вторник, 6 ноября 2018 г.

ՏԵՐԸ ՏԵՂՅԱԿ Է


Մանկության օրերի արձագանքը փնտրող հայացքն անօգ  թափառումից հոգնած երկինք էր բարձրանում`այնտեղ  կարող էր գոնե թևածել գտածի  պատրանքից կառչած: Բայց ինչքան կարող ես ոտքիդ տակն առանց նայելու առաջանալ ու   վիզդ  ձգած մտովի թևածել վերևներում: Ոտքերդ հողոտ են, մտքերդ` ամպոտ: Անցյալի մեջ քաղցրություն ես փնտրում, ուզում ես չթթվել հայացքդ բռնող գորշությունից: Ցորենի արտերն էլ չկան, շեկ հասկերի տեղակ այս ու այն կողմից  թիթեղյա տնակներ են բուսնել`<<դոմիկներ>> են ասում դրանց:

88-ի Սպիտակի երկրաշարժից անտեղյակ չի մնացել բերրի այս հողակտորը, որ հիմա կորել է տրորվող ցեխի ու թրիքի մեջ, ուր արդեն տարիներ շարունակ ոտնատակի  կորչում է նրա փառահեղ անցյալը, նրա արտածուփ երազն ու հեռուն էլ իրենը չէր:

Երկրաշարժից փլված տներն ու բակերը թողնելով, մարդիկ զավթել էին արտերի փխրուն կամեցողությունը, օր - օրի թիթեղյա տնակները ավելանում էին մեկը մյուսի հետևից, մի քանիսը որպես անասնագոմ էին ծառայում: Արտերը կիսվում էին ձորով հոսող գետակին: Ձորից անդին ձգվող կեսը վերևից էր նայում արդեն բնակեցված ցելերին: Հեռավոր սարերն անտեղյակի հայացք ունեին, թեև վաղուց նրանց փեշերի անտառները հատել-վառել էին եկվորները: Էլի գարուն կգա, էլի աշխարհը կծաղկի` հավատը կար ամենուր, ապրում էր աշխարհի հետ :

Ամառվա վերջն էր, ձորի ծոցը լիքը ծաղիկ էր, ձորից անդին էլ կանաչած արտերն էին: Մանուկ օրերին այս տեղերը մի տոպրակ ցորենի շուտ - շուտ էր գալիս: Հսկա արտից մի տոպրակ ցորենի գողությունն ի՜նչ էր, որ  բռնեին ու Անիկին պատժեին:

Երեխա՛ է, երեխությո՜ւն է անում`ասում էին ու իրեն բաց  թողնում: Հեշտ չէին ապրում: Մայրը, որ հիմա չկար` երկրաշարժից հետո շատերը չկային, լավաշ հաց էր թխում` թոնիրը շաբաթը մեկ վառելով: Ծուխը` թոնրատան երդիկից դուրս գալուց առաջ, լացացնում էր մոր աչքերըմի լավ դառնացնելով մոր բաժին օդը: Ինքն էլ անմասն չէր չարչարանքից` հացի գնդերը բացում - տալիս էր մորը: Գնդերը գրտնակելն էլ հեշտ չէր, մանավանդ աղջիկ երեխայի համարԳրտնակելիս   ծնկները  կարմրում էին` այրված մաշկի պես մղկտում: Բոյը չէր հասնում, դրա համար չոքած էր գրտնակում: Երևի հինգերորդ դասարան կլիներ, որ  <գործի>  անցավ: Մայրը հոգնել էր սրա - նրա  օգնությունը խնդրելուց,  <պարտքի>  տակ մնալուց

