որ էդ խեղճի բախտն իր հետ է եղել:Դպրոցում բժշկական ստուգումների ժամանակ  լույսերը գնացել են,սարքավորումները`անջատվել:Մի ուրիշ անգամ էլ` ինքն է բացակա  եղել հիվանդության պատճառով:Գյուղական դպրոց,գյուղական վերաբերմունք ու պայմաններ:Էդ էլ բախտի բան էր:Հետո  բժշկական  ուրիշ ստուգումներ էլ  չեն եղել:
Ծնողների մտքով չէր  էլ անցել բժշկի տանել:
-Հիվանդանա  էլ,լավանա էլ,-մտածել էին:Իսկ մայրն արդեն քանի տարի էր հոգեմետ դեղեր խմելով  չէր լավանում:Երկրաշարժին փլատակներից էին հանել մորը, որ այն ժամանակ դեռ իր նման օրիորդ էր:Սարսափելի վախեցած էր եղել ու վախը այդպես էլ չէին կարողացել չափել:Սիրուն աղջիկ էր`տանը չէր մնացել,ամուսնացել ու մայրացել էր իրենով: Հիմա հայրն ուրիշ կնոջ մոտ էր գնում:Պատճառաբանում էր,որ կինը հիվանդ է ու ինքը ջահել տղա է:Կռվտուքը շատ էր տան համար:Իսկ երեխաները,ով պիտի մտածեր նրանց մասին:Երկու քույր էին`երկու տարվա տարիքային տարբերությամբ, որն այնքան էլ նկատելի չէր`Լուսերես ու Վարդերես էին :Վագոն տնակում էին ապրում, ասես ջրի մեջ,պատերից միշտ հոսող ջրի կաթիլներ կային:Ուրիշներն էդ էլ չունեին,քաղաքն ավերվել էր երկրաշարժից,շեները`քանդվել:Վիրավոր էին բոլորը,ով ֆիզիկապես,ով`հոգեպես: Ասենք ողնաշարը վնասված մեկը ոնց կարող էր հոգեպես առողջ մնալ:Քսանմեկ տարի է անցել երկրաշարժից,բայց ցավի մորմոքը ուրանի միջուկի ռեակցիա էր հիշեցնում:Մարդկանց մտքերը մռայլ էին իրենց ճակատագրի նման:Չչարանալ չէր լինում….
 Հագնվեց,պետք է արագ դուրս գար,որ հասցներ…. Մեկ է,մահացյալին էլ ինչ,նրա համար միևնույնն էր արդեն`ետ չես բերի:
Այնքան հուզառատ էր Աննան,այնքան զգացմունքային:Սիրած տղան`Լևոնը,վիրաբույժ պիտի դառնա,նա էլ չկարողացավ օգնել :Համակուրսեցիներ էին,մինչ այդ էին ծանոթացել:Ապրել էին նույն քաղաքում, հարևան բակերում,բայց իրար չէին ճանաչել:Ինտերնետով գտել էին իրար,խոսել ու խոսել,հետո հասկացել էին որ սիրահարվել են խենթի պես:Սկսել էին գժվել միմյանց  համար:Հասկացել էին,որ չեն կարող ապրել առանց մեկ մեկու….Միասին էին,ոչ մի աղջկա չէր հաջողվել խափանել նրանց սերը,ոչ էլ Լևոնի ծնողներին…. Գիտեին,որ անբուժելի հիվանդ է, որ նրան քիչ է  մնացել  ապրելու:Խղճում էին իրենց տղային:
 -Գնա,հեռացիր ինձանից,դու ինձ չես սիրում,խղճում ես ուղղակի,-Աննան մի օր ասել էր Լևոնին:
-Չէ,աննման Աննա,ես քեզ սիրում եմ,-պատասխանել էր Լևոնը ու չէր իմացել թե  էլ ինչպես սիրեր:Կողքից չէր հեռանում,հոգ էր տանում:Սիրում էր նրան քաղցր խոսքեր ասել Լևոնը:
Նշանվելու մասին լսել չէր ուզում Աննան, թեպետ բամբասանքներից նեղվում էր:Լևոնի բերած մատանին մատը չէր դրել:Բայց միասին էին համարյա միշտ,դաս էին պատրաստում,գիտելիքներ փոխանակում:Ուսման անհագ փափագ ուներ:Հիվանդությունն անգամ զորու չէր պոկել նրան գրքերից
Ամռանը վիճակն ավելի վատացավ,արյուն ներարկեցին:Մի շաբաթ էլ չանցած, սկսեց արյուն թքել:
-Սա պիտի լիներ,բայց ինչու այսպես շուտ,-ասել էր տխուր ու մտահոգ:Մահվան տխրությունը  նրան էլ  չէր լքել:Քեռու կինը խոստացել էր ծննդյան օրվա տորթը թխել,վարդերով զարդարել:
