среда, 10 сентября 2014 г.

Չգիտեմ,մարդ կարող է իր ճակատագիրն ինքն ընտրել`ճամփի նման:Ճամփի,որ գալիս ու ընկնում է ոտքի տակ ու գնալով հեռանում է... Տիրոջ պես:
78-79ուս.տարին  նվեր տվեց առաջին ուսանողական օրը, հետո` էլի օրեր…
Ես, գյուղում մեծացած աղջկան բնորոշ երկչոտությամբ,   ուսանողական նստարանին նստած,   թաքուն հետևում էի ձեր երկուսին: Ձեր բառ ու բանի  մտերմությունից հասկացել էի, որ ընկերներ եք : Երկուսդ էլ  հետաքրքիր էիք, առանձնահատուկ: Համենայնդեպս, ես ձեզ մյուսներից  առանձնացրել  էի: Դու  երկար ,կարմիր շարֆ ունեիր վզիդ գցած: Շարֆի մի կեսը ժամանակ առ ժամանակ ուսիդ վրայով ետ էիր շպրտում`հպարտ կեցվածք ընդունելով:
Նա …ես նրան շարֆով չեմ հիշում: Դու` սիունատես, մի քիչ լիքը կառուցվածքով երիտասարդ էիր: Նա` գանգուր մազերով, ձիգ կառուցվածքով, սլացիկ մարմնով…
Նա քայլում էր այնպես, ասես սահեր  ջրերի վրայով: Դու գեղեցիկ էիր անթերի,Նա  …Նրա նշաձև աչքերը շլություն ունեին: Նա իմ ճակատագիրը չէր, դու էլ իմ ճակատագրով ընտրյալը չէիր: Նրա անունը միշտ վախով էի տալիս, վախենում էի շուրթերս այրվեն, վախենում էի վնասեմ նրա անունը: Նրա անունը այդպես էլ սովորական   չդարձավ ինձ համար:
Պատահում էր երթուղային ավտոբուսի մեջ կանգնում էինք կողք կողքի, պատահական էր ստացվում??չգիտեմ, նրա <դակած> տալոնները պահում էի տետրերիս մեջ`չորացած ծաղկաթերթերի պես: Թե ազատ դասաժամ էինք ունենում, մենականում էի որևէ ազատ լսարանում: Գալիս, գտնում էր ինձ, իսկ ես նրան թույլ չէի տալիս կարճել մեր միջև եղած տարածքը: Կոպիտ խոսքով նրան հետ էի հրում դռնից`քողարկելով   նրա հանդեպ ունեցած իմ  սրտի լիքը քնքշությունը: Կոպտությունս սարքովի էր`Նրան ինձնից  պաշտպանելու համար էի անում: Սիրտս դրանից ցավում էր,աչքս թաքուն արտասվում էր, ինչպես հիմա, բայց ոչ մեկը չգիտեր, ոչ մեկը չէր տեսնում: Ինքն էլ չիմացավ…
Վարդիշաղն էլ չգիտեր: Մենք մտերիմ  ընկերուհիներ էինք, բայց ես նրան չէի բացվում: Մի օր Վարդիշաղն ինձ իրենց տուն հրավիրեց`Խիմզավոդ, երևի դու էլ եղած կլինես նրանց տանը: Նա եղբայր չուներ` քույրեր էին: Ես նրանց տանը երկար չէի կարող մնալ`մեր գյուղը գնացող ավտոբուսից կուշանայի: Վարդիշաղը հարցեր ուներ ինձ տալու`հետո հասկացա:
-Մեր խմբում կա մեկը, ում դու սիրում ես,-հարցրեց Վարդիշաղը զգուշորեն:
-Չէ,-ասացի,-հազիվ դասերս եմ հասցնում, էդ մասին չեմ մտածում,-ստեցի ես, աշխատելով բնական երևալ:Վարդիշաղն ասես դրան էլ   սպասում էր.