Ձորի այս կողմում էր Անիկի ընտանիքն ապրում: Ինքն էր ու իր մարդը, աղջինկն էր  ու երկու որդին, հավ ու ճիվ, երկու կթան  կով ու կես տարեկան ցուլիկը: Իրենց տարածքը գծել էին ` տնակների շուրջը երկաթե ձողեր տնկելով ու այստեղից-այնեղից գտած մետաղե ցանցերը  իրար կապկպելով: Թիթեղյա տնակի ներսում միայն քնելու տեղեր էին` ուր նայում էիր, փռած մինդարներ էին, որոնք կեղտոտվելու տեղ էլ չունեին: Այս ու այն կողմի վրա շաղ եկած աման - չաման, օրորվող ոտքերով փոքրիկ մի սեղան` անթիկնակ միակ աթոռով: Քիթը կախ լվացարանի ջուրը լիքն էին պահում, որ երբ սրա  քթին խփեին, վեր քաշելով քիթը  ջուր  լցներ նրանց ափերն իրար բերած բռերի մեջ: Կարգին տնտեսություն էին: Ավագ որդին վաղուց էր հեռացել տնից, գնացել էր իբրև  <ռուսաստաններում> գումար աշխատելու, ամուսնացել էր մի ռուս աղջկա հետ ու հետ չէր եկել: Ասում էր` լա՜վ էլ ընտանիք են կազմել: Հիմա ամուսինն է օրն ի բուն ականջի տակ բզզում` գնա՛մ հա գնա՛մ, դրսում փող աշխատելը հեշտ է: Որ գնար, ինքն ի՞նչ էր անելու երկու անչափահաս երեխաների ու անասունների հետ: Ախր մարդն էլ մի կրակի կտորը չէր` հիսունն անց, ուժը պակասած, ասեին կանգնիր` կանգնում էր, որ չասեին նստիր`կանգնած էլ կմնար: Ծնողներն էին ընտրել փեսացուին: Անիկի սիրած տղան  չամուսնացավ հետը`չուզեց, մի լավ սիրախաղ արեց Անիկի հետ ու..չուզեց: Անիկի ծնողներն էլ  Անիկին իրենց հեռու ազգականի հետ ամուսնացրին: Քանի ամուսնու ծնողները կենդանի էին, լավ էր: Նրանց մահից հետո, Անիկն էլ չուզեց Վրաստան  ապրել: Տուն - տեղ վաճառեցին, եկան հայրենիք, տնավորվեցին: Բայց վերջն էլ աղետյալ դարձան: Անիկի ծնողներն ու եղբայրը զոհվեցին, մնալով  երկրաշարժից քանդված տան փլվածքի տակ: Անիկը մեղավոր - մեղավոր էր գոհանում  Աստծուց` իր մարդուն ու երեխաներին լավ էր բան չէր եղել: Վախ ուներ կորցնելու, դրա համար ուզում էր ընտանիքն իրենից անբաժան լինի: Ավագ զավակին`որդուն, չկարողացավ կողքին պահել`հոգսը խեղդում էր,  ամուսինն էլ`  էդքան խելոք լինելով, վերջն  իր ասածն  արեց`նա էլ  գնաց օտարության մեջ  բախտը փորձելու, խոշոր շահումի ակնկալիք  ուներ: Գիտեր, որ մարդը օտարության մեջ երկարողը չէ, որ դրսերի բան չէ, կմնա մի քիչ ու հետ կգա: Մարդու արտագնա աշխատանքի գնալուց հետո Անիկը հասկացավ, որ նրա տեղը երևում է: Առավոտից իրիկուն չարչարանքը ծով  էր, բայց հետ գցածները <հաց ու փորի> էր:

Մի օր Անիկը ցուլիկին պինդ չէր պարանել`ուժը չէր հերիքել պարանին կապած ձողի ծայրը   հողի մեջ պինդ խրել, սա էլ գլխի ընկնելով, ազատություն էր տվել ինքն իրեն ու տրտինգ անելով փախել էր տնից հեռու: Անիկը տասներկու տարեկան աղջկա ու տասնչորս տարեկան տղայի հետ ոտքով  չափել էր ձորը:

-Մեր ցուլիկին չե՞ք տեսել,- հարցրել էր ում պատահի:

Անիկին որպես <<հավատացյալ>> գիտեին այդ կողմերում` հավաքույթների էր գնում: Ինչքա՜ն էր ամուսինը արգելել, ինչքա՜ն  էր կռվել Անիկի հետ`Անիկը չէր ենթարկվել: Աստծո խոսքը լսելը երջանկություն էր նրա համար: Երկրի վրա նրան գանձեր պետք չէր, երկնքում էր ուզում գանձեր դիզել ու դաշտի շուշանի պես էր ուզում ապրել`ապավինելով Աստծո ողորմածությանը: Սա կատաղության էր հասցնում  հոգածության կարիքն ունեցող Անիկի ամուսնուն: Մի անգամ  ամուսնու տղամարդկությունը բռնել էր ու կատաղությունը գլխին խփել:

 -Քո դաշտի շուշանն էլ, դու էլ,- ասել էր ու որսորդական հրացանը ձեռքն առել: Բանից անտեղյակ Անիկը ընկերուհու հետ ասել - խոսելով հավաքույթից տուն վերադառնալիս է լինում:

-Քեզ ու քո Աստծուն ես ցույց կտամ,- որոշել էր ամուսինն ու կատաղած քաշել   հրացանի ձգանը: Հրացանը չէր կրակել`ամուսնու բախտը բերել էր:Այս դեպքից  հետո ամուսինը  խոնարհ ծունկի էր իջել կնոջ առաջ ու  թողություն աղերսել.

