суббота, 3 декабря 2016 г.

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՄ
Սիրտս փորիս մեջ կտոր-կտոր է լինում,- մրմնջալով  մղկտում է Հերիք տատն ու երեսն ինձանից թեքում, որ աչքից գլորվող արցունքը չտեսնեմ:
-Սրտիս որ դանակ տան`արյուն չի գա,- փորձում էր հավաստիացնել նա:
-Շատ մի հուզվեք,- ասում եմ,-Աստված մեծ է, լավ կլինի: Համ էլ`որտեղ հաց, էնտեղ կաց:
-Էհ, ինչ իմանամ, դրսի կանչը զորեղ է, կարծում ես օտարության մեջ յուղ ու մեղր են բաժանում,- ասում է ու հարցական հայացքը թեքում դեպի  ինձ:
-Ջահել են, մի գործ կանեն, գումար կաշխատեն, կլավանան ու էլի ետ կգան տուն,-փորձում եմ հուսադրել նրան:
-Հա, բա ոնց, օտարների շաղ տված դոլարները սպասում են, որ հավաքեն ու գան,-հոգոց  է հանում Հերիք տատը:
Մի տարի էր տղան Մոսկվայում է, հարսն ու թոռնիկը` Երևանում: Մեղքը հարսից գալիս էր: Ջղային էր դառել հարսը, հետը խոսել չէր լինում: Գոնե աշխատանք ունենար`  ներս ու դուրս կաներ: Գոնե օրը հետաքրքիր կանցներ, գոնե մի ընկերուհու տուն գնար, որևէ ներկայացման  կամ համերգի: Չէ, էրեխու դասերն ու տան հոգալու հոգսերն էին: Ախր ջահել էր, դրանից էր խեղճանում երևի: Հարսը թոռան   հետ Հայաստանում էր մնացել, որդին`ռուսաստաններում: Հացի խնդիր էր`կնոջ ու երեխայի խաթեր տղան չոր քարին էլ լիներ`պիտի գլուխը դներ:
Շատ ժամանակ Հերիք տատի հաց ուտելն էլ չէր գալիս, երբ միասին հացի էին նստում: Հարսը հրաժարվում էր հացից, իր ախորժակն էլ էր փակվում: Հիմա տղան տուն է վարձել, մի ամիս առաջ կնոջը կանչեց, տարավ:
Հարսի ու թոռի բաժանումը երկնքի փլվելու էր նման: Երեխան ինչքան էլ զսպեց –զցպեց իրեն, բաժանման պահին չկարողացավ`հեծկլտաց.
-Իմ մայրիկը մինչև հիմա  ինձ մի օրից ավել չի թողել, ես առանց մայրիկ չեմ կարող ապրել,- հեկեկում էր ութ տարեկան թոռնիկը…
Խոստումներով հանգստացնում էին երեխային, թե` էսօր-էգուց է`կուղարկեն ծնողների մոտ:
-Գնամ տեսնեմ ոնց է, ես էլ մի աշխատանք գտնեմ, նոր երեխային դպրոցից կհանեք,-պատվիրել էր հարսը…
Ամիս ու կես կլինի, ինչ թոռն իր մոտ է մնում: Հարսը զանգել է, աշխատանք է գտել ` թոռնիկին արդեն  պիտի ուղարկեր:
-Էլ մայրենի լեզվով չպիտի կարդա ու գրի թոռնիկս,- մղկտում էր Հերիք տատը: Ախր շատ խելացի է, լավ էլ սովորում է: Մեկ-մեկ էնպիսի խելոք բաներ է ասում, որ զարմանում եմ: Ինձ թվում է, թե իր բերանով իմաստուն մեկն է խոսում: Բա էսպիսի էրեխուն հայրենիքից կհանեն,- չէր դադարում Հերիք տատը:
-Բան չկա, մի օր ճանաչված ու մեծ մարդ կդառնա, Հայրենիքը կիմանա, կհպարտանա,- կես կատակ` կես լուրջ ասում եմ ես:
-Ոնց չէ, կասեն մերնա, մեր հայնա,- բորբոքվեց Հերիք տատը: Ռուսները հարսիս վրա զարմանում են, որ մանկավարժի կարմիր  դիպլոմով համաձայնել է մանկապարտեզում դայակ  աշխատել…
Ոչինչ, երևի հայրիկի գործը շատ ավելի լավ ու շահութաբեր է: Կարևորը` ընտանիքը հավաք կլինի, հայրիկն էլ, մայրիկն էլ թոռանդ հետ կլինեն,- փորձում եմ լավ տրամադրություն հաղորդել ես:
-Հա, էդպես լավ կլինի, ծախսն էլ մի տեղ կլինի: էստեղի վարձով տունն էլ երեկ հանձնեցինք: Թե չէ էստեղ վարձ տար, էնտեղ վարձ տար խեղճ էրեխես,- հոգոց է հանում Հերիք տատը մտահոգ `կարծես խաղաղվելով:
Օրը կիսվել էր արդեն, երբ դպրոցից տուն եկավ թոռնիկը:
-Տատի, էլի լացում ես,- նայելով տատի դեմքին նեղսրտեց նա:
-Չէ, չեմ լացում, ջանիդ ղուրբան,- աչքերը սրբելով փորձեց ժպտալ տատը:
-Տատ, գիտես, ես այնտեղ նորից  երկրորդ դասարան եմ նստելու: Մայրիկն ասում է, որ այդպես ինձ համար հեշտ կլինի: Իմ անցած դասերը պիտի նորից սովորեմ:
-Ոչինչ,  թե մի տարի ուշ ավարտես էստեղի քո դասընկերներից, բան չկա,-հուսադրում է  տատը ու ավելացնում,- իրիկուն-առավոտ ծնողների մոտ գնալուց է խոսում:
Ես նայում էի Հերիք տատի փոխված տրամադրությանը`թոռան տուն գալու հետ ժպտում էր, աշխուժացել էր: Թոռան սիրած հաց ու ջրով  սեղանն էր բացել:
-Իրեն ուզածը թե չեղավ, հաց չի ուտի,- դեմքիս նայելով մեղավոր-մեղավոր ասաց Հերիք տատը: Մեծ ուտող էլ չի, հա, էնքան որ,- ձգեց նա:
-Տատ, գիտես,- հանկարծ ոգևորված ձայնեց կշտացած թոռնիկը,- որ մեծանամ, ես ետ եմ գալու  Հայաստան ,  հայկական բանակում պիտի ծառայեմ, մամային ու պապային էլ եմ ասելու….
Հեռուստաէկրանին անցած օրվա զինվորական շքերթի շքեղ տոնակատարության  կրկնությունն էր…..






Комментариев нет:

Отправить комментарий