вторник, 9 сентября 2014 г.


Բանականությունս նման է պառավ ու չար  կնոջ, ով  այլևս  ոչ սիրո է ընդունակ, ոչ`ծնելու: Երբ մեռած այրու մեջ հանկարծ  արթնանում է կինը, բանականությունս աչքի  առջ է բերում անցյալի բոլոր սխալները, բոլոր  մեղքերիս համար քավության է կանչում, չի խնայում արտաքին թերություններս, ոգեկոչում է իմ առաջացած տարիքը: Ականջներիս  մեջ դժժոց  է սկսվում ու խլանում է սիրո մեղեդին:
Ու կրկին ես սպանում եմԱրթնացումներս  արդարացում  չունեն:

*****   ******
Աստված տվեց ազատ կամք, բայց իմ ազատությունը կարևորեց իրենով: Ուզում եմ գալ աշխարհ, թե` ոչ, ինձ չհարցրեց, Ինքը կամեցավ: Ծնողներիս առաջնեկն եմ: Բայց` չէ,  դա այնքան էլ այդպես չէ: Մորս առաջին հղիությունը տղա էր `նա չծնվեց: Եթե նա ծնվեր, ես չէի լինի: Մինչդեռ ես միշտ ցանկացել եմ հաջողակ լինել ոչ ուրիշների անհաջողության հաշվին: Հիմա հասկացա, որ այդտեղից է գալիս իմ այս ցանկությունը:
Մորս կրծքի տակ արդեն շատ սիրեցի կյանքը: Իմ գոյով պայմանավորվեց ծնողներիս ընտանեկան կապի ամրությունը, ինձնով արդեն երջանիկ էին: Նշան կա իմ մեջքին`մորս մատնահետքերն են: Հղի ժամանակ Ս.Նշան ուխտի է գնացել`երազում պատվիրել են այնտեղ մոմավառություն անել: Ս. Նշան  մատուռի սարը բարձրանալիս, հոգնած մայրս ձեռքը երեսի մասով սեղմել է մեջքին`մատնահետքերը իրենց կնիքն են թողել:
Լսել եմ `կանչվածները շատ են, ընտրյալները`քիչ: Չգիտեմ, շատերի մեջ եմ, թե`քչերի: Երբ մի քանի ամսեկան եմ եղել, մորս ականջին է հասել, որ երկրաշարժ պիտի  լինի: Ծառի ճյուղից ճոճք է կապել մայրս ու ամբողջ գիշեր իմ բարուրից չի հեռացել: Գարնանամուտ է եղել, բայց դեռ սառը եղանակ: Ես ու մայրս հիվանդացել ենք: Հետո Աստված գթացել է երկուսիս էլ, ու ով գիտե, գուցե այդ գիշեր, բաց երկնքի տակ` ինձ պոետ կնքել: Ես չգիտեի, որ մի օր գոնե մեկ լուրջ բանաստեղծություն կգրեմ: Իսկ լուրջ բանաստեղծություններ սկսել եմ գրել արդեն երկրաշարժից հետո, երբ ես  որդիների մայր էի`երկուսին ունեի, երրորդին էլ հոր  զոհվելուց երկու ամիս անց ունեցա:
Առաջին գիրքս`<<Առաջին համբույր>>, իմ աղջիկն է, ում այրի էի արդեն, որ ունեցա: Հետո էդպես այրի-այրի էլի  <<աղջիկներ>>  ունեցա: Հետո  <<Պինգ Վին>>-ս ծնվեց`հրաշամանուկ, որովհետև մանուկների համար է, ու որ մեծերն էլ հիշեն իրենք իրենց: Հետո <<Արևային Անձրև>> է  լինելու` մանկական  իմ նոր գիրքը:
Տոնի սպասում էլ ունեմ`<<ԻՆՁ  ՏՈՆ ՆՎԻՐԻՐ>>, կարճ ու հանգավոր տողերով, ինչքան ձգվի այս գրքիս տպագրությունը, այնքան կավելանան նոր էջերը:
Մտածում եմ, որ իմ կամքով եմ անում, ինչ անում եմ: Հետո կասկածում եմ`ախր  դա ընդամենը թվացյալ է: Կամ ուղիղ  կամ կոր գծով է եղել իմ ճանապարհը, բայց նույն տեղն եմ գնացել, ի վերուստ կանխամտածված,  ընդհանուր շարժման մի քվանտ էներգիայի կրողն եմ պարզապես: Շատ կուզենամ ինձ պահել իմ բաժին Աստծուն, բայց նա գնալով հեռանում է ինձնից`ճամփի նման: Առողջությունս, երիտասարդությունս ու էլի  շատ լավ  բաներ հեռանում են ինձնից, առանց հարցնելու կամքս:Կյանքն ինձ լքում է կաթիլ-կաթիլ: Չեմ ուզում պատերազմել ինքս ինձ հետ, իմ բաժին Աստծո հետ, իմ ժամանակի հետ….
Չեմ ուզում հաշտ լինել մահվան հետ, բայց մեռնելու մտքից անբաժան եմ ապրում: Մահվան հետ հաշտությունը, երևի, մահից հետո է կնքվում: Ապրելու տենչից կախված`կորցնելու ահով կյանք, ում է պետք: Ինքնասպաններն էլ  չուզենալով են գնում մահվան`հոգնում են ականջի ետևում  երկար հանդուրժել իրենց մահին: Ինքնասպանության միտքը անկախ կամքին հանգիստ չի տալիս:
Ուզում եմ այնպես մեռնել, որ չծանրանամ ուսերի : Մեռնելուց հետո ես չեմ ուզում, որ ինձ բարձրացնեն…..




Комментариев нет:

Отправить комментарий