-Ուրիշների համար անում եմ,-ասել էր,-քո քսանամյակի տորթն էլ ես պիտի թխեմ:Ինչ է որ մնացել ծնունդիդ,մի ամիս ու մի քանի օր: Աչքդ փակես-բացեսկանցնի:
-Հա,կթխես,ինչու չէ,-ասել էր,-բայց մոմերը ես չեմ փչի:
 -Աննա,-ոնց էլ կարդամ Աննա ես,-մորատատի մղկտոցն էր: Ասես ինքը չէր առաջանում դեպի մահացյալը,այլ իրեն հրում էին դեպի նա:
-Լույսի կտոր լինի կարծես,-չասել չկարողացավ,- աղջիկ, քո ինչին էր  պետք այդ ճամփան: Բարձր ճակատով ,նուրբ դիմագծերով դեմքը անխռով էր: Այտերը ներկել էին թույլ վարդագույնով:Շագանակագույն գանգուրները հնազանդ փռվել էին բարձին:
-Իրա ուզած շորն ենք հագցրել,պատվիրելա փիրուզագույն շորով իրեն ճանապարհենք,-նորից նվաց տատը:Ես իրա համար շատ բան եմ արել,շատ եմ օգնել,նվերներ եմ առել,պահել եմ,իմ էրեխու էրեխենա,-լացախառն խոսում էր  մորատատը:Արդարանում էր ասես,որ ինքն ապրում է,իսկ նա արդեն չկա:Հորական տատը ձայն չէր հանում,խռով էին խնամիներով: Համակուրսեցիներ եկան,սիրած տղան չկար:Չէր ցանկացել գալ ու տեսնել տեսնել,որ նա չկա,թեպետ վերջին պահին ինքն էլ էր մոտը եղել:Աննան հարազատներին ներողություն խնդրելով  դուրս էր հրավիրել սենյակից,միայն մորն ու Լևոնին էր թողել մնան կողքին:Ինչ կարող էր անել Լևոնը,ինչ կարողացել էր`արել էր:Ոնց կարող է մոռանալ նրա  աղերսանքը,էլ ուսում էլ չէր ուզում,ոչինչ չէր ուզում- մի քիչ էլ էր կյանք խնդրում:Արյունը ջուր էր առել, ինչ աներ Լևոնը,ոնց վերադարձներ սիրելիին կյանքի: Փիրուզագույն զգեստը չէր կարող ծածկել հալված մարմինը:Ասում են շատ էր ամաչում դրանից,մանավանդ երբ բուժքույրը մկանային սրսկում պիտի աներ:Կաշին ու ոսկորն էր մնացել ուայնքան լույս:Սառը լուսատու`մատները ճերմակ մոմեր լինեին ասես,որ ջերմության պետք ունեին:Սիրտը,որ այնքան մղկտացել էր  մոր համար,էլ անտարբեր էր:Մայրը դեղերի ազդեցության տակ,կիսաուշաթափ նստած էր:Որքան էր տառապել մոր համար:Մի օր պատահական լսել էր հոր ու հորատատի զրույցը:Արյունը գլխին էր խփել.ոնց թե հայրը նոր կին առնի,իսկ մայրը:Եկել  ու մորը ստիպել էր տունը անվանափոխել,-տես,առանց տանիք դռներում չմնաս,-ասել էր ,-տան փաստաթղթերը քո անունով դարձրու,որ հետո մեղք չլինես: Տունն էլ տան նման լիներ,վագոն տնակ էր քարե նախամուտքով:Տունն էլ էր տխուր
Հավաքվածները վերջին հրաժեշտն էին տալիս, օրն ամպամած էր: Գերեզմանոցում ,երբ մորական տատը առաջ էր անցել, հորական տատը հաջողացրեց մոտիկ կանգնածներին լսելի ասել,որ վզի շղթան ու խաչը դպրոցի   <վերջին զանգ>-ի իր նվերն է:Բարակ շղթա էր վզին` թիթեղի կտոր հիշեցնող խաչով: Թափորը ձգվեց ու կանգ առավ գերեզմանափոսի մոտ:Բոլորը անակնկալի եկան,երբ տեսան աղջկա մորը,որ չգիտես ոնց բարձրացել էր մետրաչափ գերեզմանապատը ու փոսի վրա կռացած չէր կողմնորոշվում` նետվել, թե ինչ անել:Թևերից բռնած իջեցրին նրան` հեռացնելով գերեզմանից: Լսվում էր փոսը լցվող քար ու հողի ձայնը:
Ուժեղ անձրև սկսվեց: Երկնքի փորը պատռել էր :Ընկած գետեր էին հոսում փողոցներով: Ջրի երեսին պայթող  պղպջակները  այլ մոլորակայիններ լինեին ասես, որոնց ժամանակը երկրի վրա սպառվել էր:

Комментариев нет:

Отправить комментарий