-Ես Վանոյին ախպոր չափ սիրում եմ,-անմիջապես վրա բերեց  Վարդիշաղը:
Նա այդ <ախպոր չափ-ը> այնքան խորքից ու լիքը ասաց, որ ես հիմար պիտի լինեի չհասկանալու համար: Վանոն հիվանդության պատճառով դասի չէր գալիս: Հաջորդ օրը իմացա, որ Վարդիշաղը նրանց տուն էր գնացել: Նա հազար ու մի պատրվակ էր գտնում  Վանոյին մոտ լինելու համար: Վարդիշաղն այլևս ընկեր ու ընկերուհի ուներ Վանոյին: Իսկ ես տարօրինակ մարդ եմ`տանջվում էի յուրովի: Վանոն իմ ճակատագիրը չէր, ես Վանոյի ճակատագիրը չէի: Ես չէի կարող, իրավունք չունեի  ցավ պատճառել Նրան, բայց տառապանքով էի լցրել իմ սիրտն ու հոգին: Նրանց երկուսով տեսնելիս մեռնում էի ասես, հոգիս հանգիստ չէր մնում մարմնումս`աչքը ճամփի էր, ականջը`ձայնի: Մի օր ինքնամոռաց  Վ տառ էի փորագրել թևիս վրա: Խոր վերք էր բռնել, երբ փորագրելուց հետո տեսա: Պետք էր աչքից  թաքցնել այդ տառը`թաշկինակով կապեցի թևս: Քույրս նկատել էր: Լվացքի տաշտակը դրսում դրած շորերս էի լվանում: Քույրիկս իմ վրա  չարախնդում էր, դրանով չբավարարվեց:
-Մամ, հլա ասա թող էդ թաշկինակը հանի թևիցը,-դիմեց մորս:
Մայրս, որ խոհանոցի դուռը բաց հաց ու խմորի հետ էր, բանի տեղ չդրեց քրոջս ասածը:
Իսկ իմ սիրտը` վիզը պոկած հավի պես, վախից ու ամոթից  թպրտում էր: Շնորհակալ եմ մորիցս` քրոջս  ուզածը չարություն էր:
Ես վերացել էի աշխարհից` լցվելով ունայնությամբ: Մեր տուն խնամախոս էին գալիս`ինձ համար մեկ էր, թե ծնողներս  ինչպես կվարվեն իրենց տասնութ տարեկան աղջկա հետ: Հարսանիքիս հաջորդ օրը արցունքի գետ էի դարձել`արտասվում էի անկախ ինձանից, Մարո էի դարձել`մեր տունն էի ուզում, ծնողներիս էի ուզում: Մորս բերանը բաց չէր լինում`միտքը մոլորվել էր: Ես մաքուր էի, բայց անունի հարց կար` կարատավորվեր բոլորիս անունը`ծնողներիս խնայեցի, բոլորին խնայեցի:
Մնացի, իմ ամուսինն էր իմ ճակատագիրը…
Տարեկետում վերցրեցի ու էլ ձեզնից խաբար չունեցա: Մի օր հանդիպեցինք`դու, Վանոն, ես: Ավտոգենմաշում էր իմ ավարտական պրակտիկան: Դուք արդեն ավարտել  ու աշխատում էիք այնտեղ : Կուրսից մի աղջիկ էլ կար աշխատող`պատմեց, պատմեց Վանոյի ու Վարդիշաղի սիրո մասին, անընդհատ կրկնելով`այդպիսի մեծ սեր, որ ինքն այդպիսի մեծ սեր դեռ  չէր տեսել, ու թե ոնց էր Վանոն խենթացել Վարդիշաղի համար, հերթապահել Վարդիշաղենց շենքի մոտ խռոված ժամանակ, թե ինչ է մի անգամ տեսնի նրան: Իսկ Վարդիշաղը թողել էր Վանոյին, սիրել էր ու թողել, իբր` ծնողին լսելով,իբր բան չէր էլ եղել: Վարդիշաղը երևի հենց այդ ժամանակ էր իմացել, որ Վանոն իր ճակատագիրը չէ:
Դուք լավ ընկերներ էիք`անբաժան….