-Քո Աստված զորեղ է,- խոստովանել էր բանից անտեղյակ Անիկին:

Ուրախանալով ու փառք տալով արդեն նաև իր Աստծուն, Անիկի առաջ խոնարհվելով,  ամուսինը հավատքի էր եկել…

Եղելությունն իմանալով կինը սկզբում վախեցել էր, հետո գոհ էր մնացել իր տարած հաղթանակից ու հավատքով փառք էր տվել իրենց երկուսի Աստծուն:

Հիմա էլ էր հավատում.

-Աղոթել եմ ցուլիկի համար`չի՛ կորչելու, կվերադառնա, Տերը՛ տեղյակ է,- աջ ու ձախ, սրան ու նրան մի բերան  հայտարարում էր Անիկը:

-Դե քեզ տեսնե՛նք, քո հավատքի՛ զորությունը տեսնենք,- ոգևորում էին Անիկին լսողները  թաքուն կասկածանքով: Քանիսի հորթն էր կորել, գիտեին էլ ո՛վ է <տեր> կանգնում, ավելի շուտ` գիտեին ովքեր ենՄի քանի հոգով բռնում, գոմն էին անում խալխի փախած անասուններին ու հետո քաշում դանակի`մորթում, միսը վաճառում, գումարն իրար մեջ տեղավորում: Ո՞վ կհամարձակվեր էդ մասին բարձրաձայնել, անուններ տալ: Անողները փողատեր էին, անունով պատվելի մարդիկ, դեռ Անիկենց էլ հեռու բարեկամ էին գալիս:

--Չե՛ն գտնելու, բայց դե կարողա էլի, ինչ կա որ, մե՜ծ աշխարհա,- իրար մեջ փսփսում էին  Անիկին ճանաչողները կիսահավատ:

Երկրորդ օրն էր, ինչ Անիկը երեխեքի հետ չափչփում էր ձորը, վերև -ներքև անում`ցուլիկը  չկար ու չկար:

Ձորով վազող գետակը առաջանալով մի կողմի վրա ճահճացել էր: Կանաչը թաքցնում էր կանգնած ջուրը: Աղջիկը մինչև ծնկները խրվեց տիղմի մեջ: Նրա վախեցած ճիչերը խուճապի մատնեցին Անիկին: Որդին իրեն չկորցնելով գնաց ու վերադարձավ  երկար մի ձող ձեռքին: Աղջկան օգնեցին դուրս գալ ճահճացած տեղից: Մի կերպ քարշ տալով հոգնածությունից ծանրացած մարմինները, տուն հասան: Մութն արդեն ընկել էր: Աղոթելու ցանկություն Անիկին էլ  չէր մնացել`քնեցին: Առավոտ վաղ <դոմիկի> դուռը թակեցին: Առանց հարցնելու ով է, Անիկը բացեց:

-Ձորի մեջ մի ցուլիկ կա պարանած, պապան ասում է եկեք տեսե՛ք, կարողա ձեր ցուլիկնա,- լուր բերողը մի երկու տուն էն կողմ ապրող հարևանի տղան էր:

Թարս ու շիտակ ոտնամանները հագնելով, հետն առնելով ցնցող լուրի ձենից զարթնած երեխեքին, սլացավ իմացած ճամփով:

-Ա՜խր իրիկունը նայել ենք, էնտեղ չէր մեր ցուլիկը,- լսածին չէր հավատում տղան:

Ցուլիկի բառաչը հեռվից ոգևորեց նրանց`իրենց ցուլիկի բառաչին էր նման: Էլ չգիտեին ինչպես արագ վազել, թոքահան անող օդից թուլանում էին ծնկները` բա ո՞ր իրենք իրենց ականջի լսածին խաբվեն….

Ձորի մեջ պարանած, միամիտ արածում էր իրենց ցուլիկը: Աչքներին չէի՛ն հավատում: Որդին բարձրաձայն արտասվում էր ու ոտքով հարվածում նրա կողերին:

-Անասո՛ւն, քո պատճառով ինչքա՜ն չարչարվեցինք, դե՛ կեր, առ քե՛զ, առ քե՛զ, էլի՞ կապդ կկտրես,- գիշերվա քնից բան չհասկացած ու դեռ հոգնած որդին չէր հանգստանում` հարվածներից աջուձախ անող ցուլիկի վրա թափելով զայրույթով քողարկված գտնված ուրախությունը:

-Ես ասեցի չէ՜, ո՛ր Տերը տեղյակ է, ո՛ր ցուլիկը չի՛ կորչելու: Դե թո՛ղ հիմա հարևաններս տեսնեն, ո՛ր ես Աստծո հետ ուղիղ կապի մեջ եմ, ո՛ր ես Աստծո ընտրյալ եմ, շնորհ ունեմ,- ոգևորված աջուձախ խոսում էր Անիկը`ափի՛ մեջ պինդ պահած  ցուլիկի պարանը:

 

Комментариев нет:

Отправить комментарий