суббота, 3 декабря 2016 г.

ՑԵԽՈՏ  ՄԱՐԴԻԿ  ԷԻՆ  ՎԵՐԵՎՈՒՄ
Օրվա գնումներից հոգնած տուն մտավ`տասը մատից մի –մի տոպրակ կախ: Մատներն ասես չափագրված  լինեին`ծանրությունից կարմիր գծվել էին: Դեռ չէր հասցրել hետևից դուռը կողպել, երբ սենյակից ընդառաջ եկավ տղան:
-Խի զանգը չտվիր, ես կբացեի դուռը,- բարյացկամ ասաց տասնհինգ տարեկան որդին և ձեռքի մեջ հավաքելով լիքը տոպրակների բերանները տարավ խոհանոց:
-Ինչ իմանայի տանն ես, բալես,-որդուն ժպտաց մայրը:
-Հա, մամ, քիչ մնաց մոռանայի` քիչ առաջ մի մարդ եկավ մեր տուն: Պտտվեց մեր տան մեջ, մի լավ նայեց խոհանոցի դրվածքն ու գնաց:
-Ինչ տեսակ մարդ էր,- հետաքրքրվեց Շողիկը  մի քիչ վախեցած,- ոչինչ չփոխանցեց:?
_ Չէ, ոչ մի բան էլ չասաց:
-Բա չասեց` ուր են մեծերդ, ինչի համար է եկել:
-Չէ, բան չասեց, բայց ոնց որ կողքի հարևանն էր, ոնց որ ասեց, հա ասեց, որ մեր կողքի հարևանն է,- մտահիշեց որդին ու ավելացրեց`մամ, մեր քեռուն շատ էր նման էդ մարդը:
Հիշեց, որ մի քանի օր առաջ պատուհանից նայելիս բակում կանգնած տեսել էր այդ մարդուն`քաչալ գլխով, տռուզ կառուցվածքով, մաքուր հագուկապով, քառասունին մոտ տղամարդ էր: Առաջին պահին իրեն թվացել էր ավագ եղբայրն է, հետո տեսել էր որ`չէ, անծանոթ մարդ է: Ավելի ուշ իմացել էր, որ նոր հարևանն է:
-Բնակարանի վերանորոգում է անում, երևի ինչոր բան հետաքրքրել է ,- մտածեց Շողիկն ու  նեղսրտեց.
-Տեսնես կպրծնենք դրանից, գլուխներս տարել է  շխկ ու թխկով:
Կողքի հարևանի տնից այնպես էին դմդմբացնում, որ Շողիկին թվում էր հիմա պատը կփլեն:
-Պատ-պատի հարևան ենք, գնամ տեսնեմ ինչ են անում,- մի օր համարձակություն  հավաքած Շողիկը  որոշել էր չամաչել:
Բախտը բերեց, եղբոր նման հարևանը տանը չէր, բանվորներն էին աշխատում: Ասենք տանն էլ լիներ, ինչ պիտի փոխվեր: Կոմպլեքսները մեկ խանգարել, մեկ օգնել են նրան: Բանվորներից իմացավ, որ քիչ է մնացել խոհանոցի պատը քանդեն ու իրենց տուն մտնեն: Անցք են փորել, տեսել են իր տան լույսն ու հասկացել, որ պատը երկտակ չէ, բարակացնելու տեղ չկա :
-Լավ ենք պրծել,- փորձել է  կատակել Շողիկն ու բանվորներին ժպտացել:
Արդեն քանի տասնամյակ ամուսին չուներ`զոհվել էր: Դրանում ինքը մեղք չուներ: Վատ է զգում, որ իմանում են ու իրեն անմարդ կնոջ տեղ  դնում: Բայց ինքը ինչքան էլ ամաչկոտ լիներ, գիտեր որ ուժեղ մարդ է`գոնե պաշտպանվել կարող է:
Հարևանի տնից թխկուշխկը գնալով օր օրի պակասում էր, բաց պատշգամբից կանացի ձայներ էին գալիս: Մի օր պատշգամբից - պատշգամբ ծանոթացավ նոր հարևանի մոր հետ: Հետո բակում հանդիպեցին: Զրույցի մեջ իմացավ, որ նախկինում մանկապարտեզի վարիչ է աշխատել, որ  նրա  որդին պաշտոնյա է, բայց հավակնություն  ունի ավելի բարձր պաշտոնի:
-Տղաս հիմա բաժնի պետի տեղալ է, հենց բաժնի պետ նշանակեն   պատշգամբը պիտի առաջ տանք, մեծացնենք,- մի օր անկեղծացել էր Շողիկին:
Շողիկը երեսանց ցույց չէր տվել, որ չի հավատում: Ախր ով թույլ կտար`  բոլորի աչքի առաջ, փողոցի կողմից  ծռմռել շենքը: Բայց մի օր Շողիկն արթնացել էր առաջվանից էլ ուժեղ դմբոցներից: Կողքի հարևանի համար հաշիվ չէր  նորոգած տան մի սենյակի հատակը նորից քանդելը: Նա գնել էր իր մուտքի  հարթակի բոլոր բնակարաններն ու հիմա փողոցի կողմի երկու բնակարանների պատշգամբները միացնում էր իրար դեպի փողոց մի բան էլ առաջանալով:
Ինչ էլ արագ դարձավ բաժնի պետ,- անցավ Շողիկի մտքով: Բայց հեչ սրտովը չէր հարևանի արարքը: Ախր հիմնական պատին մեծ անցքեր էր փորել տվել, էդ ծանր <<շվելերները>>  մտցրել, մետաղե ամրանները կապկպել, պտտող մոմենտ կա, շենքի թուլանալ կա,- մտահոգվել էր, բայց դե որտեղ բոլոր բնակիչները, այնտեղ էլ ինքը: Մարդն իր համար հարմարություններ էր ստեղծում, խորովածի համար էլ բուխարիկը չէր մոռացել ի ցույց դնել:
-Լավ, փող ունի-ունի, թող գնար աչքից հեռու տարածք առներ, սեփական տուն շիներ,- իրար մեջ նեղվում էին  հարևաններով:
-Չէ, էդպես ոնց կլինի, իրեն պետք է, որ իր միակ տղան եզ չմեծանա, բակի երեխաների հետ շփվի,- կատակել էր հարևաններից մեկը:
-Եզ է որ կա, հաստավիզի մեկն է,- խնդացել էր մյուսը:
-Մինուճար է`էդ մեկն ունի, վախենում է երևի ու դրա համար չի մեկուսանում:
Նկատել էր, որ հարևանի հաստավիզ որդին բակում տղաներով է շրջապատված լինում: Մի օր տեսել էր, որ թաքուն ծխախոտ է բաժանում  գլխին հավաքվածներին:
-Չէ, էդպես ընկերություն չեն անում,- մտածել էր: Հաստատ էդ լակոտին չեն սիրում, պարզապես օգտագործում են: Տեսնես իր հարուստ հարևանն ինչ պիտի անի, որ իրեն սիրեն.
-Գուդ բայ, մայ լայֆ, գուդբայ,- կնոջ համար իր  բաց  պատշգամբում  գիշերվա հազարին քեֆը լավ երգում էր նոր հարևանը: Իսկ իր քունը չէր տանում հազար ու մի տակ հոգսի արթնությունից: Ինչու ինքը ամաչեր, հենց պիտի տաներ ու աղբը շրխկոցով գցեր փողոցում դրված աղբամանը: Չալարեց, վերցրեց ապակյա տարայով լի տոպրակն ու փողոց ելավ: Դատարկ աղբամանից ելնող սառը զրնգոցը դիպավ գիշերվա երեսին: Լավ էր հարևանը հասկացող դուրս եկավ`կնոջն առավ  ու բաց պատշգամբից տուն մտավ: Չէ, նրա բախտը հաստատ չի բերել, որ իր նման սիրտը կոտրած հարևանուհի ունի: Լուրեր են պտտվում, որ նորանշանակ քաղաքապետը նրա դասընկերն է եղել: Ասում են` համատեղ բիզնես էլ ունեն, ասում են նաև, որ ժամանակին սրան ազատել է ունեցած հսկա պարտքերի բեռից: Հիմա իր մտքովն էլ էր անցնում հարևանին դիմել աշխատանքի տեղ գտնելու համար: Հետո փոշմանեց`անիմաստ էր: Մի օր որոշեց տունն առաջարկել նրան`գուցե իր տունն էլ գնի,  էդպես գոնե իրեն օգնած կլիներ` տղաներն ընտանիքներով կառանձնանային: Պատասխանը միանշանակ ոչ էր եղել: Նույնիսկ վաճառքի գինը չէր հարցրել:
Իր նմանները պիտի կռանան, կռանան հոգսի բեռի տակ, որ  էլ չկարողանան գլուխները վեր բարձրացնել, մեկի աչքի գերանը տեսնել, մեկելի աչքի վերևի հոնքը: Երևի հարևանին ուրախացրեց իր խեղճ վիճակը, գոնե չիմանար: Ոնց կուզենար, որ դիմած չլիներ: Ախր հիմա նա հաստատ գիտի, որ իրենց տեղը նեղ է:
Մի օր էլ բակում շինարարական եռուզեռ սկսվեց: Ինչ որ մեկի երկաթե ավտոտնակը հայտնվեց բակի կենտրոնում, իսկ նրա տեղը փորող մեքենա էր աշխատում: Թվում էր, թե նախկին թիթեղյա ավտոտնակի չափով կառուցվում է քարե ավտոտնակ: Բայց  դրված պատը  երկու մետրի չափով  մտել էր խաղահրապարակ: Հետո երկրորդ ավտոտնակը տեղից բարձրացվեց, էլի պատ դրվեց: Էս նոր պատն էլ մեկելից երկու մետր ավելի քիթը խոթեց դեպի  խաղահրապարակ:
-Էս ինչ են կառուցում, ով է սրա  տերը,- հենց այնպես հարցրեց շենքի բնակիչներից մեկին:
-Դու կիմանաս, քո մոտիկ հարևանն է, մենք ինչ իմանանք ինչ է կառուցում,- այնպես էին թթվել վրեն, որ Շողիկը վատ էր զգացել հարցնելու համար:
Հարց ու պատասխանից հասկացել էր, որ էս ամենը բնակիչների սրտովը չէր: Ամբողջ բակը շինհրապարակի էր վերածվել, փոշուկեղտի մեջ կորչում էին խաղացող երեխաները: Որ հանկարծ քամի էլ ելնում էր`մեծերն էլ էին տուն փախչում:
-Տեսնում ես ինչ է անում,- մի օր ասաց դիմացի հարևանուհին,- Էս չորս- հինգ շենքի բնակիչների աչքի առաջ:
Իրենց բակը շենքերով շրջափակված էր, փողոցից կտրված, բիզնեսկենտրոններից հեռու, խախանդ:
-Էսքան մարդու  աչքի առաջ,- շարունակեց հարևանուհին,- բոլորին արհամարած ունի, թքած ունի: Թվում է, թե պիտի ուրախանանք, որ երկհարկանի` սիրուն, մեծ առանձնատուն է լինելու բակի էս փտած ավտոտնակների տեղում,- շարունակեց նա,- բայց կատաղում եմ: Սա ինչ անելու բան էր: Համայնքի ղեկավարը ավտոտնակների տերերին մեկ-մեկ իր մոտ է կանչել: Պատկերացնում ես`տասներեք ավտոտնակ քանդվել է:
-Ափսոսում ես, որ դու էլ ավտոտնակ չունեիր,- հարցրել էր, երբ հարևանուհու ձայնի մեջ ափսոսանք էր որսացել:
-Ուզում էի էդ ավտոտնակներից մեկը գնել, վերևիս հարևանուհին լեզվիս տակն իմանալով գործիս խփեց` ինձանից առաջ ընկավ, ինքն առավ: Հիմա որ գնած լինեի, ամեն ինչ այլ կլիներ:
-Չէիր վաճառի հարևանիս,- կասկածանքով հարցրել էր նրան:?