Ես ուրիշ խմբում ավարտեցի ուսումս, դիպլոմս ստացա ու տեղավորվեցի աշխատանքի` հեռու ձեզանից:
Ամուսինս կարգին մարդ էր`բախտս բերել էր: Ինձ վերաբերվում էր ինչպես մեր երեխաներին կվերաբերվեր: Բայց….Բայց նա զոհվեց երկրաշարժից, մեր երրորդ որդու ծննունդը չտեսնելով:Ես…ես մեռա… իմ ճամփին անթաղ թողնելով հասմիկների: Հիվանդացա, լավացա, խելագարվեցի…փոխվեցի, չգիտեմ ինչքանով, բայց փոխվեցի,մի քիչ մեծացա, կոշտացա, մի քիչ քարացա, բայց էլի  ձեզ չմոռացա…
Տարիներ անց, երբ  գործերով ձեր քաղաքում էի, մտքիս մեջ Նա էր: Քայլում էի ձեր քաղաքի մեզ ծանոթ փողոցով ու հայացքով Նրան փնտրում: Սպասումս արդարացավ մասնակի, երբ հանկարծ մեր կուրսի Անահիտին հանդիպեցի: Գիտես Անահիտին`խոշոր աչքերով, որ ինչքան էլ շուրթերը ժպտային ,աչքերի մեջ տխրության լուր կար: էն Անահիտին,որ սիրած տղան մահացել էր  դպրոցում` ֆիզկուլտուրայի դասին սայթաքել ու բարձրից ընկել էր….
Հեռվից եկա` ասացի, խոսեցի, հետո Վանոյից հարցրի:
-Չեք տեսնվում, ինչ է անում,-հարցրի:
Անահիտի աչքերը ավելի խոշորացան ու զարմացան հարցիս վրա.
-Վանոն մահացելա, չգիտեիր:
Չեմ ասում ինչ զգացի:
-Ավտովթարիցա մահացել,-շարունակեց նա` չսպասելով, որ  խոսեմ:
Հիմա չեմ հիշում 90,91թե 92թիվ ասեց, որ թվականին`չեմ հիշում, ասեց մահացելա, իսկ ես Նրան էլի էի փնտրել ձեր քաղաքի փողոցներում: Հետո ասաց, որ Վանոն տղա ունի իրեն շատ նման: Հետո շտապում էր`գնաց Անահիտը: Իսկ Վանոյի տղան, իրոք, նման էր  իրեն: Ես մի ուրիշ օր տեսա այդ տղային, բայց նա առանձնահատուկ չէր, ինչպես Վանոն, եթերային չէր, ինչպես Վանոն: Սովորական էր ` բոլոր մարդկանց նման սովորական….
Սա նամակ է, որ պատրաստեցի անժամանակ: Սա քեզ հետ զրույցի միակ հնարավորությունն էր: Գիտեմ, որ հաճելի չէր, վատ և անցանկալի էր քեզ համար` հիշողությունների դժոխային քո բաժնեմասի տեղն անիմաստ ասելը: Ներիր, թեկուզ շարունակելով …ատել`ուզեցա իմանաս, որ ես Վարդիշաղի պես Վանոյին չեմ դավաճանել:
Այս նամակը  ուղարկելուց հետո`   ինչ կզգամ, չգիտեմ:
Քո պատասխանից հետո, ասեմ թե ինչ զգացի. Ուրախացա, որ միտքդ կենտրոնացել է իմ սխալների վրա: Ուրախացա, որ մի քիչ, քիչ եմ ցավ պատճառել` քո ցավոտ տեղին դիպչելով ախր դուք իմ ու Վարդիշաղի պես չէիք մտերիմ, դուք լավ ընկերներ էիք...
Դու նամակ ուղարկեցիր`իմ գրած նամակում տեղ գտած սխալների դիտողությամբ…

Комментариев нет:

Отправить комментарий