вторник, 6 ноября 2018 г.

ԻԲՐԵՎ ՀԱՐՍՆԱՔՈՂ

ԻԲՐԵՎ  ՀԱՐՍՆԱՔՈՂ

 /   Ելից ԼԳ.20, Ոչ մի մեղսավոր մարդ  չի կարող տեսնել Աստծո երեսը և ապրել: /

 

Առաջին քարն ո՞վ գցեց, չէր հիշում: Քար գցողներ շատ կային: Շպրտում էին, ում խելքը ոնց բրդեր, ում աչքը ոնց կտրեր: Անվրեպ չմնաց հոգին`տրորվեց: Ցավի մասին հետո իմացավ, երբ  քարի պես ծանրացավ  խղճին :

Դրախտի պես գաղտնիք ուներ անարատ մարմինը, որ հանգիստ  չէր տալիս շատերի աշխարհով մեկ  անելու բարբաջին: Ասես մոմե  լիներ` այրվելու տենչ ուներ, շատերի աչքին շոշափելի էր ծիածանվող լույսը: Երեսից ծավի անմեղություն էր կաթում, որ հետո պիտի ցանկանար թաքցնել մեղքի պես: Մազերն ինչպես նոր վարած սևահող`  մեջքն ի վար փռած, սևին էր տալիս: Մաշկը մանկան նման անուշահոտ էր ու նրան ձգվող ձեռքը հազիվ էր զսպում դիպչելու ցանկությունը…..

Առաջին քարն ո՞վ գցեց:

Պղտոր է  մարդու  չարակամ միտքը: Գողի նման` վախենալով լույսի մեջ բռնվելուց, մութի մեջ անստվեր է ապրում: Պտղի համտեսի համար ճյուղակոտոր արեցին ծառը, այգին թողնելով անարգված ու անտեր:

Փախչող ստվերներից կառչել  չցանկացավ`անսիրտ  էին, կսպանեին: Իսկ ինքը լի էր կյանքով` ապրել էր ուզում, ուրախություն էր տենչում: Հետ նայել էլ չէր ուզում`մթագնած օրեր էին, առաջ գնալու հույսը մարում էին, հանգիստ  չէին թողնում`մեղսավոր էր: Մինչդեռ իրեն վիճակված էր`երկար պիտի ապրեր,  մինչև զոհասեղան ճանապարհ ուներ անցնելու, դեռ պիտի հարսնանար…

Գալիլեայի Մագդալա քաղաքից էր: Ապրում էր ակամա, թեև դա չէր ուզածը`հոգին հասկացող չկար: Հոգու թևերը ձգվում էին դեպի երկինք, մարմինը նրան հողին էր գամում:  Երկար պիտի վճարեր կորցրածի համար, թեև դրախտ տանող ճանապարհը դժոխքի միջով էր անցնելու:

-Լի՛րբ, անառակ կի՛ն, ոնց էլ ման ես գալիս աչքներիս առաջ,- թշշացնում էին տարեկից կանայք, չթաքցնելով ատելությունն ու կատաղությունը  նրա գեղեցկության հանդեպ:

-Այս արևի՛ տակ դու իրավունք չունե՛ս ապրելու,- վրա էին գալիս չոր ու ցամաքած պառավները, իրենց մարմնի այլակերպության անզորությունը պատվի քողի տակ ծածկելով :

-Քո գեղեցկությո՛ւնը պատիժ է դարձել քո գլխին, այ կի՛ն,- բարեհոգի խղճում էին ծեր տղամարդիկ:

Լսում էր ու չէր հիշում խոսացողների դեմքը:

-Կե՛ր, որ  քաղցած չմնաս,- հիշում էր լսածը: Չոռ ու ցավ ուտեր, աղի արցունքով էր թրջում հացը` կուլ չէր  գնում: Իրեն սիրելուց չէր, որ կամենում էին:

Քաղցից պիտի չմեռներ, ինքը պիտի չմեռներ.. Անուշահոտ ու գեղեցիկ պիտի ապրեր`դրամ ուներ երկերեսանի`կայսրի ու Աստծո պարտքով:

Ինքն իր հետ անհաշտ էր`մի ձայն աղաղակում  էր ներսից, օտարներից շատ էր դատափետում`ականջի մեջ էր, մտքի մեջ էր, խղճին նմանակում  էր, սիրտը մաշում էր: Ընդդիմանում էր սովոր շան պես իրեն հետևող  կեղտոտ ճանապարհին`մաքուր  էր ուզում մնալ,  թաքուն ապրել չէր լինում`գեղեցիկ էր ու անպաշտպան: Ցավից տնքում էր լույսի նման թափանցիկ ու անզեն  հոգին: Նա  էլ հիշողություն  ուներ`հոգնել էր  ներելուց:

Ուզում էր թեթև ու  երջանիկ ապրել, մեղքը խղճի վրա գցելով չէր լինում` ապրածի բեռը ծանր էր կյանքից: Որքան փախչում էր տխրությունից, այնքան  սա ավելի էր իրենը դառնում…Տեսնես կլինե՞ր  ուրախ ապրել…

Լսել էր նազովրեցի Հիսուսի մասին: Ասում էին Աստծո որդի է` մարդացած Աստված: Հայրը երկնքում է, մայրը`երկրի վրա: Հայրը անտեսանելի Աստված, մայրը գեղեցիկ,  երկրային  էակ, հայրը լույս, մայրը լուսեղեն: Լսել էր Աստծո որդու կատարած բազում հրաշքների մասին`բնածին կույրին էր բժշկել, այրի կնոջ մահացած որդին նրա խոսքով հարություն էր առել, դիվահարին ազատել էր իր մեջ բնակվող դևերից: Անթիվ ու անհամար էին կատարված հրաշքները,  ու հիմա ինքը  հրաշքի հավատով  փրկություն էր  որոնում, երկրային փրկություն:

Լսել էր Հիսուսի սահմաններ չճանաչող սիրո մասին, որ կարող էր ներել իրեն ուրիշների մեղքերի համար էլ: Ուզում էր հայտնություն լինել թողության պահին: Հավատում էր ուզածին`մնացյալ կյանքն ապրել Աստծո  կամքին հաճո: Հավատն ուժ էր տալիս սրտի ուզածին…

Դռնից ներս մտավ՝ անհուն մի դող սրտի մեջ, վախվորած հայացքը գցելով գետնին,  սպասեց:  Փարիսեցու հյուրընկալ տուն էր, Աստծո որդին  հյուր էր այնտեղ: Հիսուս  նստած էր մեկնած ոտքերով: Մշուշոտ հայացքը բարձրացնելով,  գտավ նրան: Հուսավառվեց` ուրեմն դեռ ինքը կորած չէր: Հիսուսի մեկնած ձեռքի՛ն, որ կնշանակեր առաջ արի, մի՛ վախեցիր, դիպավ սրտխփո՛ցը: Մոտեցավ,  ծնկեց  ու փուլ եկավ լացի պատը: Արցունքի տաք հեղեղ էր սրտում, որ  հորդեց  աչքերից:

 Աղի - աղի արտասվելով, ասես աղաղակում  էր հեկեկող այդ կինը, փորձելով ազատվել հոգուն բեռ դարձած անանուն  քարերից:  

Հիսուսի ոտքերին խոնարհված,  համբուրում էր ու սև, երկար մազերով սրբում տիրոջ ոտքերին թափված իր արցունքի կաթիլները:

-Մարիամ է անո՛ւնս,- կարողացավ ասել և արդեն պարզված հայացքով նայել Հիսուսի բարությամբ խաղաղ աչքերի մեջ, երբ  հանդարտել էին արցունքները: Իր անունը Տիրամոր անունից էր`Մարիա՛մ: Այստեղ ինքը մեղքի բաժին չուներ:

Հիսուսի խաղաղ հայացքից ու ձայնից հասկացավ, որ մերժված չէ իր ապրելու իրավունքը, որ Տիրոջ անսահման  սիրուց  ինքն էլ բաժին ունի: Համարձակվեց փեշի տակից հանել անուշահոտ յուղով մի սրվակ ու խաղաղված  սկսեց օծել  նրա ոտքերը: Մյուռոնվեցին  և իր մտքերը, խիղճն էլ իրեն չէր տանջում: Փրկի՛չը, ով կարողացավ տեսնել իր մեջ ապրող կույսին`միա՛կն էր, մե՛կն էր, առաջի՛նն էր: Այլևս իր մեղքերը ներված էր, իր մնացյալ կյանքը իրենը չէր`պիտի ապրեր Տիրոջը  փառաբանելով: Իրեն պիտի՛ տրվեր Աստծո մինուճար որդու`  խաչյալ Քրիստոսի,  հարությա՛ն ավետիսը առաջինը տալու առաքելությունը:

 Տիբերիոս կայսրին պարզած  սպիտակ հավկիթը,  իր ափի մեջ  պիտի կարմրեր, արնագույն դառնար, որպեսզի անհավատի աչքը  սովորեր հրաշքի,  Զատիկը տոն լիներ արթնության…

 Մինչև զոհասեղան`   խաչի զորությանը հավատալով,  չթողնելով իր արյամբ աղաղակի Տիրոջ խաչյալ մարմինը, պիտի՛ ապրեր աշխարհի աչքից մեկուսի` ծարավն անապատի զսպելով, սամումների մտրակին տրված,  ականջն ավետյաց երկրի կանչին: Պիտի՛  հավատար Տիրոջ գալստյան օրվան, արձակ մազերի ճերմակն այլևս`  իբրև հարսնաքող,  տանջահար մարմնին:

 


Комментариев нет:

Отправить комментарий