-Չէ, անօրենին կկանխեի:
-Երկու ծայրերի ավտոտնակները ոնց է եղել, որ մնացել են: Գումարին չեն ?գայթակղվել,- խոսքը փոխել էր Շողիկը:
-Էս ծայրինը չգիտեմ, բայց էն ծայրինի տերը յաման խորամանկն է: Ասում է սեփականաշնորհած է: Մեկ էլ տեսար պետությունը դրա  տեղը բնակարան տվեց: Չէ, հլա դու դրա խելքին նայիր, հատած հանգած ջանին ու պառավ հալին մի նայիր:
-էդ ով, է,- տեղը չբերելով հարցրեց Շողիկը:
-Բակում մեկը կա է, տեսած կլինես էդ տղային`համ աջ է կաղում, համ ձախ:
-Հա, ոնց չէ, տեսել եմ: Շատ տհաճ երևույթ է: Բա որ մեկ-մեկ տղությունը բռնումա`կնանոնց ետևից ռեպլիկներ է գցում:
-Իսկը բնության ծաղր է: Աչքերը`շլդիկ, մեջքին`սապատ: Քայլելիս էլ աջ ձեռքը օդում այնպես է տանում բերում` ասես քամի է որսում: Էդ վիճակով  ոտի հետ էլ պլաստմասե շիշ ու միշա տշում…
-Լսիր, դրա մայրը  լավ է մտածել: Հա, թող իրենք տուն ստանան,- բարիացավ Շողիկը:
-Հա, բայց իրենք դիմացի շենքում բնակարան ունեն:
-Ոչինչ, թող երկրորդն էլ ունենան:
-Չէ, ես ինչն եմ ասում`դրա պառավ մոր խորամանկությանը նայիր:
-Էն մեկել ավտոտնակի տերը պապիկ է, զինվորական օդաչու է եղել,- շարունակեց Շողիկը հարևանուհուց ավելին իմանալու ակնկալիքով:
-Հա, ամուսինս իրեն շատ է հարգում, հետը ընկերություն է անում, երեկոները գնում շախմատ ու նարդի են խաղում:
-Հա, կարգին պապիկ է: Բակի ցայտաղբյուրը ինքը նորոգեց, պտուտակ դրեց, որ ջուրն անտեղի չհոսի: Էս անօրինական շինարարության հետ կապված շատ էր նեղվում, ասում էր քառասուն տարվա <<լյոտչիկա>> եղել, շքանշաններ ունի, բայց հլա իրեն ապրուստին, հլա սրան:
-Ի, էդ շքանշանները`հեչ: Պապս դրանց ասում էր`ջիբումդ օդ են բաց թողնում,- խնդմնդաց հարևանուհին:
-Բան չհասկացա,- զարմացավ Շողիկը:
-Ինչ կա չհասկանալու`գրպանդ դատարկ է, ձեռքդ փող չեն տալիս, շքանշանը կշտանալիք չէ:
-Հա, պարզ է: Էս մեր քառասուն տարվա օդաչուի ստաժ ունեցող պապիկին
հարցրի, թե ինչու բողոքի ձայն չի հանում: Ասաց` ում ասի: Ինչ իմանա, որ ձեն հանի, էդ անօրենը ինչ կանի: Կարողա ամբողջ բակի սեփականաշնորհման թուղթ բերի ու հլա մի բան էլ ինքը մեղավոր դուրս գա:
-Լսիր, բա որ մի օր արթնանաք ու տեսնենք որ բակն իրոք սեփականաշնորված է,-մտահոգվեց հարևանուհին: Ամբողջ խաղահրապարակը ապամոնտաժվել է`ոչ ճոճանակն են թողել, ոչ սղարանը: Ձիուկի համար էր թոռս բակ իջնում, չկա, հանել են տարել: Հետոյի մասին էլ է հոգացել, որ երեխաները չխաղան բակում, աղմուկ չլինի:
-Չէ, սա էսպես չի մնա: Մի օր դրանից խելոքը կգա ու ձեռքից կառնի արած - դրածը,-հետո ավելացրեց`իրենից ավելի անօրենը հո կգտնվի,- տխուր ժպտաց ինքն իր ասածից:
Բակ իջան: Կառուցվող շենքի կողմը հայացքը չէր ուզում թեքել: Ցայտաղբյուրի մոտ ջուր խմող տղա երեխաներ կային`սիրալիր բարևեցին:
-Հեյ, շուտ արեք, ջուրը միացրեք,- վեր բարձրացած երկհարկանի շինության վրայից զայրացկոտ  ձայնեց վարպետը:
Երեխաները հանցավորի պես խառնվեցին իրար` ձեռքից ձեռք տալով ռետինե խողովակը` փորձելով հագցնել ցայտաղբյուրի բկին:
Ցայտաղբյուրին միացված  ռետինե  խողովակով հոսող ջրի  հետ հայացքը վեր բարձրացավ`  ցեխոտ մարդիկ էին վերևում….












Комментариев нет:

Отправить комментарий